Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«37

Դեկտեմբեր 16,2005 00:00

«37 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՆՈՍ» Լյուդմիլա Հարությունյանը խանգարո՞ւմ է 68-ամյա պրոֆեսորի ինքնահաստատմանը «Առավոտը» նամակ է ստացել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոց. աշխատանքի եւ սոց. տեխնոլոգիաների» ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանից: Նամակն այլ հասցեատերեր էլ ունի՝ ԵՊՀ ռեկտոր, ԿԳ նախարարություն, ՀՀ ԱԺ նախագահ: Երկար մտորելուց հետո որոշեցինք նամակին այդուհանդերձ անդրադառնալ՝ հարցը մեկընդմիշտ փակելու նկատառումով: Նամակն ընդդեմ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի մասին է: Նա «մեղադրվում» է «ամեն տարի «ուսանողների ամառային պրակտիկայի» անվան տակ» փաստաթղթային կեղծիքներ թույլ տալու եւ «համալսարանի ղեկավարությանը խաբելու միջոցով գումարներ շորթելու» մեջ: Իբր ուսանողներն ուղարկվում են հանրապետության շրջաններ՝ «իր անձնական տարբեր ծրագրերի կատարման համար սոցիոլոգիական հետազոտություններ կատարելու: Այսինքն՝ այն ֆինանսները, որ Լ. Հարությունյանը պետք է ձեռք բերեր իր ծրագրերով նախատեսված գումարից, գողանում է համալսարանի դրամարկղից՝ շուրջ 0,5 մլն դրամ 2005-ի ամռան ընթացքում»,- եզրակացնում է նամակագիրը՝ նշելով, որ այդ ամենը տիկին Հարությունյանը հաջողել է իրականացնել՝ մատների վրա խաղացնելով համալսարանի պրոռեկտորին եւ գլխավոր հաշվապահին: Նամակագրի կողմից Լ. Հարությունյանը մեղադրվում է նաեւ ֆակուլտետի սկսնակ դասախոսներին ու ասպիրանտներին անվճար աշխատեցնելու, ապա՝ նամակագրին եւ այլ դասախոսների «անձնական շահագրգռվածությունից» ելնելով ստիպելու՝ «անպատրաստ ուսանողներին ստուգարքներ նշանակելու» մեջ: Այս ամենը, իհարկե, ուղեկցվում է անպարկեշտ որակումներով եւ վիրավորական արտահայտություններով: «Առավոտի» հետ զրույցում Լ. Հարությունյանը «37 թվականի դանոս» որակեց այդ նամակը եւ տեղեկացրեց, որ իր պահանջով ԵՊՀ-ում այս հարցի առիթով ստեղծվել է հանձնաժողով: ԵՊՀ լրատվական ծառայությունից տեղեկացանք, որ հանձնաժողովը միայն երեկվանից է սկսել աշխատանքները: Ապա տիկին Հարությունյանը բերեց իր հակափաստարկները: Ըստ այդմ, ԵՊՀ-ում ուսանողների ամառային պրակտիկա երկու անգամ է տեղի ունեցել՝ երկու տարի առաջ եւ այս տարվա ամռանը, ֆինանսական սուղ միջոցների պատճառով՝ ի հեճուկս նամակագրի՝ «ամեն տարի» արտահայտության: Ապա՝ «Անօրինական կարգ լինել չի կարող, քանի որ դա համալսարանի կարգն է: Լուրջ փաստաթղթային կեղծիքներ նույնպես, որովհետեւ դա իրականացվում է ռեկտորի որոշմամբ, տիպային կարգով: Համալսարանի ղեկավարությանը հնարավոր չէ խաբել, առավել եւս, որ այդ պրակտիկան լուրջ վերահսկողության տակ է հատուկ բաժնի կողմից, հազար ու մի փաստաթղթեր են լրացվում: Ուստիեւ մեծ գումարներ էլ հնարավոր չէ շորթել, հատկապես, եթե այդպիսի գումարներ այդտեղ չկան էլ: Ընդ որում, նախատեսված գումարները պրակտիկայի ղեկավարն է վերցնում, ուսանողները ստորագրում են, փաստաթղթերով է ամեն ինչ արվում: Ի դեպ, այս տարի էլ հենց ինքը՝ Գասպարյանն է այդ գումարները ստացել, որպես պրակտիկայի ղեկավար»,- ասում է Լ. Հարությունյանը: Նա մեզ ներկայացրեց նաեւ ՀՀ սոցապ նախարար Աղվան Վարդանյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ, ըստ որի՝ ուսանողների այս տարվա պրակտիկան կազմակերպվել է նախարարության պատվերով՝ աղքատության ընտանեկան նպաստի համակարգի հետագա բարեփոխումների համար: Ինչ վերաբերում է «սկսնակ դասախոսներին եւ ասպիրանտներին շահագործելուն»՝ «աշխատավարձը ստացվում է դրամարկղից, հաշվապահության միջոցով, ես ինչպե՞ս կարող եմ նրանց աշխատավարձ չտալ»,- ասում է Լ. Հարությունյանը: Իսկ անպատրաստ ուսանողներին նշանակելու առումով տիկին Հարությունյանը պատմեց, որ Յու. Գասպարյանը կոնֆլիկտի մեջ է մտել ուսանողների հետ՝ «ուսանողին հարց էր տվել, նա էլ ասել էր՝ դե դու պատասխանիր քո տված հարցին. չէր կարողացել պատասխանել»: Արդյունքում՝ միջամտության եւ հարցն ինչ-որ կերպ կարգավորելու անհրաժեշտություն է առաջացել: «Իսկ ո՞րն է այս «պայքարի» նպատակը»՝ «Առավոտի» հարցին Լ. Հարությունյանը պատասխանեց. «Մոտակա նպատակը դեկան դառնալն է: Նա ինձ առաջարկել է, որ ես իմ տեղն իրեն զիջեմ: Այդ փաստը նույնիսկ համալսարանի ռեկտորին ապշեցրեց: Գասպարյանը կրթությամբ տնտեսագետ է, ժամանակին ՆԳ համակարգում է աշխատել, որտեղից հեռացվել է, տարբեր հիմնարկներում աշխատելուց հետո ինչ-որ գործունեության արդյունքում փախել է Հայաստանից: Այդ ընթացքում ՌԴ-ում հաջողացրել է դոկտորական պաշտպանել: Հիմա վերադարձել է ու որոշել, որ ինքը պետք է տեղ գրավի, ես էլ, փաստորեն, իրեն խանգարում եմ»: Լ. Հարությունյանը այլ մտավախություններ էլ ունի. «Հնարավոր է համալսարանական խորհրդի, որն ընտրվում է, անդամներից յուրաքանչյուրին մի ձեւով ցանկանում են ահաբեկել: Կամ էլ՝ Ամիրյան փողոցի պատմական շենքերի հարցը, որ ես այդքան սրել եմ… Անգամ չգիտեմ էլ ի՞նչ մտածեմ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել