Երեւանաբնակ Ռուբեն Մինասյանն «Առավոտին» է դիմել մի մտահոգությամբ, որն անձնապես իրեն առնչվում է այնքան, ինչքան՝ յուրաքանչյուր հայի:
Մոտ մեկ ամիս առաջ Ռուբեն Մինասյանը փորձել է սեփականության իրավունքով ձեռք բերված նկուղը գրավ դնելով՝ մի քաղաքացուց պահառության պայմանագրով գումար վերցնել: Կենտրոնի նոտարը նրան մերժել է, պատճառաբանելով, որ «հողային օրենսգիրքը նոր է ընդունվել եւ պարզ չի, թե նկուղի տակի հողատարածքն ումն է»: Որոշ ժամանակ գնալ-գալուց հետո, այդ թվում՝ Գլխավոր նոտար Մարիամ Գաբոյանի մոտ, ի վերջո Կենտրոնի նոտարը ձեւակերպումն արել է, այդպես էլ վստահ չլինելով իր վավերացրած փաստաթղթի իսկությանը: Իսկ «Առավոտի» այլ տեղեկություններով, մինչեւ նոյեմբերի 26-ը՝ Ազգային ժողովի կողմից Հողային օրենսգրքի նոր փաթեթի ընդունումը, պատճառ է դարձել, որ այլ քաղաքացիներ էլ չկարողանան ձեւակերպել բնակարան կամ հողատարածք ու առանձնատուն: Փաթեթն իր փոփոխություններով ընդունելուց հետո նոտարները «շվարել» են հիմա էլ մեկ այլ հանգամանքի պատճառով եւ բնակարանի առուվաճառքի պայմանագիր չեն կնքում, երբ գործարքի մի կողմում օտարերկրացի է:
Որպեսզի ավելի հասկանալի դառնա օրենսգրքում կատարած փոփոխությունից առաջացած հակասությունը ընդհանուր օրենսդրական դաշտում, ներկայացնենք այն մանրամասն: Հողային եւ Քաղաքացիական օրենսգրքերն ասում են, որ հողի սեփականատեր կարող է դառնալ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացին, իսկ օտարերկրյա քաղաքացին սեփականության իրավունքով կարող է ձեռք բերել միայն բնակարան, բնակելի կամ արտադրական նշանակության տարածք: Դա հաստատեցին նաեւ Անշարժ գույքի պետական կադաստրի իրավաբանական վարչությունում: Դեռեւս 2003 թ. դեկտեմբերի 3-ին Հողային օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ «պետական եւ համայնքների սեփականության հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման եւ պահպանման համար անհրաժեշտ (այդ թվում նաեւ՝ շենքի տակ գտնվող) հողամասի նկատմամբ սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով անհատույց փոխանցվում է տվյալ շենքի բնակարանների եւ (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերին՝ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով»: Այս փոփոխությամբ ուժը կորցրած է ճանաչվել օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը, ըստ որի՝ այդ հողամասերը համատիրության սեփականությունն էին: Այսպիսով, բազմաբնակարան շենքերի տակ գտնվող հողամասերը համատիրությունից որպես սեփականություն անցել են շենքում ապրող բնակիչներին: Նույն օրենսգրքում այս տարվա հոկտեմբերին կատարված փոփոխության համաձայն, բնակարանը վաճառելիս սեփականության իրավունքով գնորդինն է դառնում նաեւ շենքի տակի ընդհանուր հողամասի մեջ իր բաժինը, իսկ մյուս բաժնետերերը դա գնելու նախապատվություն չեն ստանում: Իսկ Քաղօրի հոդվածներից մեկն ասվածին ավելացնում է, որ շենքի բնակարանի սեփականատերն իրավունք չունի առանձին օտարել ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իր բաժինը: Այսինքն՝ օտարման համար պետք է մի պայմանագրում լինեն մյուս բոլոր սեփականատերերի համաձայնությունները:
Եթե օրենսդրական այս հատվածները ի մի բերելով տեղափոխենք իրավական դաշտ, ապա ստացվում է, որ օտարերկրացին իրավունք ունի Հայաստանում ձեռք բերել բազմաբնակարան կամ սակավ բնակարաններով շենքի բնակարան, դրա հետ միասին ու մեխանիկորեն տեր դառնալով շենքի տակի հողի իր բաժնեմասին: Իսկ չէ՞ որ օտարերկրացին նաեւ չունի հողի սեփականության իրավունք եւ այդ արգելքը դրվել է պետական եւ ազգային անվտանգության տեսակետից ելնելով:
Կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցը մեր այս հարցի հետ կապված ընդամենը կարողացավ ասել, թե «շենքի տակի հողի մի մասը դեռ հող ձեռք բերել չէ եւ դա այն հասկացությունը չէ, թե օտարերկրացին հող ձեռք բերեց, ընդամենը նրա պայմանագրում ֆիքսվում է շենքի տակի հողի ինչ-որ մաս, ոչ թե կոնկրետ քառակուսիներով մակերես»: Իսկ գուցե օտարերկրացիների վրա օրենքն ամբողջությամբ չի տարածվում եւ նրանք բնակարանից բացի տակի հողից մաս ունենալու ախորժակ չպե՞տք է ունենան: Ըստ Կադաստրի մեր զրուցակցի՝ «այդպիսի բացառություն նրանց համար սահմանված չէ»: Սա նշանակում է, որ թուրքը, պարսիկը եւ այլ օտարազգիներ լիիրավ կարող են ՀՀ-ում հողի սեփականատեր դառնալ: Ավելին, եթե նրանք պայմանավորված գնեն մի շենքի բնակարաններ՝ հողի առուվաճառքի իրավունքն էլ հետը կունենան: «Նրանք ձեւը գտել են ու հող առնելու համար այստեղ ձեռնարկություն են բացում, ինչը չի արգելված, օրինակներ գիտեմ»,- խնդիրը կարճեց Ռուբեն Մինասյանը:
Բա մեր անվտանգությունն ո՞ւր մնաց:
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ