Հարցնում
էր Պ. Հայրիկյանը Եթե չլիներ Ստալինը, ԱԻՄ կուսակցության նախագահ
Պարույր Հայրիկյանը դատարան չէր հրավիրի ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչության (ԼՊՏ) պետ
Լավրենտի Միրզոյանին եւ չէր մեղադրի անգործության մեջ: Բանն այն է, որ Ստալինի ցանկությամբ
1922-ից գործածության մեջ մտած արեւելահայերենը, որը կիրառվում է նաեւ ներկայումս,
խախտում է Պ. Հայրիկյանի իրավահավասարության սկզբունքը: «ՀՀ սահմանադրությամբ պետական
լեզուն հայերենն է: Հետագայում Հայաստանը հանրաքվեով սահմանազատվեց ԽՍՀՄ-ից, սակայն
մեր պետությունը չի ցանկանում այդ ոլորտում (լեզվաքաղաքականության) կատարել 1991թ.
հանրաքվեի պահանջները եւ ձերբազատվել բոլշեւիկյան ուղղագրությունից, ինչի արդյունքում
ես չեմ կարողանում օգտվել միասնական (մեսրոպյան) ուղղագրությունից»,- ասաց քաղաքական
գործիչը, լրացնելով, որ այդ հարցով իրեն են դիմել նաեւ իր ընկերները, մտավորականները
եւ խնդրել «շարժել այդ հարցը», որպեսզի կարողանան իրենց գործունեությունը համապատասխանեցնել
պետական լեզվաքաղաքականությանը: «ԼՊՏ-ն էլ թող շարժի»,- եզրափակեց Պ. Հայրիկյանը:
Տեսչության պետ Լ. Միրզոյանը համաձայնեց, որ «Լեզվի մասին» ՀՀ օրենքում հիշատակում
կա, որ Հայաստանի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:
Ասաց, որ այդ առիթով մտավորականները բանավեճեր են ունեցել, սակայն կարծիքները երկփեղկվել
են: Մի մասը գտել է, որ պետք է վերադառնալ հին ուղղագրությանը, մյուս մասը նպատակահարմար
է համարել Սփյուռքում կիրառել արեւելահայերենը: Երկու տեսակետներից եւ ոչ մեկը գիտականորեն
հիմնավորված չէ եւ հարցը դեռ պետք է քննարկվի գիտական ավելի մեծ լսարանում, բայց
ոչ դատարանում: Պատասխանողը նաեւ հավելեց, որ կա վարչապետի հանձնարարականը լեզվական
քաղաքականության պետական ծրագրի վերաբերյալ, որտեղ ներկայացված են վերոնշյալ խնդրին
առնչվող դրույթներ եւ որոնց վրա ԼՊՏ-ն աշխատում է: Լ. Միրզոյանը տեղեկացրեց, որ այդ
խնդրի լուծումը միլիոնավոր, միլիարդավոր գումարների անհրաժեշտություն է ենթադրում
եւ խնդիրը պետք է լուծվի քայլ առ քայլ, ինչը նաեւ ԱԺ-ի եւ ՀՀ նախագահի գործն է: Լ.
Միրզոյանը դեմ չէր ուղղագրության միասնականացմանը, սակայն հարցը պետք է համազգային
քննարկման դնել եւ ընդհանուր հայտարարի գալ կամ, եթե ոչ՝ «դնենք հանրաքվեի»: Պատասխանողը
նաեւ հարկ համարեց նշել, որ ներկայիս ուղղագրությունն այսօր բավարարում է հասարակության
լեզվահաղորդակցության պահանջները: Լեզվի վերաբերյալ հանրաքվեի գաղափարին Պ.
Հայրիկյանը հակադարձեց. «Ստալինը որ պղծեց մեր մայրենի լեզուն՝ հանրաքվեո՞վ պղծեց»:
Նիստին մասնակցող քաղաքական գործիչ Նորիկ Պետրոսյանը դահլիճից վիրավորված բացականչեց.
«Ի՞նչ կապ ունի Ստալինը»: Դրան հաջորդեց պատասխանողի անորոշ վերաբերմունքը, սակայն
նա համաձայնեց, որ մինչեւ Ստալինը ունեցել ենք միասնական ուղղագրություն: Պարույր
Հայրիկյանը պարզաբանեց. «Օրենքը կատարելու համար է եւ ոչ թե քննարկման: Թե չէ ստացվում
է՝ հանցագործին պետք է բռնեն եւ հարցնեն, թե ինչ կարծիք ունի իրեն պատժող օրենքի
մասին»: Հայցվորն ընդհանուր առմամբ գոհ էր պատասխանողի դրական տրամադրվածությունից,
համաձայն էր, որ օրենքը գործողության մեջ դնելու համար ժամանակ է պետք (թեեւ օրենքն
ընդունելուց անցել է 13 տարի), սակայն այն չպետք է ձգձգել: Հայցվորը վերջում խորհուրդ
տվեց Լ. Միրզոյանին՝ ՀՀ նախագահին չխառնել այդ գործին: Է.
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ