Լրահոս
Օրվա լրահոսը

Մանդատներից զրկվելու վտանգի առջեւ

Դեկտեմբեր 16,2005 00:00

Այս վիճակում է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը:
Երեկ հաջողվեց հետաձգել այդ հարցը՝ ռուսների եւ թուրքերի աջակցությամբ: ԵԽԽՎ-ում
Հայաստանի պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանը մեզ անկեղծորեն խոստովանեց, թե
չէր էլ մեկնի Փարիզ՝ մասնակցելու Դիտարկման կոմիտեի նիստին, եթե չլիներ նախատեսվող
«վճռական քվեարկությունը»: Խոսքն այդ կոմիտեի նիստի օրակարգում առկա 3-րդ՝
ԵԽ առջեւ Վրաստանի ստանձնած պարտավորությունների քննարկման բանաձեւի նախագծի (ի դեպ՝
բավական թերություններ են մատնանշվել), ոչ էլ 4-րդ՝ Հայաստանի սահմանադրական հանրաքվեի
շուրջ քննարկման մասին չէ, այլ օրակարգի 5-րդ հարցի: «Նախատեսված էր, որ Դիտարկման
կոմիտեն պիտի երեկ քվեարկեր ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
չճանաչելու հարցը եւ ներկայացներ Վեհաժողովին»,- պատմեց Շավարշ Քոչարյանը: Սակայն
քվեարկությունը հետաձգվեց մյուս նիստին: «Այն խայտառակությունները, բռնությունները,
որոնք կատարվել էին Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների ընթացքում՝ Եվրոպայի
խորհուրդը չէր կարող թողնել անհետեւանք»,- ասաց պրն Քոչարյանը: Նա որոշ նոր մանրամասներ
ներկայացրեց իրականացված մեքենայությունների մասին. «Այս կամ այն ընտրատարածքում
ընտրություններն անվավեր հայտարարելն Ադրբեջանում թմբկահարել էին իբրեւ արդարության
հաղթանակ: Բայց իրականում դա արվել է հենց այն ընտրատարածքներում, որտեղ ընդդիմությունը
ստացել էր շատ ձայներ: Տեղական ինքնակառավարման մարմինների 3 նշանակված ղեկավարներին,
որոնց ազատել են՝ պատժել են հենց այն պատճառով, որ ընդդիմությունը շատ է ձայներ ստացել
նրանց տարածքներում: Իսկ Սահմանադրական դատարանը չեղյալ է համարել մասնավորապես այն
ընտրատարածքում ընտրությունները, որտեղ ԿԸՀ-ի կողմից արդեն հաղթած էր ճանաչվել Ժողճակատի
ղեկավար Ալի Քերիմլին: Այսինքն, այս ամենն ընդամենը մեքենայություն է, որով մի կողմից
ուզում են ցույց տալ, թե իբր իրենք հետամուտ են արդարության վերականգնմանը, մյուս
կողմից՝ է՛լ ավելի են հարվածում ընդդիմությանը»: Ըստ ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության
անդամի՝ Ադրբեջանի պատվիրակությանը մանդատներից զրկելուն էին հակված այդ հարցով երկու
զեկուցողները՝ Հերկելը եւ Գրոսսը: Վերջինն, ի դեպ, բացակայել է նիստից: Հերկելն է
ներկայացրել այդ տեսակետը. «Բայց դա գրավոր զեկույց չէր, որն ավարտվում է նման առաջարկով»:
Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ ադրբեջանական լոբբին նախապես շատ լավ էր գործել ու նախապատրաստվել
այս նիստին. «Բոլոր թուրքերը եւ ռուսները միանշանակ դեմ էին պատվիրակության լիազորությունները
չճանաչելուն: Ինձ թվում է, այդ հարցն այդ պատճառով չդրվեց քվեարկության: Ասվեց, թե
զեկույցը կլինի՝ այդ ժամանակ կքվեարկեն, այսինքն՝ մինչեւ հունվարյան նստաշրջանի սկիզբը:
Բացի դրանից, հուշեցին, թե կա նաեւ այլ ճանապարհ՝ եթե նույնիսկ կա մեծամասնություն,
որը թույլ չի տալիս, որ այս հարցը քվեարկվի Դիտարկման կոմիտեում, բավարար է, որ Վեհաժողովի
նիստի ժամանակ 5 երկիր ներկայացնող 10 պատգամավորներ ոտքի կանգնեն ու առարկեն՝ Դիտարկման
կոմիտեն արդեն պարտավոր կլինի միանգամից պատրաստել համապատասխան զեկույց եւ նույն
նստաշրջանի ընթացքում Վեհաժողովը կքննարկի Ադրբեջանի պատվիրակության լիազորությունների
հարցը»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել