Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՀԻՎԱՆԴ

Դեկտեմբեր 16,2005 00:00

«ՀԻՎԱՆԴ ԱԶԳԻ ՀԵՏ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԽԱՂԱԼ» Այս կարծիքի է ՀՅԴ խմբակցության անդամ, գրող Ռուբեն Հովսեփյանը – Ինչպե՞ս եք գնահատում հասարակության տրամադրությունները, ներքաղաքական իրավիճակը, ընդդիմություն-իշխանություն հարաբերությունները եւ հասարակության վերաբերմունքն այդ ամենին: Եվ, ընդհանրապես, ո՞վ է մեղավոր ստեղծված անկումային տրամադրությունների համար: – Հարցին պետք է բազմակողմանի նայես. այստեղ մի գործոն չի, մի խնդիր չի, մեկի մեղավորություն չի, այնքան բաներ կան, որ եթե ասեմ, հանկարծ կարող է պարզվել, որ առհասարակ մեղավոր չեմ տեսնում: Մեղք ենք, մեղք ազգ ենք: – Իսկ ինչո՞ւ ենք մենք այսպիսին, այսօրվա պատճառը ի՞նչն է: – Ըստ երեւույթին, մեր գենի մեջ ինչ-որ բան կա դրված, որովհետեւ այն, ինչ ասում եմ, ինչին ես եմ հանգել, դա մեր բոլոր պատմիչների մոտ կա, միշտ եղել է: Քանի որ այդպես է, այսպես ոտի վրա, հանպատրաստի, միակողմանի հարցազրույցները, ինչքան էլ դիպուկ կամ սիրուն ձեւակերպվեն, նույնիսկ ավելի վնասակար են, քան՝ օգտակար: Մենք անընդհատ ուզում ենք ախտաճանաչում անել, որպեսզի կարողանանք բուժվել, բայց ախտաճանաչումը չենք կարողանում անել միայն մեկ նշանով: Իսկ մեր հիվանդությունը մի նշանով չի, բազմանշան է, դրա համար էլ չենք կարողանում բուժման եղանակը գտնել: Շատ լուրջ քննարկելու բան ունենք: – Ո՞վ է դա անելու, նախաձեռնողը ո՞վ է լինելու: – Ես ամենակարճ ճանապարհը ասեմ, բայց դուրս կգա, որ դա ամենաերկարն է՝ հասարակական միտք, քաղաքացիական հասարակություն պետք է լինի, որովհետեւ կառավարություն, իշխանություն, միշտ էլ կարող է վատը լինեն, միշտ էլ կարող է սխալ ընտրություն լինել, սխալ մարդ ընտրվել, բայց դրա դեմ պիտի աշխատի ուժեղ օրգանիզմը. այդ ուժեղ օրգանիզմը չկա: Երբ դու հիվանդության դեմ ես պայքարում, ոչնչի չես հասնի, կարող ես հիվանդությունը խլացնել, բայց օրգանիզմդ չի լավանա, այսինքն՝ բժշկության ամենամեծ փիլիսոփայական գյուտը, որ արել են, այն է, որ ոչ թե պետք է հիվանդության դեմ պայքարես, այլ՝ օրգանիզմն ուժեղացնես: Եվ եթե մեր հասարակությունը հիվանդ է, պետք է հասարակությունն ուժեղացնես: – Բայց հասարակությունը չի ուզում ուժեղանալ, դիտորդի դերում է: – Այդպես է, որովհետեւ հիվանդ է, իսկ այս դեպքում բուժման այդ եղանակները չպիտի լինեն, կրակոցով չպիտի լինի, ճառով չպիտի լինի, խոսելով չպիտի լինի: Աստիճանաբար-աստիճանաբար, բայց երբ ասում եմ աստիճանաբար, բոլորին թվում է, թե սա ամենաերկար ճանապարհն է, սա կարող է չազդել, բայց, իրականում, սա ամենակարճն է: Ինչքան դու հիմա կտրուկ քայլեր անես՝ այնքան կհետաձգես առողջացումը: – Նույնիսկ այդ աստիճանաբարը ինչ-որ մեկը պիտի սկսի, ո՞վ է դա լինելու՝ ընդդիմությո՞ւնը, իշխանության ներսի՞ց, ո՞վ: – Բոլորը, բոլորը, մի բան, որ կարող է մի քիչ արագացնել պրոցեսը, որ նույնպես հնարավոր է, այն է, որ իշխանության գան լավ տղերք, այս բոլոր բաներից լավ հասկացող, ազգային մտածող լավ տղերք, մշակույթի կրողներ: Սրանք կարող են արագացնել պրոցեսը, բայց կտրուկ չի կարելի, հենց որ կտրուկ սկսեն, ուրեմն իրենք այդ տղերքը չեն կամ՝ սխալ գծի վրա են: Հիվանդ ազգի հետ չի կարելի հեղափոխություն խաղալ, նույնիսկ հեղափոխություն անել, որովհետեւ դա փրկություն չի, դա ավելի հետաձգում է այն իմ ասած օրը, որը պիտի լինի, շատ է հետաձգում: Իմ ասածն էլ կարող է շատ երկար է, գրականության միջոցով, նվիրյալ տղերքի միջոցով, գաղափարակիրների միջոցով, այսօր այնքան գաղափար կա, բայց գաղափարակիրը չկա: – Դուք փաստորեն այսօր նույնիսկ այդպիսին չեք համարում Դաշնակցությանը, որի անդամն եք, ի վերջո, որքան էլ մտավորական, այնուամենայնիվ, կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչ եք, եւ ձեր ասածից հասկացա, որ նույնիսկ քաղաքական ուժը չի կարող անել այն, ինչի մասին դուք հիմա խոսում եք: – Չի կարող անել, որովհետեւ բեռը շատ մեծ է: Միակ թերությունը, որ ես կարող եմ կուսակցության մասին ասել, այն է, որ թերեւս չի էլ գիտակցում, որ բեռը մեծ է, եւ կարող է քայլ անել հանուն լավ բանի եւ ավելի հետաձգել: Որովհետեւ իրոք շատ մեծ բեռ է, սա մի կուսակցության բան չի, սա մի մարդու բան չի: Ամեն մեկն իր սահմանների մեջ պիտի կատարյալ գործ անի, որ միասին համախումբ ստեղծվի, թե չէ՝ կլինի այնպես, ինչպես տնտեսության մեջ, երբ մեկը մոնոպոլիստ է, իր գործը շատ լավ է լինում, գուցե նաեւ իր շրջապատի տնտեսական դաշտը շատ լավ է լինում, բայց ամբողջ երկրում լավ չի լինում: Այդպես էլ մոնոպոլիա չի կարող անել ոչ մի առանձին անհատ եւ ոչ մի առանձին կուսակցություն: – Երբ այսօր ամեն ինչ նկարում, լցոնում, վերաձեւում եւ տնօրինում է իշխանությունը, նրա մեջ գտնվողները՝ դա նույն մոնոպոլիան չի՞: – Նույնն է, դրա համար էլ վիճակն այսօր այն է, ինչ տեսնում ենք. ո՞վ ասաց, որ իշխանությունը թերություն չունի, իսկ թերություններից մեկն էլ այն է, որ իրոք այսօր մոնոպոլիա են համարվում շատ կարեւոր բաներ: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել