Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԻՆ՝ ՊԱՅՄԱՆԱԿԱՆ, ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ՝ ՑՄԱՀ

Դեկտեմբեր 17,2005 00:00

Հերթական
շտապօգնության մեքենան՝ դատարանում Օրերս ՀՀ քաղաքացիական եւ զինվորական գործերով
վերաքննիչ դատարանում պետք է լսվեր Արթուր Մեսրոպյանի սպանության մեջ մեղադրվող զինծառայողների
բողոքն՝ ընդդեմ Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի: Հիշեցնենք, որ
դատարանը՝ Լեւիկ Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 11-ի դատավճռով զինծառայողներ
Արթուր Քոչարյանին, Սուրիկ Չոբանյանին եւ Ավետիք Թումանյանին դատապարտեց ցմահ, Սարգիս
Աթոյանին եւ Կարեն Մկրտչյանին՝ 6 տարի, Անդրանիկ Կարապետյանին՝ 2 տարի ազատազրկման:
Դատական նիստը հետաձգվեց գործով մեղադրվող Անդրանիկ Կարապետյանի եւ վկա, զորամասի
հրամանատար Արմեն Ալեքսանյանի բացակայության պատճառով: Նիստի հետաձգումը զայրացրեց
մեղադրյալների ծնողներին: Նրանց եւ տուժողի ծնողի միջեւ վիճաբանությունն ու ծեծկռտուքը
կասեցվեց ոստիկանների միջոցով: Ցմահ ազատազրկման դատապարտված երիտասարդներից մեկի
տատը ուշագնաց եղավ եւ երկար ժամանակ գիտակցության չէր գալիս: Շտապօգնության մեքենայով
նրան տեղափոխեցին հիվանդանոց: Ըստ մեղադրյալների պաշտպան Վահե Մարգարյանի՝
նիստի հետաձգումն իր համար սպասելի էր, այդպես կարող է լինել նաեւ հաջորդ նիստերին:
«Ես մարդկայնորեն հասկանում եմ այս մարդկանց ցասումը: 1983-ից փաստաբան եմ եւ սա
միակ գործն է, որ ես անվերապահորեն հավատում եւ համոզված եմ, որ այս երիտասարդները
Արթուր Մովսիսյանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն: Սա սարքած գործ է՝ պատվեր:
Տարբեր փորձաքննությունները՝ հողագիտական, մատնադրոշմային, դատաբժշկական, քրեագիտական,
որեւէ հիմք կամ ապացույց չեն տվել նրանց մեղավոր ճանաչելու: Դատարանի համար միակ
հիմքը եւ ապացույցը հանդիսացել է Անդրանիկ Կարապետյանի ցուցմունքը՝ նկարահանված տեսաերիզի
վրա: Իսկ դատական նիստերի ընթացքում Անդրանիկը հրաժարվում էր որեւէ ցուցմունք տալ,
ասելով, որ ինքը ամեն ինչ մանրամասն արդեն ասել է իր ցուցմունքում՝ նկատի ունենալով
տեսաերիզը: Անդրանիկը, ըստ իր իսկ ցուցմունքի, նույնպես ներկա է եղել սպանությանը,
եւ մասնակցել է դրան: Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված նրա պատժի մեղմությունը
մյուսների համեմատությամբ՝ 2 տարի: Համոզված եմ, որ առաջին ատյանի դատարանը կատարել
է զինդատախազի պատվերը»: Նշենք, որ դատական վերջին նիստից մի քանի օր առաջ
Գագիկ Ջհանգիրյանը Հանրային հեռուստատեսությամբ այս գործով փաստաբաններիս անվանեց
«անգրագետ եւ գործին անտեղյակ»: Իր հերթին, փաստաբան Մարգարյանն ասում է. «Ես խորապես
հիասթափված եմ մեր երկրի դատական համակարգից, որը իրեն թույլ է տալիս խաղալ երիտասարդների
կյանքի ու ճակատագրի հետ: Իմ պաշտպանյալները լուսավոր երեխաներ են, դեռ ասելիք ունեն
այս կյանքին ու հասարակությանը: Ասեմ, որ ես պետական պաշտպանության կարգով նշանակված
փաստաբան եմ, եւ իմ այս աշխատանքը կատարում եմ առանց ֆինանսական ակնկալիքների ու
իմ պաշտպանյալների հետ գնալու եմ մինչեւ վերջ»: Մեր իրավապահ մարմինները,
որոնք ներողամիտ են թիկնապահների եւ սափրագլուխների նկատմամբ, նույնքան անողոք ու
խիստ են 18-20 տարեկան զինծառայողների հանդեպ, այն աստիճան, որ պատրաստ են անգամ
նրանց ցմահ զրկել ազատությունից: Միակ դեպքը չէ, որ զինծառայողի նկատմամբ կիրառում
են կատարած արարքին չհամապատասխանող անհամեմատ խիստ պատիժ: Օրինակ, Արագածոտնի մարզի
Կոշ գյուղի բնակիչ Մնացական Թադեւոսյանի որդուն, որ ծառայում էր Հադրութի զորամասերից
մեկում, երկու հատ զինվորական համազգեստ գողանալու համար Սյունիքի մարզի առաջին ատյանի
դատարանը դատապարտել է 2 տարի ազատազրկման: ՆԱԻՐԱ ՎԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել