Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ

Դեկտեմբեր 15,2005 00:00

Ի՞նչ են ուզում բուհական չինովնիկները Տարեվերջին հաշված օրեր են մնացել, իսկ ԵՊՀ-ն դեռեւս ԿԳ նախարարություն չի ներկայացրել բուհական խորհրդի իր ներկայացուցիչների՝ պրոֆեսորադասախոսական կազմի անունները: Մեր տվյալներով՝ պատճառը ներքին ինտրիգներն են, ինչը դրսեւորվում էր նաեւ ուսխորհրդի ընտրությունների ժամանակ: Վերջինիս շարքը, ինչպես տեսանք, չհամալրեց իրավաբանականի ներկայացուցիչը, ինչի պատճառով այդ ֆակուլտետի դեկանը փորձում էր չեղյալ համարել ընտրությունները: Սակայն, տվյալ դեպքում, դա միայն կառավարության իրավասությունների մեջ է մտնում: Իսկ կառավարությունը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում դա անել: ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ, ուսխորհրդի համահիմնադիր Արսեն Քարամյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուսխորհրդի վերջին ընտրություններով «հաղթեց համալսարանի ապագան»: Ըստ նրա՝ սա այն ընտրություններից է, որ իսկապես արտահայտում է ուսանողների կարծիքը, զերծ է ամեն տեսակ ճնշումներից: Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական կազմի ընտրություններին, ապա, Ա. Քարամյանի համոզմամբ, որեւէ ինտրիգ չկա, հիմա ֆակուլտետներում նորմալ ընտրություններ են ընթանում, չկա նաեւ ժամանակային առումով ուշացման խնդիր: «Համալսարանը օրգանապես եւ բովանդակային առումով տարբերվում է մյուս բուհերից, դա մեր ազգային մենթալիտետի, ազգային սովորույթների գեներատորն է, հետեւաբար, իմ անձնական կարծիքով, անտրամաբանական կլիներ, որ այս ընտրությունները հապճեպ կատարվեին»: Ի դեպ, այս օրերին ԵՊՀ շրջանավարտների միավորումը շահագրգիռ գերատեսչություններին է ներկայացրել իր առաջարկները՝ կապված զինապարտության մասին օրենքում փոփոխություններ կատարելու հետ: Միավորումը կողմ է 18 տարեկանից զորակոչվելուն, «ինչը կհանգեցնի բուհական ընդունելության, ընթացիկ, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի քննություններում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ բանակի համալրմանը: Այսօր մենք իրավաբանականի առաջին կուրսում 204 ուսանող ունենք, իսկ կա՞, արդյոք, այդքան պահանջարկ: Բուհական չինովնիկների մի խումբ կա, որ շահագրգիռ է այդ մարդկային հոսքերով, որովհետեւ դրանք ռեալ ֆինանսական արտաբյուջետային հոսքեր են, որ պետության կողմից շատ թույլ են վերահսկվում»: Ըստ Ա. Քարամյանի որոշ հաշվարկների՝ ուսանողների թիվն օրենքի այդ փոփոխությամբ 3-4 հազարով կնվազի: Այս մասին խոսելով՝ Ա. Քարամյանը մտավախություն հայտնեց, որ նշված նախագծի դեմ էլ բողոքով դուրս կգան մի խումբ մարդիկ, ովքեր ընդվզեցին ասպիրանտական տեղերի կրճատման ժամանակ (բոլորին է հայտնի, թե ինչ արժե այսօր ասպիրանտական տեղը), ովքեր փորձում էին ընդվզել նաեւ բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի դեմ: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել