Լրահոս
Օրվա լրահոսը

Կբացվի ծիծաղի դպրոց

Դեկտեմբեր 16,2005 00:00

Դեկտեմբերի 16-ին կկայանա «Մեր բակը-3» ֆիլմի պրեմիերան,
սակայն «բակի» հիմնական բնակիչներից մեկը՝ Աշոտ Ղազարյանը դրան չի մասնակցի: Սիրված
դերասանը այդ օրերին մեկնելու է հյուրախաղերի Սանկտ Պետերբուրգ եւ Աստրախան: Իսկ
մինչ այդ նա, թեպետ հրավիրված է մի շարք հեռուստաընկերությունների ամանորի միջոցառումներին,
հիմնականում հանդես կգա Հանրային հեռուստաընկերության ամանորյա տոնական ծրագրում՝
70-ականների հայտնի մարդկանց մասնակցությամբ կազմված համերգին, ուր, ըստ նրա, սպասվում
են անակնկալներ: «Ցավում եմ, որ չեմ կարող ներկա լինել պրեմիերային: Տասը տարի է՝
անհամբեր սպասում ենք ֆիլմի երրորդ մասին: Այն նոր տարվա գիշերը կներկայացվի հեռուստադիտողին,
իսկ ես մոնտաժից հետո ֆիլմը չեմ դիտել»,- ասաց Ա. Ղազարյանը: Նա Ծննդյան տոներից
հետո մոտ երեք ամսով կմեկնի ԱՄՆ, ուր կմասնակցի պարահանդեսների եւ կունենա մենահամերգներ:
Աշոտ Ղազարյանին մենք հանդիպեցինք նաեւ Աշտարակում՝ «Պահպանենք մեր մշակույթը» խորագրով
փառատոնի ժամանակ: Նրան ժողովուրդը ամենաջերմն ընդունեց. «Ինչքան որ կարողացել եմ,
սիրով մասնակցել եմ, որովհետեւ բարի բան է արվում: Հանդիսատեսը շատ ջերմ է: Հայաստանում
այնպիսի անկյուն չկա, ուր չեմ եղել, հատկապես մինչեւ անկախությունը: Հիմա քիչ այլ
է: Կուլտուրայի տներ կան, որ ապակիներ չունեն, լույս չկա, տարրական պայմաններ: Չենք
գնում, բայց կարոտում ենք մեր մաքուր, զուլալ ժողովրդի անկեղծ ընդունելությանը: Ինչքան
պարզ է ժողովուրդը, այնքան հաճելի է ու քեզ պարտավորված ես զգում»: Աշոտ Ղազարյանը
վերջերս է վերադարձել Եվրոպայից, ուր մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում,
Շվեդիայում, Բելգիայում: «Մոտ երկուսուկես ժամանոց հետաքրքիր ծրագիր էր, կենդանի
հնչողությամբ կատարվող երգերը զուգորդվում էին մենախոսություններով, անեկդոտներով:
Պատկերացրեք, որ ծրագրից հետո միանգամից նոր պայմանագրի առաջարկ ստացա հաջորդ տարվա
համար: Ըստ պայմանավորվածության՝ 2007-ի մարտին կկայանան հյուրախաղերը»,- պատմեց
դերասանը: Նա ունի նոր մտահղացում, որն արդեն կյանքի է կոչել. «Դպրոց եմ բացելու,
որը կկոչվի Աշոտ Ղազարյանի խոսքի եւ ծիծաղի դպրոց: Տեղն արդեն կա՝ Ջոն Կիրակոսյանի
անվան դպրոցում, փաստաթղթային մասն էլ ավարտված է: Այստեղ 10-16 տարեկան երեխաները
կանցնեն բեմական խոսք, դերասանի վարպետություն, երգ, պար, կսովորեն համերգներ վարել:
Մասնագետներ ենք հրավիրելու կոնսերվատորիայից, թատերական ինստիտուտից: Շնորհալի,
երգող երեխաներից կկազմենք համերգային խումբ, որը կմասնակցի իմ նկարահանումներին:
Կունենանք նաեւ փոքրիկ թատրոն: Ամուր հիմքերի վրա դրված դպրոց է լինելու: Այսօր շատ-շատ
շնորհքով երեխաներ կան, որ ծնողները չգիտեն ուր տանեն»: ՌՈՒԶԱՆ
ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել