Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ

Դեկտեմբեր 15,2005 00:00

«ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ» Կարծում է այդ ոլորտում հարուստ փորձ ունեցող Հովիկ Մալյանցը Հայաստանում քիչ չեն պրոֆեսիոնալ հորջորջվող լուսանկարչական ստուդիաները: Սակայն, ըստ «Պրոֆոթո» լուսանկարչական ստուդիայի տնօրեն, Լուսանկարիչների միջազգային եւ Շվեդիայի լուսանկարիչների ազգային ասոցիացիաների անդամ Հովիկ Մալյանցի՝ միշտ չէ, որ պրոֆեսիոնալ ներկայացողները համապատասխան որակ են ապահովում: – Ինչո՞վ է տարբերվում ձեր ստուդիան մյուսներից: – Նախ մեր ստուդիայում չկա խոնավության հոտ, ծխախոտը բերանին չեն սպասարկում, աշխատում ենք ամենավերջին թվային տեխնիկայով, նկարվելուց անմիջապես հետո հաճախորդը հնարավորություն ունի տեսնել իր նկարները: – Ովքե՞ր են ձեր հաճախորդները, միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչնե՞ր, թե՞ նաեւ սովորական մարդիկ: – «Միսս Եվրոպայի» հաղթող Լուսինե Թովմասյան, երգչուհի Հասմիկ Կարապետյան, Սոֆի Դեւոյանի թատրոնը, կարող եմ էլի անուններ տալ: Անկեղծ ասած, ամենուր առաջարկվում է էլիտ տուն, էլիտ մեքենա, էլիտ այս, էլիտ այն, ինչը իմ սրտով չէ: Ես պարզ մարդ եմ, ինձ հաճելի է աշխատել նաեւ սովորական մարդկանց հետ: – Դուք աշխատել եք Իրանում եւ Շվեդիայում, այժմ Հայաստանում եք հաստատվել: Այդ երկրները ի՞նչ առանձնահատկություններ ունեն ձեր մասնագիտական տեսանկյունից: – Ինձ Հայաստանում զարմացնում է մի հանգամանք՝ բոլորի տներում բացակայում են մեծ, գունավոր հարսանեկան լուսանկարները: Փոխարենը բոլորի մահացած պապ ու տատերի մեծացված սեւուսպիտակ լուսանկարներն են փակցված: Ես երազում եմ շատ-շատ հարսանեկան նկարներ անել իմ ստուդիայում… Դառնանք Շվեդիային ու Իրանին: Շվեդիայում, եթե այցեքարտիդ վրա գրված է լուսանկարիչ, արդեն դա բարձր ու հարգված զբաղմունք է: Իրանում շուկան էլ շատ մեծ է, էնտեղ լավ են վարձատրվում լուսանկարիչները: Նույնիսկ շատ են կին լուսանկարիչները: – Հիմա, երբ շատերն ունեն թվային լուսանկարչական սարքեր, դա բացասաբար չի՞ անդրադառնում ձեր հաճախորդների թվի վրա: – Պրոֆեսիոնալի արած նկարն ուրիշ է, սիրողական մակարդակով արվածը՝ ուրիշ: Ասեմ, որ ամենաբարդը երեխաներին ու աղջիկներին լուսանկարելն է, լուսանկարիչը պետք է մի քիչ հոգեբան լինի: Ես մշտապես կոնֆետներ, խաղալիքներ եմ պահում ինձ մոտ, զբաղեցնում եմ երեխաներին, որպեսզի կարողանամ մի քանի լավ կադր անել: Ինչ վերաբերում է աղջիկներին, կոնֆետով համոզելը նրանց համար չէ (ժպտում է- Գ.Հ.): Երբեմն երիտասարդ աղջիկները պահանջում են, որ, օրինակ, աջ կողմից իրենց չնկարեն, այն մտավախությամբ, որ քիթը մեծ կերեւա: Դժվարությամբ ես համոզում, որ քիթը երկու կողմից էլ նույնկերպ է երեւում: Կամ հայ աղջիկները շատ են սիրում սեւ հագուստներով լուսանկարվել, կարծում են՝ նիհար կերեւան: Մինչդեռ՝ լույսի խաղերով կարելի է նիհարին թմբլիկ, գերին նիհար ներկայացնել: Շատերին թվում է, թե լուսանկարիչը միայն չխկացնում է՝ եւ վերջ: Լավ ֆոտոյի գաղտնիքը լույսի ճիշտ ընտրության, լուսանկարվողի դիրքի եւ լուսանկարչի լավ վերաբերմունքի մեջ է: Երբ հարցնում են, թե ինչքան կտեւի լուսանկարվելու պրոցեսը, ասում եմ՝ նվազագույնը 1 ժամ, զարմանում են: Իրականում 1 ժամը հաճախ քիչ է լինում: -Հետաքրքիր է, լուսանկարչի համար տգեղ մարդիկ լինո՞ւմ են: – Տարածված արտահայտություն կա, թե ամեն մարդ ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Դա իրականություն է, բայց մյուս կողմից էլ՝ տգեղ կինը տգեղ է, գեղեցիկը՝ գեղեցիկ: Այլ հարց է, որ շփվելուց հետո փորձում ես այնպես լուսանկարել, որ մարդը հնարավորինս գեղեցիկ երեւա, լինի՝ տղամարդ, կին, թե երեխա: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել