Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՑԵ ԼՌԵ՞ԼՆ Է ՃԻՇՏ

Դեկտեմբեր 17,2005 00:00

Ինչպես երկու հրաշալի աղջիկ, նստած հեռուստակենտրոնում՝
ստիպված էին լսել մարդկանց, ովքեր խճճվում էին «հասկացության» եւ «հասկացողության»
մեջ: Ինձ՝ շահախնդիր հեռուստադիտողիս, պարզ դարձավ, որ աղջիկները, ովքեր ֆուտբոլ,
հետեւաբար՝ նաեւ հանդբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ են խաղում, ամենեւին էլ աղջիկներ չեն՝
տղաներ են: Եվ, ընդհանրապես, մրցակցային ոգին աղջկան առնականացնում է, «աչքերը չարանում
են», մազային ծածկույթ է առաջանում, ձայնը խռպոտում է, մի խոսքով՝ իսկական «Շարիկով»
են դառնում: «Եվրախորհրդից նետված» բոլոր թեմաները սպառված են «Բաց նախագծի»
կողմից: Երբ ասելիքը վերջանում է, գուցե լռե՞լն է ճիշտ… Միջնադարի ճիզվիտական
դատարան հիշեցնող հաղորդումը, հագեցած ժամանակակից հասկացություններով (ոչ հասկացողություններով),
բնավ չփոխեց իրական բովանդակությունը՝ դատը: Սեռափոխությունը սեփական սեռին
դավաճանելն է, որի ականատեսն էլ եղանք: Բայց ֆուտբոլիստ աղջիկները չդավաճանեցին…
Իսկ «դատավորի» «տաբուլա ռազայի» վրա թող գրվի. . աղջիկները ֆուտբոլ խաղացել
են դեռեւս 2000 տարի առաջ՝ Հին Չինաստանում, . նույնիսկ արմատական իսլամի
երկրներում աղջիկները ֆուտբոլ են խաղում, . վերջին երեք տարիների Իսլանդիայի,
Իռլանդիայի, Ֆինլանդիայի եւ Իսրայելի գեղեցկուհիների մրցույթը շահել են գործող ֆուտբոլիստուհիները,
. 4,5 միլիոն բնակչություն ունեցող Նորվեգիայում ֆուտբոլ է խաղում 104 հազար
աղջիկ, Շվեդիայում՝ 350 հազար, Գերմանիայում՝ 1 միլիոն, ԱՄՆ-ում՝ 3 միլիոն… .
կանանց ֆուտբոլը օլիմպիական մարզաձեւ է, . Հայաստանում ֆուտբոլ խաղում է ընդամենը
60 աղջիկ, հետեւաբար՝ «փայլուն» կերպով ընտրված թեմայի նշանակությունը հետեւյալն
է. ասեղի ծայրին քանի՞ սատանա կտեղավորվի՝ 33, թե՞ 333: Ասեմ նաեւ, որ մեր
ֆուտբոլիստուհիները երկրպագուների պակաս չունեն, սիրահարվում, սիրում, ամուսնանում
են ու իրենց նման առողջ երեխաներ ունենում: Հաղթելիս անասելի ուրախանում, պարտվելիս՝
լաց են լինում: Ինչեւէ: Չկա չարիք առանց բարիքի: Հեռախոսազանգերն ինձ ու աղջիկներին՝
անասելի շատացել են: Շատերը վրդովվում են, իմացողները՝ եզրակացություն անում… Այնպես
որ, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում «նախագծին»՝ հրաշալի անվճար գովազդի
համար: ՀՐԱՉՅԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ«Քոլեջ» ակումբի նախագահ եւ կանանց
ֆուտբոլի նվիրյալ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել