ՎՃՌԱԿԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԷԼԻ ՉԻ ՍՏԱՑՎԻ Այսօր ընդդիմությունը Մատենադարանի տարածքում հերթական ու, ամենայն հավանականությամբ, այս տարվա վերջին հանրահավաքը կանցկացնի: Թեեւ ընդդիմության այսօրվա հանրահավաքը, այսպես կոչված՝ «արտոնված» է Երեւանի քաղաքապետարանի կողմից, այդուհանդերձ, նաեւ ընդդիմադիր ճամբարում համոզմունք կա, որ այս անգամ եւս «կրիտիկական» զանգված չի հավաքվելու: Թերեւս այդ է պատճառը, որ վերջին երկու հանրահավաքների անցկացումը Երեւանի քաղաքապետարանը «ոչ նպատակահարմար» չի համարել՝ մտածելով, որ դրանք առանց այն էլ սակավաթիվ են լինում ու իշխանությունների համար էլ առանձնապես մեծ վտանգ չեն ներկայացնում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցն այս խնդրին այլ տեսանկյունից է մոտենում. «Ինձ թվում է, որ նույնիսկ 10 հոգու հավաքվելը կարող է վախեցնել իշխանություններին, որովհետեւ նրանք հասարակական հենարան չունեն: Բայց հարցադրման մեջ ենթադրյալ պատասխան կա: Իշխանությունները, հավանաբար, գիտեն՝ որքանով են ահաբեկել ՀՀ քաղաքացիներին եւ մոտավոր պատկերացում ունեն հավաքվողների թվի մասին»: Բայց արդյո՞ք հանրահավաքների սակավաթիվ լինելը պայմանավորված է միայն իշխանությունների պրոֆիլակտիկ աշխատանքներով, թե՞ դա նաեւ հասարակության մոտեցումն է դարձել: «Հանրապետության» ներկայացուցչի դիտարկմամբ՝ բացի իր՝ արդեն նշած գործոնից, իհարկե, կան նաեւ այլ գործոններ. «Ընդդիմությունը գտնվում է տեղեկատվական շրջափակման մեջ, ու մեր հասարակության մի լայն զանգված տեղյակ էլ չէ մեր նախաձեռնած հանրահավաքների մասին: Երրորդ, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է հստակ գիտակցի ու համոզված լինի, որ ընդդիմության գործողությունների նպատակը ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունն է, ինչն ամիջականորեն առնչվում է հասարակության յուրաքանչյուր անդամի շահերին: Մյուս կողմից, ես բազմիցս եմ ասել, որ ՀՀ-ում որակապես նոր ընդդիմություն ձեւավորելու անհրաժեշտություն կա: Ես ընդունում եմ, որ ընդդիմությունը իր գործունեությունը, համակարգային իր մոտեցումները վերագնահատելու անհրաժեշտություն ունի: Նա պետք է կարողանա ապացուցել, որ իր նախաձեռնած շարժման նպատակը Հայաստանի քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելն է: Հասարակությունն էլ պետք է հասկանա, որ գալով հանրահավաքների՝ նա հագուրդ է տալիս ոչ թե հարթակում կանգնած գործիչների հավակնություններին, այլ՝ գալիս է իր իրավունքները պաշտպանելու: Եթե հասարակության 85 տոկոսը բոյկոտել է հանրաքվեն, ինչը քաղաքացիական անհնազանդության դրսեւորման ձեւ է, միեւնույն ժամանակ պասիվ է ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու իմաստով, նշանակում է ընդդիմության առջեւ որակապես նոր մոտեցումների պահանջ է դնում»: Իսկ այսօր հրավիրված հանրահավաքից ընդդիմությունն ի՞նչ ակնկալիք ունի, առավել եւս, որ առանձնապես մեծ հույսեր չկան, որ դրան ավելի շատ մարդ կմասնակցի, քան՝ նախորդ անգամ: «Այդ հանրահավաքը չպետք է դիտարկել հեղափոխություն անելու համատեքստում՝ որպես, «վճռական» հանրահավաք։ Ես խորապես համոզված եմ, որ դեմոկրատական հեղափոխությունը դա մեկ ընտրության կամ մեկ ակցիայի հետեւանք չէ: Դա երկարատեւ, հետեւողական ու քրտնաջան աշխատանքի արդյունք կարող է լինել: Առաջիկա հանրահավաքը ավելի շուտ հարթակ է, որի միջոցով մենք հարաբերվելու ենք մեր հասարակության հետ, ներկայացնելու ենք մեր մոտեցումները, նաեւ որոշակի տեղեկատվություն ենք տալու մեր առաջիկա անելիքների վերաբերյալ: Ես հակված եմ առաջիկա հանրահավաքը դիտարկել հենց այդ հարթության մեջ: Բոլոր դեպքերում համոզված եղեք, որ 2003-ից սկսված դեմոկրատական հեղափոխությունն անպայման հաղթանակելու է, որովհետեւ Հայաստանը Արմենբաշի պահելու ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական ռեսուրսներ չունի»,- հայտարարեց «Հանրապետության» ներկայացուցիչը: Օրերս «Արդարություն» դաշինքի առաջնորդ, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը հայտարարել էր, թե նպատակահարմար չի գտնում հանրահավաքներ անցկացնելը եւ ՀԺԿ-ն առաջիկա հանրահավաքներին չի մասնակցի: «Յուրաքանչյուր քաղաքական ուժ ազատ է որոշելու իր գործողությունների մարտավարությունը: Մենք չենք կիսում ՀԺԿ-ի մոտեցումները, բայց միաժամանակ կարծում ենք, որ բացարձակ ճշմարտություններ գոյություն չունեն: Ժամանակը ցույց կտա, թե պայքարի որ մարտավարությունն է ավելի արդյունավետ: Այդուամենայնիվ, մենք կարծում ենք, որ հանրահավաքային պայքարը քաղաքական պայքարի ձեւերից մեկն է, եւ այդ ռեսուրսը տակավին սպառված չէ: Դրանով հանդերձ, մենք երբեւէ չենք հայտարարել, որ մեկ հանրահավաքով հնարավոր է բոլոր հարցերը լուծել: Մենք էլ ենք կարեւորում քաղաքական բազմահարթակ գործունեությունն ու այլ միջոցառումները եւս, ինչի ուղղությամբ նաեւ աշխատանքներ ենք տանում ու, ի տարբերություն մյուս կուսակցությունների, չենք ուզում իրար հակադրել պայքարի հանրահավաքային եւ այլ ձեւերը: Հավելեմ նաեւ, որ երբ որեւէ քաղաքական ուժ մերժում է այլ քաղաքական ուժերի մարտավարությունը, ասենք՝ հանրահավաքներ անցկացնելու, առնվազն պարտավոր է ներկայացնել քաղաքական այն գործիքները, որով նա պատրաստվում է շարունակել իր պայքարը»,- նկատեց Ս. Սուրենյանցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ