Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ

Դեկտեմբեր 16,2005 00:00

ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԿՆԱԽԱՁԵՌՆԻ՞ ԱՐՏԱՀԵՐԹ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵԽԽՎ-ՈՒՄ Շավարշ Քոչարյանին ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունից հանելու գինը նաեւ այն է, որ սահմանադրական հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների հարցը չի քննարկվի ԵԽԽՎ-ում: Երեկ Փարիզում գումարվեց ԵԽԽՎ դիտարկման կոմիտեի նիստը, որի օրակարգում էր նոյեմբերի 27-ին անցկացված սահմանադրական հանրաքվեի դիտարկման արդյունքների վերաբերյալ Հայաստանի հարցով զեկուցող Ժորժ Կոլոմբիեի հաղորդագրությունը: Նշենք, որ նա միայնակ է մնացել, քանի որ մեր հարցով մյուս զեկուցողը՝ Յերժի Յասկերնիան, չի վերընտրվել Լեհաստանի խորհրդարանում, ուստի այլեւս պատվիրակ չէ նաեւ ԵԽԽՎ-ում: ԵԽ առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների հարցով պիտի նշանակվի մի նոր զեկուցող: Այս տեղեկությունները մեզ փոխանցեց Դիտարկման կոմիտեի անդամ Շավարշ Քոչարյանը, որը վերջին անգամ էր իբրեւ պատվիրակ մասնակցում ԵԽԽՎ աշխատանքներին: Հայաստանի հարցի քննարկման մասին նա ասաց. «Գրավոր տեղեկատվություն ներկայացվեց, որն, ըստ էության, փոքրիկ զեկույց էր՝ ներկայացված ԵԽԽՎ դիտորդների կողմից, այլ ոչ թե Կոլոմբիեի: Դիտորդական խումբն առավել ընդլայնել էր այն հաղորդագրությունը, որը ներկայացվել էր Երեւանում: Կոլոմբիեի ներկայացրած զեկույցում մտահոգություններ եւ հարցեր կային, ասենք, նման փաստերի առնչությամբ, որ տեղամասերից մեկում դիտորդներն արձանագրել են 280 հոգու մասնակցություն, իսկ հետո իմացել, որ այնտեղ քվեարկել են 800 հոգի: Ընդհանուր առմամբ, անվստահություն կար մասնակիցների թվի նկատմամբ: Նիստի ժամանակ նաեւ հարց տրվեց, թե ո՞վ կարող էր դիմել Սահմանադրական դատարան, սահմանափակում կա՞: Տրվեցին պարզաբանումներ»: Շավարշ Քոչարյանը պատմեց, որ Կոլոմբիեն որեւէ որոշակի առաջարկ չի արել. «Նրան հարցրին, թե ինչ է առաջարկում՝ Վեհաժողովում առանձի՞ն քննարկել հանրաքվեի արդյունքների հարցը, միացնել մեր պարտավորությունների դիտարկման վերաբերյալ ընդհանուր զեկույցի՞ն: Ի վերջո՝ եկան համաձայնության, որ պիտի առաջարկ անի մյուս նիստին»: Նիստին մասնակցում էին Դիտարկման կոմիտեի անդամ բոլոր երեք հայ պատվիրակները՝ Տիգրան Թորոսյանը, Արմեն Ռուստամյանը եւ Շավարշ Քոչարյանը: Հետաքրքրվեցինք, թե վերջինս որեւէ առաջարկ չի՞ արել սահմանադրական հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների հարցը ԵԽԽՎ-ում առանձին քննարկելու վերաբերյալ: «Դրա համար մեխանիզմներ կան՝ առաջարկելով չի: Եթե նպատակ կա՝ պիտի ստորագրահավաք նախաձեռնել, որ օրակարգ մտնի իբրեւ հրատապ հարց,- հիշեցրեց պրն Քոչարյանը:- Դե, հասկանալի է, որ հիմա իմ կողմից նման նախաձեռնությամբ հանդես գալը մի քիչ տարօրինակ կլիներ: Ես չեմ կարող սկսել մի գործընթաց, որը պիտի կիսատ թողնեմ: Այնպես որ՝ այդպիսի հնարավորություն ունի ինձ փոխարինողը. նա կարող է զբաղվել այդ հարցով»: Քննարկման ընթացքում Շավարշ Քոչարյանին դիմել են իբրեւ ընդդիմության ներկայացուցչի՝ պարզելու գնահատականը հանրաքվեի վերաբերյալ. «Ես շատ կարճ պատասխանեցի, թե փոփոխությունների բովանդակությունը մի քայլ առաջ է նախկին Սահմանադրությունից, իսկ ընտրական գործընթացների հարցում՝ քայլ ետ էր: Բայց ես այս պարագայում չեմ ներկայացնում «Արդարություն» դաշինքի տեսակետը՝ նախ այն պատճառով, որ մեր կուսակցության տեսակետը տարբերվել է, եւ երկրորդը՝ տեղյակ պահեցի, որ ես արդեն փոխարինված եմ. կգա նոր ներկայացուցիչ, որը կներկայացնի «Արդարության» տեսակետը»: Հետաքրքրվեցինք, թե բացի Դիտարկման կոմիտեի պաշտոնական նիստից՝ ԵԽԽՎ պատվիրակների հետ շփումներից ի՞նչ տրամադրվածություն է պարզել՝ ոգեւորվա՞ծ են, որ անցել է իրենց կողմից բարձր գնահատված սահմանադրական փոփոխությունների նախագիծը, թե՞ այն ստվերել են տեղի ունեցած խախտումները: Շավարշ Քոչարյանը պատմեց. «Շատերը ոչ պաշտոնական զրույցների ընթացքում խոստովանում էին, որ հայտնվել են երկակի վիճակում: Մի կողմից, իրենց համար ակնհայտ է, որ այդպիսի Սահմանադրությունն ապագայի համար ստեղծում է ավելի լավ հնարավորություններ: Մյուս կողմից, իհարկե, իրենց շատ է մտահոգում այդպիսի որակի հանրաքվեն: Ասում էին, թե ովքեր գնացել են հանրաքվեի՝ որպես կանոն, պետք է կողմ եղած լինեն այդ նախագծին, բայց ամբողջ հարցն այն է, թե որքա՛ն մարդ է գնացել հանրաքվեի: Այն թվերը, որոնք ներկայացվում են, անհավանական են թվում ԵԽԽՎ պատվիրակներին»: Սակայն նրանց համար մտահոգիչ է եղել նաեւ Հայաստանի ընդդիմադիրների դիրքորոշումը: «Մի կողմից՝ նրանց համար անհասկանալի է «դեմ» լինելը,- ԵԽԽՎ-ում առկա տրամադրությունները փոխանցեց Շավարշ Քոչարյանը:- Մյուս կողմից էլ՝ նաեւ անհասկանալի է այն հանգամանքը, որ ընդդիմությունն, ըստ էության, չկարողացավ արդյունավետ վերահսկել: Նման հարցեր եղան, թե լավ, դիմե՞լ են Սահմանադրական դատարան, բա ինչո՞ւ չեն դիմել եւ այլն»: Հունվարին գումարվելիք ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում թերեւս չեն լինի Հայաստանին վերաբերող քննարկումներ. «Որպես օրակարգային չկա որեւէ ընդգրկված հարց: Իսկ արտահերթ քննարկումը նախաձեռնողների խնդիրն է»: Չենք կարծում, որ նման քննարկում կարողանա նախաձեռնել ԵԽԽՎ-ում դեռեւս նոր պատվիրակ Ստեփան Դեմիրճյանը: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել