Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՊԱՐԳԵՎՆԵՐ

Դեկտեմբեր 16,2005 00:00

ՊԱՐԳԵՎՆԵՐ ԱՐԺԱՆԱՎՈՐՆԵՐԻՆ Երեկ «Նոր Ձորաբերդ» ռեստորանային համալիրում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփեց մրցաշրջան-2005-ը: Երգ ու պարով, արվեստի տարբեր ժանրերով համեմված հանդիսության կազմակերպման գլխավոր «մեղավորներին» շնորհավորել-մեծարելու էին եկել հանրապետության ֆուտբոլի, ընդհանրապես՝ մարզաշխարհի ղեկավարներն ու ներկայացուցիչները, քաղաքական, տնտեսական գործիչներ: Եվ ինչպես միշտ ու ամենուր, բազմաթիվ էին զանգվածային լրատվամիջոցները: Փոքր ոսկե մեդալները հանձնվեցին հանրապետության առաջին խմբի առաջնության հաղթող «Փյունիկ-2»-ի ֆուտբոլիստներին ու մարզիչներին: Այնուհետեւ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երրորդ մրցանակակիր «Բանանցն» ու փոխչեմպիոն «Միկան», որն այդ տիտղոսին արժանանում է երկրորդ անգամ անընդմեջ, պարգեւատրվեցին համապատասխանաբար բրոնզե եւ արծաթե մեդալներով: Իսկ երկրի առաջնության հաղթող «Փյունիկին», որը ոչ միայն հանրապետության բազմակի չեմպիոնն է, այլ նաեւ ազգային ու տարիքային բոլոր խմբերի հավաքականների գլխավոր մատակարարը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը շնորհեց մեծ ոսկե մեդալները եւ փոխանցիկ գավաթը: Արարողության ժամանակ գովեստի առանձին խոսքեր հնչեցին մեր 19 տարեկանների հավաքականի հասցեին, որը հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին անգամ հանդես եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչում՝ շրջանցելով եվրոպական մի ամբողջ շարք ֆուտբոլային գերտերությունների: Առանձին մեծարվեցին եւ ՀՖՖ նախագահի խրախուսանքին արժանացան 2005 թվականի լավագույն ֆուտբոլիստներ ճանաչված Արամ Հակոբյանը, Արմեն Շահգելդյանը, Նշան Էրզրումյանը: Ռուբեն Հայրապետյանը հայկական ֆուտբոլի լավագույն քարոզչության եւ լուսաբանման համար մի քանի անվանակարգերով մրցանակներ հանձնեց նաեւ մի շարք լրատվամիջոցների եւ անհատ լրագրողների՝ Հանրային հեռուստատեսությանը, Հայկական երկրորդ հեռուստաալիքին, «Շանթ» հեռուստաընկերությանը, «Հայկական Ժամանակ» օրաթերթի աշխատակից Արմեն Նիկողոսյանին: Սրտանց շնորհավորում ենք բոլոր դափնեկիրներին, հատկապես մեր գործընկերներին: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել