Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կբացվի

Դեկտեմբեր 16,2005 00:00

Կբացվի ծիծաղի դպրոց Դեկտեմբերի 16-ին կկայանա «Մեր բակը-3» ֆիլմի պրեմիերան, սակայն «բակի» հիմնական բնակիչներից մեկը՝ Աշոտ Ղազարյանը դրան չի մասնակցի: Սիրված դերասանը այդ օրերին մեկնելու է հյուրախաղերի Սանկտ Պետերբուրգ եւ Աստրախան: Իսկ մինչ այդ նա, թեպետ հրավիրված է մի շարք հեռուստաընկերությունների ամանորի միջոցառումներին, հիմնականում հանդես կգա Հանրային հեռուստաընկերության ամանորյա տոնական ծրագրում՝ 70-ականների հայտնի մարդկանց մասնակցությամբ կազմված համերգին, ուր, ըստ նրա, սպասվում են անակնկալներ: «Ցավում եմ, որ չեմ կարող ներկա լինել պրեմիերային: Տասը տարի է՝ անհամբեր սպասում ենք ֆիլմի երրորդ մասին: Այն նոր տարվա գիշերը կներկայացվի հեռուստադիտողին, իսկ ես մոնտաժից հետո ֆիլմը չեմ դիտել»,- ասաց Ա. Ղազարյանը: Նա Ծննդյան տոներից հետո մոտ երեք ամսով կմեկնի ԱՄՆ, ուր կմասնակցի պարահանդեսների եւ կունենա մենահամերգներ: Աշոտ Ղազարյանին մենք հանդիպեցինք նաեւ Աշտարակում՝ «Պահպանենք մեր մշակույթը» խորագրով փառատոնի ժամանակ: Նրան ժողովուրդը ամենաջերմն ընդունեց. «Ինչքան որ կարողացել եմ, սիրով մասնակցել եմ, որովհետեւ բարի բան է արվում: Հանդիսատեսը շատ ջերմ է: Հայաստանում այնպիսի անկյուն չկա, ուր չեմ եղել, հատկապես մինչեւ անկախությունը: Հիմա քիչ այլ է: Կուլտուրայի տներ կան, որ ապակիներ չունեն, լույս չկա, տարրական պայմաններ: Չենք գնում, բայց կարոտում ենք մեր մաքուր, զուլալ ժողովրդի անկեղծ ընդունելությանը: Ինչքան պարզ է ժողովուրդը, այնքան հաճելի է ու քեզ պարտավորված ես զգում»: Աշոտ Ղազարյանը վերջերս է վերադարձել Եվրոպայից, ուր մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Շվեդիայում, Բելգիայում: «Մոտ երկուսուկես ժամանոց հետաքրքիր ծրագիր էր, կենդանի հնչողությամբ կատարվող երգերը զուգորդվում էին մենախոսություններով, անեկդոտներով: Պատկերացրեք, որ ծրագրից հետո միանգամից նոր պայմանագրի առաջարկ ստացա հաջորդ տարվա համար: Ըստ պայմանավորվածության՝ 2007-ի մարտին կկայանան հյուրախաղերը»,- պատմեց դերասանը: Նա ունի նոր մտահղացում, որն արդեն կյանքի է կոչել. «Դպրոց եմ բացելու, որը կկոչվի Աշոտ Ղազարյանի խոսքի եւ ծիծաղի դպրոց: Տեղն արդեն կա՝ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում, փաստաթղթային մասն էլ ավարտված է: Այստեղ 10-16 տարեկան երեխաները կանցնեն բեմական խոսք, դերասանի վարպետություն, երգ, պար, կսովորեն համերգներ վարել: Մասնագետներ ենք հրավիրելու կոնսերվատորիայից, թատերական ինստիտուտից: Շնորհալի, երգող երեխաներից կկազմենք համերգային խումբ, որը կմասնակցի իմ նկարահանումներին: Կունենանք նաեւ փոքրիկ թատրոն: Ամուր հիմքերի վրա դրված դպրոց է լինելու: Այսօր շատ-շատ շնորհքով երեխաներ կան, որ ծնողները չգիտեն ուր տանեն»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել