Լրահոս
Օրվա լրահոսը

«37 ԹՎԱԿԱՆԻ ԴԱՆՈՍ»

Դեկտեմբեր 16,2005 00:00

Լյուդմիլա
Հարությունյանը խանգարո՞ւմ է 68-ամյա պրոֆեսորի ինքնահաստատմանը «Առավոտը»
նամակ է ստացել ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոց. աշխատանքի եւ սոց. տեխնոլոգիաների»
ամբիոնի վարիչ Յուրի Գասպարյանից: Նամակն այլ հասցեատերեր էլ ունի՝ ԵՊՀ ռեկտոր, ԿԳ
նախարարություն, ՀՀ ԱԺ նախագահ: Երկար մտորելուց հետո որոշեցինք նամակին այդուհանդերձ
անդրադառնալ՝ հարցը մեկընդմիշտ փակելու նկատառումով: Նամակն ընդդեմ ԵՊՀ սոցիոլոգիայի
ֆակուլտետի դեկան, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանի
մասին է: Նա «մեղադրվում» է «ամեն տարի «ուսանողների ամառային պրակտիկայի» անվան
տակ» փաստաթղթային կեղծիքներ թույլ տալու եւ «համալսարանի ղեկավարությանը խաբելու
միջոցով գումարներ շորթելու» մեջ: Իբր ուսանողներն ուղարկվում են հանրապետության
շրջաններ՝ «իր անձնական տարբեր ծրագրերի կատարման համար սոցիոլոգիական հետազոտություններ
կատարելու: Այսինքն՝ այն ֆինանսները, որ Լ. Հարությունյանը պետք է ձեռք բերեր իր
ծրագրերով նախատեսված գումարից, գողանում է համալսարանի դրամարկղից՝ շուրջ 0,5 մլն
դրամ 2005-ի ամռան ընթացքում»,- եզրակացնում է նամակագիրը՝ նշելով, որ այդ ամենը
տիկին Հարությունյանը հաջողել է իրականացնել՝ մատների վրա խաղացնելով համալսարանի
պրոռեկտորին եւ գլխավոր հաշվապահին: Նամակագրի կողմից Լ. Հարությունյանը մեղադրվում
է նաեւ ֆակուլտետի սկսնակ դասախոսներին ու ասպիրանտներին անվճար աշխատեցնելու, ապա՝
նամակագրին եւ այլ դասախոսների «անձնական շահագրգռվածությունից» ելնելով ստիպելու՝
«անպատրաստ ուսանողներին ստուգարքներ նշանակելու» մեջ: Այս ամենը, իհարկե, ուղեկցվում
է անպարկեշտ որակումներով եւ վիրավորական արտահայտություններով: «Առավոտի»
հետ զրույցում Լ. Հարությունյանը «37 թվականի դանոս» որակեց այդ նամակը եւ տեղեկացրեց,
որ իր պահանջով ԵՊՀ-ում այս հարցի առիթով ստեղծվել է հանձնաժողով: ԵՊՀ լրատվական
ծառայությունից տեղեկացանք, որ հանձնաժողովը միայն երեկվանից է սկսել աշխատանքները:
Ապա տիկին Հարությունյանը բերեց իր հակափաստարկները: Ըստ այդմ, ԵՊՀ-ում ուսանողների
ամառային պրակտիկա երկու անգամ է տեղի ունեցել՝ երկու տարի առաջ եւ այս տարվա ամռանը,
ֆինանսական սուղ միջոցների պատճառով՝ ի հեճուկս նամակագրի՝ «ամեն տարի» արտահայտության:
Ապա՝ «Անօրինական կարգ լինել չի կարող, քանի որ դա համալսարանի կարգն է: Լուրջ փաստաթղթային
կեղծիքներ նույնպես, որովհետեւ դա իրականացվում է ռեկտորի որոշմամբ, տիպային կարգով:
Համալսարանի ղեկավարությանը հնարավոր չէ խաբել, առավել եւս, որ այդ պրակտիկան լուրջ
վերահսկողության տակ է հատուկ բաժնի կողմից, հազար ու մի փաստաթղթեր են լրացվում:
Ուստիեւ մեծ գումարներ էլ հնարավոր չէ շորթել, հատկապես, եթե այդպիսի գումարներ այդտեղ
չկան էլ: Ընդ որում, նախատեսված գումարները պրակտիկայի ղեկավարն է վերցնում, ուսանողները
ստորագրում են, փաստաթղթերով է ամեն ինչ արվում: Ի դեպ, այս տարի էլ հենց ինքը՝ Գասպարյանն
է այդ գումարները ստացել, որպես պրակտիկայի ղեկավար»,- ասում է Լ. Հարությունյանը:
Նա մեզ ներկայացրեց նաեւ ՀՀ սոցապ նախարար Աղվան Վարդանյանի ստորագրությամբ մի փաստաթուղթ,
ըստ որի՝ ուսանողների այս տարվա պրակտիկան կազմակերպվել է նախարարության պատվերով՝
աղքատության ընտանեկան նպաստի համակարգի հետագա բարեփոխումների համար: Ինչ վերաբերում
է «սկսնակ դասախոսներին եւ ասպիրանտներին շահագործելուն»՝ «աշխատավարձը ստացվում
է դրամարկղից, հաշվապահության միջոցով, ես ինչպե՞ս կարող եմ նրանց աշխատավարձ չտալ»,-
ասում է Լ. Հարությունյանը: Իսկ անպատրաստ ուսանողներին նշանակելու առումով տիկին
Հարությունյանը պատմեց, որ Յու. Գասպարյանը կոնֆլիկտի մեջ է մտել ուսանողների հետ՝
«ուսանողին հարց էր տվել, նա էլ ասել էր՝ դե դու պատասխանիր քո տված հարցին. չէր
կարողացել պատասխանել»: Արդյունքում՝ միջամտության եւ հարցն ինչ-որ կերպ կարգավորելու
անհրաժեշտություն է առաջացել: «Իսկ ո՞րն է այս «պայքարի» նպատակը»՝ «Առավոտի»
հարցին Լ. Հարությունյանը պատասխանեց. «Մոտակա նպատակը դեկան դառնալն է: Նա ինձ առաջարկել
է, որ ես իմ տեղն իրեն զիջեմ: Այդ փաստը նույնիսկ համալսարանի ռեկտորին ապշեցրեց:
Գասպարյանը կրթությամբ տնտեսագետ է, ժամանակին ՆԳ համակարգում է աշխատել, որտեղից
հեռացվել է, տարբեր հիմնարկներում աշխատելուց հետո ինչ-որ գործունեության արդյունքում
փախել է Հայաստանից: Այդ ընթացքում ՌԴ-ում հաջողացրել է դոկտորական պաշտպանել: Հիմա
վերադարձել է ու որոշել, որ ինքը պետք է տեղ գրավի, ես էլ, փաստորեն, իրեն խանգարում
եմ»: Լ. Հարությունյանը այլ մտավախություններ էլ ունի. «Հնարավոր է համալսարանական
խորհրդի, որն ընտրվում է, անդամներից յուրաքանչյուրին մի ձեւով ցանկանում են ահաբեկել:
Կամ էլ՝ Ամիրյան փողոցի պատմական շենքերի հարցը, որ ես այդքան սրել եմ… Անգամ չգիտեմ
էլ ի՞նչ մտածեմ»: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել