Լրահոս
Օրվա լրահոսը

«Տոնկի նամյոկ»

Դեկտեմբեր 16,2005 00:00

«Տոնկի
նամյոկ» «Մենք դրական ենք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների
հետ մեր քննարկումները: Համարում ենք, որ 2005 թ. ԼՂ հարցի կարգավորման ուղղությամբ
արձանագրվել են դրական տեղաշարժեր, եւ հույս ունենք, որ այդ դրական միտումը կպահպանվի
նաեւ եկող տարվա ընթացքում»: Եթե խտացնելու լինենք ՀՀ արտգործնախարար Վ. Օսկանյանի
մատուցած երեկվա ասուլիսի ողջ նյութը, ապա այն կընդունի վերը բերված տեսքը: Այլ ուշագրավ
մտքեր, առնվազն՝ կապված հակամարտության կարգավորման ու, մասնավորապես, համանախագահների
ընթացիկ այցի հետ, չեն եղել, չնայած նույն հարցը տարբեր ձեւակերպումներով հնչեցնելու՝
լրագրողների բանեցրած բազմաթիվ ճարպիկ հնարքներին: Ըստ նախարարի՝ այս պահին չկա առաջարկների
փաթեթ. քննարկումները ծավալվում են հարցի կարգավորման հիմնական սկզբունքների, ինչպես
նաեւ լրացուցիչ տարրերի շուրջ: «Միայն սրանց վերաբերյալ համաձայնության դեպքում այն
կարող է վերածվել առաջարկների նախագծի». ահա այս խիստ ծանոթ՝ շուրջ 8 տարվա վաղեմության
ձեւակերպմամբ էլ նախարարն ամփոփեց ղարաբաղյան թեման, ինչին, թերեւս, հավելենք, որ
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման վայրի ու ժամկետի մասին դեռեւս
չկան պայմանավորվածություններ, սակայն «առկա է այդ հանդիպումը հաջորդ տարվա սկզբին
իրականացնելու երկկողմ ցանկություն»: Եվ մի փոքրիկ սենսացիա՝ ՆԱՏՕ-ի թեմատիկայի
շրջանակում: Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք, որ ՀՀ-ն երբեւէ կանդամակցի այդ դաշինքին,
Օսկանյանը պատասխանեց, թե դեռ վաղ է խոսել այն մասին, թե ինչպիսին կլինի ՆԱՏՕ-ՀՀ
համագործակցության հաջորդ փուլը Անհատական գործակցության ծրագրի /IPAP/ իրագործումից
հետո: Խոսելով ՆԱՏՕ-ին՝ Հարավային Կովկասի մյուս երկրների անդամակցության հեռանկարների
շուրջ, Օսկանյանը նշեց. «Բացառված չէ, որ Վրաստանն իսկապես կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին
5-6 տարվա ընթացքում: Ադրբեջանը դեռեւս չի խոսում այդ մասին: Ինչ վերաբերում է մեզ,
ապա կան գործընթացներ, որոնցից մենք չենք կարող զերծ մնալ, քանի որ դա կհակասի մեր
շահերին: Ինչպիսի՞ն կլինի հաջորդ փուլը՝ դժվար է ասել: Կարծում եմ, շատ բան կախված
կլինի Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ժամկետներից: Ամեն դեպքում ժամանակ դեռ կա»,-
ասաց բանախոսը: Փաստորեն, կարելի է արձանագրել, որ այսպիսով ՀՀ-ի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու
հեռանկարը, այսպես ասենք, առաջին անգամ պաշտոնապես հնարավոր համարվեց, թեեւ այդ բանն
առայժմ արվեց ընդամենը հակառակը չպնդելու տեսքով: Մի բան, որ, համենայնդեպս, մինչ
այժմ չէր եղել: Ու թերեւս իմաստ ունի, գուցեեւ սխալվելու որոշակի հավանականությամբ,
այդ ակնարկը, ի մասնավորի, դիտարկել ռուսական գազի գների բարձրացման համատեքստում:
Եվ վերջում՝ Ահմադինեջադի հայտնի հակահրեական կոչերի մասին: «Մենք միշտ դիտարկել
ենք Իրանի հետ մեր հարաբերությունները բացառապես երկկողմ հարաբերությունների շրջանակներում
եւ չենք մեկնաբանում այդ շրջանակներից դուրս եկող հարցերը». ահա ամենը, ինչ այս հարցի
շուրջ դիվանագիտորեն հնչեցրեց ԱԳ նախարարը: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել