Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՉԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԻՆ
ԱՎԵԼԱՑՎԵՑԻՆ ՆՈՐԵՐԸ

Դեկտեմբեր 17,2005 00:00

«17+8»
ընդդիմադիր ձեւաչափի այս տարվա վերջին հանրահավաքի հռետորներն ամեն կերպ փորձում
էին պահպանել ոգեւորիչ շեշտադրումները: Մինչ հանրաքվեն ընդդիմադիրները խոստանում
էին, թե թույլ չեն տալու, որ կեղծվեն մարդկանց ձայները: Խոստանում էին, թե կաջակցեն
մարզերի բնակիչներին, որ կարողանան անարգել մասնակցել երեւանյան հանրահավաքներին:
«Արարատից կմտնեմ Արտաշատ ու այսպես ավտոշարասյունով ձեզ կտանեմ: Դե՜, թող փորձեն
կանգնեցնել»,- ազդարարում էր «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Հանրաքվեից
հետո ընդդիմադիրներն արդեն սկսեցին խոստանալ, թե իշխանությունները չեն մարսելու կատարված
խախտումները: Իսկ նախորդ հանրահավաքի ժամանակ Արամ Սարգսյանը խոստացավ, որ դեկտեմբերի
16-ին «հնարավոր է ամբողջ խնդիրների լուծում, ամսի 16-ին հնարավոր է տեւական պայքարի
հիմնական սյուների ներդրում, ամսի 16-ին հնարավոր է իշխանական բուրգի փլուզում: Սիրելի՛
ժողովուրդ, պատրաստ եղեք գործընթացներին նույնիսկ մինչեւ ամսի 16-ը»: Ընդդիմադիրներն
էլի շարունակում էին խոստանալ երեկ՝ դեկտեմբերի 16-ի այս տարվա վերջին ու ամենակարճատեւ
հանրահավաքի ընթացքում: Ասենք, թե «Մատենադարանի հարթակից սկիզբ առած գործողությունները
հանգեցնելու են իշխանության փոփոխության: Հաղթանակը լինելու է ժողովրդինը»: Նման
հայտարարություն հենց սկզբից արեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Վարդան
Խաչատրյանը: Կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը խոստացավ, թե ո՛չ եղանակը,
ո՛չ չարախոսությունները, ո՛չ զրպարտությունը չեն ընկճելու իրենց. «Մեր պայքարը շարունակվում
է»: Ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը հայտարարեց. «Պայքարելու ենք միջազգային ասպարեզներում,
դիմելու ենք բոլոր միջազգային ատյաններին: Պայքարը կարող է լինել տեւական, բայց այն
չի ընդհատվի մինչեւ հաղթանակ: Եվ դա ինձ ոգեւորում է: Եվ ես ուրախ եմ, որ ունենք
այսպիսի միավորված ընդդիմություն»: Վերջին դիտարկումը խիստ անպատեհ հնչեց
այն պայմաններում, երբ ՀԺԿ ղեկավարն էլ հայտարարեց, թե որոշել են չմասնակցել հանրահավաքներին:
Սա՞ էր պատճառը, թե՞ տեղացող անձրեւը, սակայն հավաքի մասնակիցների թիվը քառակի կրճատվել
էր նախորդ հանրահավաքների համեմատ: Նշենք, որ Մատենադարանի հարթակում էր ՀԺԿ վարչության
անդամ Ռուզան Խաչատուրյանը, եւ նա մեր զրույցի ընթացքում ցավ հայտնեց, որ աղավաղված
ու անանուն մեկնաբանություններով ինչ-որ վերագրումներ են արվում իրենց կայացրած որոշումներին:
Նշեց նաեւ. «Արդարությունը» որոշում չի ունեցել հանրահավաք կազմակերպելու, թեեւ դաշինքի
անդամներից շատերը՝ եւ կուսակցության առաջնորդներ, ե՛ւ շարքային կուսակցականներ,
այդ թվում նաեւ՝ ՀԺԿ անդամներ, այստեղ են: Մինչեւ դեկտեմբերի 9-ի հանրահավաքը քննարկումներ
էին եղել դաշինքում, թե հանրահավաքների միջոցով արդեն լուծվել են այն խնդիրները,
որոնք դրվել էին հանրաքվեից հետո, եւ ժամանակն է լուծելու մարտավարական հարցերը»:
Մարտավարական հարցերի փոխարեն՝ երեկվա հանրահավաքի հռետորներից շատերը եւս
մեկ անգամ պատմեցին, թե ինչ կատարվեց նոյեմբերի 27-ին, ինչ աննախադեպ ու առանց սահմանների
կեղծիքներ իրականացվեցին հանրաքվեի ընթացքում: Կրկնությունը վերագրենք ասելիքի բացակայությա՞նը:
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը դարձյալ ընդգծեց, թե այսօրվա կարեւորագույն
խնդիրներն են հանրաքվեի անվավեր արդյունքները չընդունելը եւ իշխանափոխություն իրականացնելը:
Սակայն այս անգամ հավելեց, թե ոչ մի խնդիր հնարավոր չէ լուծել առանց գաղափարների:
Իսկ այդպիսիք, նրա կարծիքով, այսօր քաղաքացիության եւ ազատության գաղափարներն են:
Եզրափակիչ ելույթը «Հանրապետության» նախագահ Արամ Սարգսյանինն էր: «Ցույց
տվեք մեկ մարդու, որ այսօրվա նախագահի պաշտոնակատարի հետ հանդիպման համար կկանգնի
անձրեւի տակ կամ կսպասի՝ հոժար կամքով: Չկա՛ այդպիսի բան,- ասաց նա:- Եվ ոչ միայն
նրա, այլեւ ամբողջ իշխանությունների համար: Սա նշանակում է, որ ժողովուրդը, այսպես,
թե այնպես՝ ընդդիմության հետ է»: Արամ Սարգսյանը նախորդ հանրահավաքում խոստացել
էր դեկտեմբերի 16-ին հաշվետվություն ներկայացնել, թե իրենք ինչ են անում եւ ուր են
տանում ժողովրդին, որից հետո «ժողովրդի համար արդեն էական չի լինի, թե որքան ժամանակում
է դա հնարավոր»: Թերեւս այդ հաշվետվությո՞ւնն էր նրա այն հայտարարությունը, որ ընդդիմությունն
այժմ «իրական իրավիճակը գնահատելու» եւ գործողություններ կազմակերպելու գործընթացում
է: Եվ որպես առաջին նման գնահատական՝ ասաց. «Հանրաքվեն ցույց տվեց եւ ապացուցեց,
որ Հայաստանի Հանրապետությունը, որպես պետություն, անցել է իր ռուբիկոնը թե՛ արտաքին
աշխարհի համար, թե՛ մեր քաղաքական կյանքում: Հետեւաբար, միանշանակ է, որ վերադասավորումներ
են լինելու (դրանք պարտադրված են) թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր բուրգում»: Վերջինիս
առնչությամբ նշեց, թե «կան կուսակցություններ, որոնք գտնում են, թե խնդիրները կարելի
է լուծել էվոլյուցիոն ճանապարհով»: Վերստին պնդեց իր համոզմունքը, որ Հայաստանում
էվոլյուցիոն ճանապարհով «հնարավոր չէ հասնել որեւէ փոփոխության», ուստի քաղաքացիական
հասարակարգ կառուցելու, «երկիրը հայրենիք դարձնելու համար գոյություն ունի մի ճանապարհ՝
հեղափոխություն»: «Հանրապետություն» կուսակցության նախագահը հայտնեց, որ հեղափոխություն
իրականացնելու նպատակով ընդդիմությունը ձեւավորում է վերկուսակցական մարմին. շարժում,
որին կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի՝ անկախ կուսակցական պատկանելությունից:
Սպասվող ընդմիջումը (հաջորդ հանրահավաքը տեղի կունենա հունվարի 27-ին) Արամ Սարգսյանը
խոստացավ օգտագործել «Քաղաքացիական Հայաստան» շարժման տարածքային կազմակերպություններ
ստեղծելու համար: Երեկվա հանրահավաքի եւս մի առանձնահատկություն. բոլոր հռետորները
15 օր շուտ շնորհավորում էին Ամանորը: Հնչեցին բավական յուրօրինակ մաղթանքներ: Ասենք՝
Վազգեն Մանուկյանն ասաց. «Նոր տարվա սեղանների շուրջ, ցանկացած տեղ որ հավաքվում
եք իրար հետ՝ խոսեք մեր երկրի եւ ազգի ապագայի մասին: Ամեն մեկդ մտածեք՝ ի՞նչ եք
անելու, ի՞նչ ներդրում եք ունենալու մեր ընդհանուր գործում»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել