«Տոնկի նամյոկ» «Մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ մեր քննարկումները: Համարում ենք, որ 2005 թ. ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր, եւ հույս ունենք, որ այդ դրական միտումը կպահպանվի նաեւ եկող տարվա ընթացքում»: Եթե խտացնելու լինենք ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի մատուցած երեկվա ասուլիսի ողջ նյութը, ապա այն կընդունի վերը բերված տեսքը: Այլ ուշագրավ մտքեր, առնվազն՝ կապված հակամարտության կարգավորման ու, մասնավորապես, համանախագահների ընթացիկ այցի հետ, չեն եղել, չնայած նույն հարցը տարբեր ձեւակերպումներով հնչեցնելու՝ լրագրողների բանեցրած բազմաթիվ ճարպիկ հնարքներին: Ըստ նախարարի՝ այս պահին չկա առաջարկների փաթեթ. քննարկումները ծավալվում են հարցի կարգավորման հիմնական սկզբունքների, ինչպես նաեւ լրացուցիչ տարրերի շուրջ: «Միայն սրանց վերաբերյալ համաձայնության դեպքում այն կարող է վերածվել առաջարկների նախագծի». ահա այս խիստ ծանոթ՝ շուրջ 8 տարվա վաղեմության ձեւակերպմամբ էլ նախարարն ամփոփեց ղարաբաղյան թեման, ինչին, թերեւս, հավելենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վայրի ու ժամկետի մասին դեռեւս չկան պայմանավորվածություններ, սակայն «առկա է այդ հանդիպումը հաջորդ տարվա սկզբին իրականացնելու երկկողմ ցանկություն»: Եվ մի փոքրիկ սենսացիա՝ ՆԱՏՕ-ի թեմատիկայի շրջանակում: Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀ-ն երբեւէ կանդամակցի այդ դաշինքին, Օսկանյանը պատասխանեց, թե դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ՀՀ համագործակցության հաջորդ փուլը Անհատական գործակցության ծրագրի /IPAP/ իրագործումից հետո: Խոսելով ՆԱՏՕ-ին՝ Հարավային Կովկասի մյուս երկրների անդամակցության հեռանկարների շուրջ, Օսկանյանը նշեց. «Բացառված չէ, որ Վրաստանն իսկապես կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին 5-6 տարվա ընթացքում: Ադրբեջանը դեռեւս չի խոսում այդ մասին: Ինչ վերաբերում է մեզ, ապա կան գործընթացներ, որոնցից մենք չենք կարող զերծ մնալ, քանի որ դա կհակասի մեր շահերին: Ինչպիսի՞ն կլինի հաջորդ փուլը՝ դժվար է ասել: Կարծում եմ, շատ բան կախված կլինի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամկետներից: Ամեն դեպքում ժամանակ դեռ կա»,- ասաց բանախոսը: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ այսպիսով ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը, այսպես ասենք, առաջին անգամ պաշտոնապես հնարավոր համարվեց, թեեւ այդ բանն առայժմ արվեց ընդամենը հակառակը չպնդելու տեսքով: Մի բան, որ, համենայնդեպս, մինչ այժմ չէր եղել: Ու թերեւս իմաստ ունի, գուցեեւ սխալվելու որոշակի հավանականությամբ, այդ ակնարկը, ի մասնավորի, դիտարկել ռուսական գազի գների բարձրացման համատեքստում: Եվ վերջում՝ Ահմադինեջադի հայտնի հակահրեական կոչերի մասին: «Մենք միշտ դիտարկել ենք Իրանի հետ մեր հարաբերությունները բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում եւ չենք մեկնաբանում այդ շրջանակներից դուրս եկող հարցերը». ահա ամենը, ինչ այս հարցի շուրջ դիվանագիտորեն հնչեցրեց ԱԳ նախարարը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ