Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ԱՌԱՆՑ ԶԵՆՔԻ

Դեկտեմբեր 17,2005 00:00

«Այստեղ
եղել են DiRecTor-ը, Muradik-ը եւ Alert-ը». սովորաբար այսպիսի գրություններ են թողնում
ադրբեջանցի հակերները հերթական անգամ որեւէ հայկական կայք «ջարդելուց» հետո: Ի
տարբերություն ադրբեջանցիների, հայ հակերները նման «հետքեր» չեն թողնում: Հայկական
եւ ադրբեջանական ինտերնետային կայքերն ու ֆորումներն արդեն վաղուց փոխադարձաբար ենթարկվում
են հակերական հարձակումների: Այդ չհայտարարված կամ գուցե նաեւ Ինտերնետում հայտարարված
պատերազմի հետեւանքով ադրբեջանական եւ հայկական կայքերում պարբերաբար հայտնվում են
վիրավորական գրություններ, սպառնալիքներ ու հակակարգախոսներ: Այս երկկողմանի «սխրագործությունները»
բուռն քննարկվում են ադրբեջանական http//forum.fox.az եւ հայկական http//forum.hayastan.com
կայքերի ֆորումներում, որտեղ գործընկեր հակերները խրախուսում եւ շնորհավորում են
հերթական հաղթանակը՝ «հալալ ա քեզ, Լազար ջան»: Ամենից շատ վնասվում են հայկական
այն կայքերը, որտեղ տեղեկատվություն կա հայերի պատմության, գրականության եւ ցեղասպանության
մասին: Այս տարվա մարտին ադրբեջանական հակերների հարձակումներից հետո www.armenianhouse.org,www.genocide.ru,
www.hayastan.com եւ www.artsakhworld.com կայքերում ցեղասպանության մասին բաժիններում
եւ ֆորումներում հայտնվեցին ադրբեջանական եւ թուրքական կարգախոսներ ու վիրավորական
արտահայտություններ: Ադրբեջանցի հակերներին հաջողվեց «ջարդել» նաեւ www.armnet.ru
կայքը: Այդ հարձակմանն ի պատասխան, հայ հակերները ոչնչացրին ադրբեջանական մի քանի
ինտերնետային կայքեր եւ ֆորումներ՝ www.training.az, www.pfmc.az/forum/, www.aran.az,www.automarket.az/forum/,
www.chat.az/forum, www. press.az/forum, www.bazar.az/forum/,www.presscouncil.az/forum/:
Այս տարվա ընթացքում երկու կողմերի կայքերի վրա հարձակումներ եղան փետրվար, մարտ
եւ ամառվա ամիսներին: Այն, ինչ տեղի է ունենում համաշխարհային ցանցում, ավելի
շատ հիշեցնում է երկու կողմերի հակերների ամբիցիաների բավարարման փորձեր, քանի որ
ապակողմնորոշող որեւէ լուրջ տեղեկատվություն չի տեղադրվում: Հակերը սահմանափակվում
է միայն իր հաղթանակը տոնելով եւ իր ծածկանունը կայքում արձանագրելով: «Ադրբեջանցի
հակերների հարձակումները հայկական կայքերի վրա մեր կողմից դիտարկվում են որպես ինքնահաստատման
միջոց աշխարհի հայտնի հակերների աչքերում»,- ադրբեջանական «Էխո» թերթին տված հարցազրույցի
ժամանակ ասել է Ադրբեջանի ազգային ինտերնետային ֆորումի նախագահ Օսման Գյունդուզը:
«Սա ավելի շատ նման է մրցակցության. ո՞վ ավելի շատ կայք կջարդի, ո՞ր կողմը կկարողանա
ավելի շատ պարծենալ գործընկեր հակերների առաջ: Սակայն նպատակը, իհարկե, միակն է՝
վնասել»,- ասում է www.OpenArme nia.com պորտալի ղեկավար Սամվել Մարտիրոսյանը:
Ադրբեջանի Քրեական օրենսգրքով արգելվում է վիրուսային հարձակումը եւ անօրինական մուտքը
ուրիշին պատկանող տեղեկատվական համակարգ: Ադրբեջանի օրենքը, սակայն, նախատեսում է
միայն տուգանք: Հայաստանի Քրեական օրենսգրքի 24-րդ՝ «Համակարգչային տեղեկատվության
անվտանգության դեմ ուղղված հանցագործություններ»-ի մասին գլուխը (251-257 հոդվածներ)
նույնպես արգելում է առանց թույլտվության համակարգչային տեղեկատվության համակարգ
մուտք գործելը, տեղեկատվությունը փոփոխելը, համակարգչում կամ ցանցում տեղեկատվությանն
ապօրինի տիրանալը, վնասաբեր ծրագրեր մշակելը, օգտագործելը եւ տարածելը: ՀՀ Քրեական
օրենսգիրքն այս եւ այլ նման հանցագործությունների համար որպես պատիժ նախատեսում է
տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից մինչեւ 500-ապատիկի չափով, կամ վեց
ամսից մինչեւ մեկ տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ, կամ երկուսից հինգ տարի ազատազրկում:
ՀՀ ոստիկանության հասարակության հետ կապի եւ լրատվության վարչության տվյալների համաձայն՝
2003թ.-ից առայսօր ՀՀ Քրօրի 251-257 հոդվածների հատկանիշներով քրգործեր չեն հարուցվել:
Սակայն այս հոդվածները վերոհիշյալ դեպքերում դե ֆակտո չեն կիրառվում: Հնարավոր է
դատական նախադեպեր ունենայինք, եթե հակերը ջարդեր հայկական որեւէ կայք, այլ ոչ թե
«թշնամու»: Ոլորտի մասնագետների կարծիքով՝ տեղեկատվական պայքարի խնդիրը ոչ
թե կենդանի ուժի սպանությունն է, այլ հակառակ նպատակների, հայացքների ու հասարակական
աշխարհայացքի ոչնչացումը: Այսօր ի հայտ են եկել տեղեկատվական պայքար մղելու բազմազան
ձեւեր: Դրանցից են՝ էլեկտրոնային փոստով ուղարկման ընթացքում հաղորդագրության փոփոխումը,
ինտերնետային էջերում տեղեկատվության փոփոխումը կամ ոչ ճիշտ տեղեկատվության տեղադրումը,
գաղտնիք պարունակող ինֆորմացիայի հրապարակումը եւ այլն: Հնարավոր է խեղաթյուրել կայքում
եղած տեղեկությունը կամ փոխել իմաստը: Չի բացառվում, որ դա իրական աշխարհում հանգեցնի
բազմաթիվ կոնֆլիկտների եւ հարվածի երկրի անվտանգությանը: Այդ պատճառով տեղեկատվության
անվտանգության լավ կազմակերպումը կարեւոր նախապայման է տեղեկատվական պայքարում հաղթելու
համար: ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել