Իսկ
փողոցային շների դեմ պայքարի «Յունիգրաֆ-Իքս» ընկերության հասցեն մեզ համար մնաց
«իքս» Անցնող տարվա ընթացքում Երեւանի քաղաքապետարանի առեւտրի ու սպասարկումների
վարչությունը երկու անգամ փորձել է թափառող շների համար մարդասիրական «ժեստ» անել
եւ Պետական գնումների գործակալություն է ներկայացրել նրանց դեմ պայքարի համար մրցույթի
«եվրո» ծրագիր: Այն է՝ հաղթող ընկերությունը պարտավորվում է կառուցել շների կացարան,
որտեղ պետք է հավաքի նրանց, առողջներին զրկի սերունդ տալու հնարավորությունից կամ
«ստերիլիզացնի», հիվանդներին՝ բուժի, իսկ անհույս հիվանդներին՝ մահաբեր դեղի ներարկման
միջոցով «քնացնի»: Սակայն երկու փորձն էլ պսակվել է անհաջողությամբ՝ մրցույթի համար
չի գտնվել եւ ոչ մի հայտատու: Ի՞նչն էր հույս տվել քաղաքապետարանին, որ կհայտնվեն
այդքան մեծ ներդրումներ պահանջող գործն «իրար ձեռքից խլողներ»: «Մամուլում եղան հրապարակումներ,
նույնիսկ՝ ինչ-որ ընկերությունների անուններ էին հնչում, դրանցից մի քանիսը մեզ էլ
դիմեցին, որ իբր պատրաստ են ներդրումների, ավելին՝ արդեն ունեն պատրաստ կացարաններ:
Մենք էլ մտածեցինք, որ մեր գումարները՝ մինչեւ 20 միլիոն դրամ, կուղղենք հաղթող ընկերության
ֆինանսավորմանը: Պատրաստ էինք տալ նույնիսկ ավելին, բայց ոչ մեկը հայտ չներկայացրեց»,-
պարզաբանեց վարչության պետի տեղակալ Վազգեն Ղազարյանը: Իսկ երբ անհաջողությունից
խրատված՝ վարչությունը գործակալությանը նոյեմբերին կրկին ներկայացրել է նոր մրցույթի
ծրագիր՝ հին պահանջներով, ի հայտ են եկել երկու մասնակից: Մեկը նախորդ տարվա հաղթողն
էր՝ «Դամի- Արկ» ՍՊԸ-ն, մյուսը՝ «Յունիգրաֆ-Իքսը»: Հաղթել է վերջինը: Իսկ ներկայացված
պարտավորությունները նույնն են, ինչ՝ անցյալ տարի. ոչ թե կրակելով, այլ ցանցերով
հավաքել, տանել Նուբարաշենի խճուղի՝ շների գերեզմանոց, հետո սպանել եւ թաղել: Այս
ձեւով թափառող կենդանիների դեմ պայքարն սկսվել է անցյալ տարվանից, նույն տարում էլ
փակվել է քաղաքապետարանի նույնանուն բաժինը, որն, ըստ մեր զրուցակցի՝ պարտվել է մրցույթում
եւ «իմաստ չուներ այն պահել»: Բաժինը մինչ այդ շների հարցը լուծել է գիշերները դրանց
վրա կրակելով: Իսկ «Դամի-Արկը», ինչպես նաեւ՝ «Յունիգրաֆ-Իքսը», ըստ պայմանագրի,
ցանցերով են հավաքում եւ իրենց գումարը ստանում են սպանված կենդանիների պոչերի հաշվարկով:
Հաշվողն էլ Առեւտրի եւ սպասարկման վարչության հանձնաժողովն է, որն ամեն ամիս անցկացնում
է պոչերի եւ համապատասխան գումարի «ընդունման-հանձնման արարողություն»՝ Չարբախի անասնաբուժական
կենտրոնում: Երբեւէ ստուգե՞լ են, թե, արդյոք, որսը կազմակերպվում է միայն ցանցերով
եւ ոչ՝ միանգամից գնդակահարությամբ: Պարզվեց՝ ոչ, սակայն պարոն Ղազարյանը համոզված
էր, որ պայմանագրի խախտում չի լինում, թե չէ՝ «բողոքներ կլինեին»: Ցանկացանք որոշ
մանրամասներ ճշտել «Յունիգրաֆից», բայց մեզ տրամադրված միակ հեռախոսահամարը, պարզվեց,
գոյություն չունի: Մի կողմ թողնենք գործարքի ֆինանսական մանրամասները՝ առավել
կարեւոր է, թե ինչո՞ւ ոչ մի կերպ չի հաջողվում եվրոհամայնքին «ճղվելով» ինտեգրվել
ցանկացող Հայաստանին՝ մարդավարի լուծում տալ թափառող կենդանիների վնասազերծման խնդրին:
Չէ՞ որ դեռեւս 2 տարի առաջ հայտնի դարձավ, որ միջազգային «Եվրասիա» կազմակերպությունը
պատրաստ է միջոցներ տրամադրել՝ եվրոչափանիշներով կացարան, կլինիկա կառուցելու եւ
վնասազերծում՝ բառի իսկական իմաստով, կատարելու համար: Կազմակերպության միակ խնդիրը
տարածքն էր, որը պետք է հատկացներ Երեւանի քաղաքապետարանը: Նույն՝ միջազգային պահանջներով,
անհրաժեշտ էր 3 հա կամ 30 հազար քմ հողատարածք, որն այդպես էլ չճարվեց ու չհատկացվեց:
Ինքնըստինքյան հասկանալի է, որ չէին էլ հատկացնի՝ մեծահարուստները մայրաքաղաքի սահմաններում
գտնվող ամեն «թիզ» հողի համար (հատկապես՝ արվարձաններում) արդեն «մարդասպանություն»
են անում, իսկ շահույթն ստացող քաղաքապետարանը, բնականաբար, դրանից չի հրաժարվի:
Եվ ինչո՞ւ պետք է «նաղդ» օգուտը թողած՝ բարձր բաների, ասենք՝ խղճի, քաղաքակրթության
մասին մտածեն: «Մենք մեր կողմից ամեն ինչ պատրաստ ենք անել, նույնիսկ՝ ավելի շատ
գումար տրամադրել, քան նախատեսված է: Միգուցե ինչ-որ ժամանակ տե՞ղ ճարվի, թեկուզեւ՝
քաղաքի արվարձաններում»,- անորոշ լավատես էր մեր զրուցակիցը: ՌՈՒԶԱՆ
ԱՐՇԱԿՅԱՆ