Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյուղին մենեջեր է պետք

Դեկտեմբեր 17,2005 00:00

Կամ՝
ցածր տոկոսադրույքով վարկեր Մինչեւ 90-ականների սկիզբը Սիսիանի տարածաշրջանի
Դարբաս գյուղը ծաղկուն բնակավայր էր՝ բոլոր առումներով։ Գյուղը տալիս էր տարածաշրջանի
պտղի 70-75, բանջարեղենի 90-95 տոկոսը, մեքենայացված էին աշխատատար բոլոր գործերը,
մարդիկ ստանում էին բարձր եկամուտ։ Իսկ այժմ համայնքը խեղճացած է, քանի որ սեփականաշնորհումից
հետո քամուն է տրվել տնտեսության ունեցվածքը։ Նախկին հարուստ հավաքակայանից գյուղում
ոչինչ չի մնացել։ Կոմբայնները, գյուղմեքենաները, ավտոմեքենաները, գյուղգործիքները
սեփականաշնորհվել են, օգտագործվել ու պահեստամասեր եւ համալրում չգտնելու պատճառով
շարքից դուրս եկել։ Այդ պատճառով 1215 բնակիչ ունեցող երկու գյուղից բաղկացած համայնքը,
որը պետք է մշակի սեփականաշնորհած 558 հա հող, անելանելի դրության մեջ է հայտնվել։
Միակ դրականն այն է, որ գյուղապետարանը պարբերաբար լրավճար է ստանում, անցած 15 տարվա
ընթացքում կարողացել է վերականգնել շարքից դուրս եկած ոռոգման համակարգի մի հատվածը,
հիմնադրել 11 հա խնձորենու այգի։ Ի դեպ, այստեղ մեկ հողաբաժինը հազիվ կազմում
Է 1,2 հա, մեկ բնակչին հասնում է 0,7 կով՝ ամենացածր ցուցանիշը տարածաշրջանում։ Համայնքի
Շամբի տեղամասում 32 ընտանիքներ, որ այստեղ են տեղափոխվել հարեւան Լծեն գյուղից,
ոչ Լծենի եւ ոչ էլ Դարբասի տարածքներում չեն օգտվել հողի սեփականաշնորհումից։ Դարբասցիներն
իրենց հողը մշակելու համար պետք է տրակտորը, շարքացանը եւ կոմբայնը այլ համայնքներից
գտնեն։ Վառելանյութի մեկ լիտրը գյուղացին գնում է 6 կգ ցորենով, հացահատիկի հողերը
գտնվում են 45 կմ հեռավորության վրա՝ Եռաբլուրում, իսկ գյուղացու տառապանքի դիմաց
հողը «փոխհատուցում» է հեկտարից 8-10 ցենտներ բերքով, որը նրա կատարած ծախսերի 50
տոկոս էլ չի կազմում։ Իհարկե, միամիտ կլինի 15 տարով սուպերֆոսֆատ եւ կալիումական
պարարտանյութերի երես չտեսած, ցանքաշրջանառությունից դուրս մնացած հողերին «մեղադրել»
ցածր բերքի պատճառով։ Էլ չենք խոսում վնասատուների եւ հիվանդությունների, առավելապես
մկնանման կրծողների մասին, որոնք ուղղակի չարիք են դարձել գյուղացու համար։ Ճիշտ
է, ամեն գյուղացուն 200-300 գրամ մկնդեղ է հատկացվել, բայց քիչ է կամ էլ՝ ժամկետանց
եւ դրությունը չի փրկում։ Այդ ամենի հետեւանքով նախկինում ցորեն վաճառող դարբասցին
խանութից ալյուր է գնում։ Այդ միտումը ավելի է խորանում, եւ հացահատիկ արտադրողների
թիվը տարեցտարի պակասում է։ Իսկ որպեսզի համայնքում հող մշակողների թիվը զրոյական
կետի չհասնի, կառավարությունը պետք է տրամադրի դարբասցուն երկարաժամկետ, ցածր տոկոսով
վարկեր: Գյուղը իր նախկին փառքը կորցրել է նաեւ պտղի եւ բանջարեղենի արտադրության
բնագավառներում։ Մեկուկես տասնամյակ առաջ մրգի շուկայի մենաշնորհ ունեցողներն այժմ
իրենց մրգի պահանջն էլ չեն բավարարում։ Այգիների մի մասը ճահճացել, մյուս մասն էլ
չորացել ու շարքից դուրս է գալիս, քանի որ ստացված բերքը տարածաշրջանում չի իրացվում,
իսկ մայրաքաղաք եւ ԼՂՀ հասնելու դեպքում ծախսերը երեք անգամ գերազանցում են եկամուտները։
Մարդիկ աստիճանաբար ձեռք են քաշում նաեւ բանջարեղենից, որովհետեւ չեն կարողանում
վաճառել բերքը։ Իսկ իշխանական մարմինների աջակցությունը առայժմ խոսքից այն կողմ չի
անցնում։ Թղթի վրա է մնացել այդ առթիվ պաշտպանության նախարարության հետ գյուղապետարանի
կնքած պայմանագիրը։ Բնական է, եթե դաշտավարությունը ետ է մնում՝ անասնապահության
առաջընթացի մասին էլ խոսք չի կարող լինել։ Այսքանից հետո էլ ինչու զարմանալ, որ գյուղից
երիտասարդների արտահոսքը չի դադարում։ Նույնիսկ կատակով ասում են՝ մերձմոսկովյան
Նագինսկ քաղաքում դարբասցիները այնքան շատ են, որ ռուսներն էլ են Դարբասի բարբառով
խոսում։ Բ. ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել