Ներկայացվող նյութի հեղինակը հանրապետության
անվանի շինարարներից է, արդեն՝ թոշակառու: Նա խնդրեց իր անունը չհրապարակել՝ տհաճություններից
խուսափելու նպատակով: Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետեր Երվանդ Զախարյանն ու
Յուրի Լուժկովը տարեկան մեկ-երկու անգամ հանդիպում են: Ես չգիտեմ, թե փորձի փոխանակման
առումով նրանք ինչ են սովորում իրարից, բայց կա մի բան, որը մեր քաղաքապետը կարող
է ընդօրինակել Լուժկովից: Խոսքը վերաբերում է բնակարանային շինարարությանը: Ինչ եք
կարծում, ինչո՞ւ են մոսկովյան ինվեստորները, թողած Մոսկվան ու Ռուսաստանը, այդպես
ջանասիրաբար «լծվել» մեր քաղաքի կենտրոնի նորացման գործին: Որպես վետերան-շինարար,
որը բազմաթիվ շենքեր է կառուցել թե Երեւանում, թե Մոսկվայում, ես կարող եմ ասել պատճառը:
Մոսկվայում կառուցվող բնակֆոնդը վաճառվում է 1 քմ-ը 1000-1500 դոլար՝ 250-300
դոլար ինքնարժեքի դեպքում, ինչպես եւ Երեւանում է: Սակայն Մոսկվայում շինարարության
համար հողհատկացումը կատարվում է միայն մրցույթով, իսկ մրցույթի պայմաններից մեկն
էլ այն է, որ հաղթող կազմակերպությունը պետք է քաղաքային իշխանություններին հատկացնի
կառուցվող բնակարանների 20-28 տոկոսը, այսինքն՝ շենքի բնակմակերեսի մեկ երրորդը անհատույց
հանձնվում է քաղաքացիներին: Քաղաքապետարանն այդ բնակարանները տրամադրում է դեռեւս
խորհրդային տարիներից հերթագրվածներին, նորապսակներին, զինծառայողներին, չքավորներին
եւ այլն: Նույն խորհրդային տարիներին նորակառույցի բնակմակերեսի 10 տոկոսն էր տրամադրվում
քաղաքային իշխանությանը՝ հերթագրվածներին հատկացնելու համար: Իսկ այժմ Երեւանում
քաղաքապետարանի հաշվին փոխանցվում է ընդամենը կառուցված յուրաքանչյուր 1 քմ-ի դիմաց
20 դոլար: Մնացածը կառուցողների շահույթն է կամ՝ գերշահույթը: Փորձեմ թվաբանությամբ
պարզել, թե որքան է կազմում մեր կառուցապատողների ստացած շահույթը յուրաքանչյուր
քառակուսի մետրից: Ինչպես արդեն նշեցի, 1 քմ բնակմակերեսի ինքնարժեքը կազմում է 250-300
դոլար, որի մեջ հաշվվում են հարկեր-տուրքերը, դրան ավելացնենք քաղաքապետարանին տրվող
20 դոլարը, իսկ որպես 1 քմ-ի վաճառքի միջին գին ֆիքսենք 1500 դոլարը: Ստացվում է,
որ կառուցապատողը յուրաքանչյուր 1 քմ-ի համար ստանում է նվազագույնը 1200 դոլար եկամուտ:
Իսկ եթե Երեւանում էլ գործեր Մոսկվայի իշխանությունների պայմանը, ապա գումարային
պատկերը կլիներ այսպիսին. կառուցվող շենքն ունի միջինը 5000 քմ, 1200 դոլար շահույթի
մեկ երրորդ մասը՝ 400 դոլար: Այսինքն, մեկ շենքից քաղաքապետարանը կստանա շուրջ 2
մլն դոլար: Ներկայումս Երեւանում կառուցվում է մոտ 30 բնակելի, եւ հիշյալ պայմանի
գործելու դեպքում մայրաքաղաքը կունենար 60 մլն դոլար: Իսկ դրանով կարելի է բազմաթիվ
հոգսեր հոգալ, այդ թվում եւ՝ բնակարանային: Մեր քաղաքապետը կամ կառավարությունը մտածո՞ւմ
է, թե երիտասարդ պետական ծառայողը՝ ուսուցիչն, օրինակ, ի՞նչ միջոցներով պետք է տուն
ձեռք բերի: Ես այնքան միամիտ չեմ, որ մտածեմ, թե այդ հաշվարկներին անտեղյակ
են Երեւանի եւ ընդհանրապես՝ երկրի իշխանությունները: Բայց Մոսկվայի օրինակը նրանք
չեն վերցնի, որովհետեւ կառուցողներն իրենք են կամ իրենց մերձավորները: Կարելի է ասել,
որ հողակտորները մոսկվացիներին որպես նվեր տրամադրելով՝ մեր իշխանությունները նաեւ
անձնական ու քաղաքական հարցեր են լուծում: Իսկ մենք գիտեինք՝ թե պետության
ունեցվածքը իր քաղաքացիների համար պետք է ծառայի: Վետերան-շինարար