Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ստալինը,

Դեկտեմբեր 16,2005 00:00

«Ստալինը, որ պղծեց մեր լեզուն, հանրաքվեո՞վ պղծեց» Հարցնում էր Պ. Հայրիկյանը Եթե չլիներ Ստալինը, ԱԻՄ կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը դատարան չէր հրավիրի ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) պետ Լավրենտի Միրզոյանին եւ չէր մեղադրի անգործության մեջ: Բանն այն է, որ Ստալինի ցանկությամբ 1922-ից գործածության մեջ մտած արեւելահայերենը, որը կիրառվում է նաեւ ներկայումս, խախտում է Պ. Հայրիկյանի իրավահավասարության սկզբունքը: «ՀՀ սահմանադրությամբ պետական լեզուն հայերենն է: Հետագայում Հայաստանը հանրաքվեով սահմանազատվեց ԽՍՀՄ-ից, սակայն մեր պետությունը չի ցանկանում այդ ոլորտում (լեզվաքաղաքականության) կատարել 1991թ. հանրաքվեի պահանջները եւ ձերբազատվել բոլշեւիկյան ուղղագրությունից, ինչի արդյունքում ես չեմ կարողանում օգտվել միասնական (մեսրոպյան) ուղղագրությունից»,- ասաց քաղաքական գործիչը, լրացնելով, որ այդ հարցով իրեն են դիմել նաեւ իր ընկերները, մտավորականները եւ խնդրել «շարժել այդ հարցը», որպեսզի կարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել պետական լեզվաքաղաքականությանը: «ԼՊՏ-ն էլ թող շարժի»,- եզրափակեց Պ. Հայրիկյանը: Տեսչության պետ Լ. Միրզոյանը համաձայնեց, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում հիշատակում կա, որ Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը: Ասաց, որ այդ առիթով մտավորականները բանավեճեր են ունեցել, սակայն կարծիքները երկփեղկվել են: Մի մասը գտել է, որ պետք է վերադառնալ հին ուղղագրությանը, մյուս մասը նպատակահարմար է համարել Սփյուռքում կիրառել արեւելահայերենը: Երկու տեսակետներից եւ ոչ մեկը գիտականորեն հիմնավորված չէ եւ հարցը դեռ պետք է քննարկվի գիտական ավելի մեծ լսարանում, բայց ոչ դատարանում: Պատասխանողը նաեւ հավելեց, որ կա վարչապետի հանձնարարականը լեզվական քաղաքականության պետական ծրագրի վերաբերյալ, որտեղ ներկայացված են վերոնշյալ խնդրին առնչվող դրույթներ եւ որոնց վրա ԼՊՏ-ն աշխատում է: Լ. Միրզոյանը տեղեկացրեց, որ այդ խնդրի լուծումը միլիոնավոր, միլիարդավոր գումարների անհրաժեշտություն է ենթադրում եւ խնդիրը պետք է լուծվի քայլ առ քայլ, ինչը նաեւ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի գործն է: Լ. Միրզոյանը դեմ չէր ուղղագրության միասնականացմանը, սակայն հարցը պետք է համազգային քննարկման դնել եւ ընդհանուր հայտարարի գալ կամ, եթե ոչ՝ «դնենք հանրաքվեի»: Պատասխանողը նաեւ հարկ համարեց նշել, որ ներկայիս ուղղագրությունն այսօր բավարարում է հասարակության լեզվահաղորդակցության պահանջները: Լեզվի վերաբերյալ հանրաքվեի գաղափարին Պ. Հայրիկյանը հակադարձեց. «Ստալինը որ պղծեց մեր մայրենի լեզուն՝ հանրաքվեո՞վ պղծեց»: Նիստին մասնակցող քաղաքական գործիչ Նորիկ Պետրոսյանը դահլիճից վիրավորված բացականչեց. «Ի՞նչ կապ ունի Ստալինը»: Դրան հաջորդեց պատասխանողի անորոշ վերաբերմունքը, սակայն նա համաձայնեց, որ մինչեւ Ստալինը ունեցել ենք միասնական ուղղագրություն: Պարույր Հայրիկյանը պարզաբանեց. «Օրենքը կատարելու համար է եւ ոչ թե քննարկման: Թե չէ ստացվում է՝ հանցագործին պետք է բռնեն եւ հարցնեն, թե ինչ կարծիք ունի իրեն պատժող օրենքի մասին»: Հայցվորն ընդհանուր առմամբ գոհ էր պատասխանողի դրական տրամադրվածությունից, համաձայն էր, որ օրենքը գործողության մեջ դնելու համար ժամանակ է պետք (թեեւ օրենքն ընդունելուց անցել է 13 տարի), սակայն այն չպետք է ձգձգել: Հայցվորը վերջում խորհուրդ տվեց Լ. Միրզոյանին՝ ՀՀ նախագահին չխառնել այդ գործին: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել