Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Է՛Հ,

Դեկտեմբեր 15,2005 00:00

Է՛Հ, ԱՇՈՏՅԱ՜Ն, ԱՇՈՏՅԱ՜Ն Պատանի գռեհկաբանը երեկ ելույթ ունեցավ «Արմենպրեսի» սրահում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի՝ երկրի նախագահ դառնալու ենթադրյալ հավակնությունները եւ դրանից բխող նրա պոպուլիստական կամ այդպես ընկալվող հայտարարությունները արդեն վաղուց են նյարդայնացնում կոալիցիոն կառավարության մյուս երկու թեւերին՝ ՀՅԴ-ին եւ հանրապետականներին: Առանց երկրի նախագահի թույլտվության՝ կոալիցիոն կառավարության երեք կողմերից եւ ոչ մեկը հանդգնություն չունի բարձրաձայն ընդունել, որ կոալիցիան իրեն սպառել է, որ Արթուր Բաղդասարյանից բացի՝ երկրի նախագահի աթոռին հավակնում են նաեւ կոալիցիայի մյուս կուսակցությունների որոշ անդամներ: Այս ամենի ենթատեքստում պարբերաբար բռնկվող վիճաբանությունների ժամանակ բարեկրթությամբ աչքի չընկնող մեր շատ պատգամավորներ միմյանց հասցեին հնարավորինս թունդ եւ գռեհիկ արտահայտություններ են շռայլում: Օրերս էլ «Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող պատգամավոր Հովհաննես Մարգարյանը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի մասին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտնի գնահատականի մասին հանրապետական Արմեն Աշոտյանի հետ բանավիճելիս մամուլով եւ հեռուստատեսությամբ վերջինիս հասցեին ականջի համար ոչ հաճելի արտահայտություններ է թույլ տվել: Երեկ «հիմարը դու ես» ասելու հերթը Աշոտյանինն էր: «Օճառային այս հեռուստասերիալը» happy end-ով ավարտելու նպատակով Արմեն Աշոտյանը երեկ հրավիրած ասուլիսում առաջարկում էր որեւէ հեռուստաընկերության կողմից կազմակերպել թոք-շոու, որի ընթացքում ինքը պատրաստ է դեմ դիմաց նստել եւ ՕԵԿ-ի ներկայացուցիչներից մեկի հետ քննարկել միմյանց վարկաբեկելու հետեւանքով առաջացած խնդիրները. «Ես հայտնում եմ իմ պատրաստակամությունը եւ կարծում եմ, որ իմ նետած ձեռնոցը որեւէ մեկը խմբակցությունից խիզախություն կունենա բարձրացնելու: Կարծում եմ, դա կլինի ոչ Հեղինե Բիշարյանը: Այդ պարագայում ես պետք է ներողություն խնդրեմ եւ հեռուստաստուդիայում նրան դիմավորեմ ծաղկեփնջով եւ ասեմ, որ եթե այդ խմբակցությունից իր գործընկերների տեսակետը պահելու է եկել կին, ապա ես որեւէ ասելիք չունեմ»,- դեռեւս չկայացած հեռուստաբանավեճի իր երազած տարբերակի սցենարն այսպես էր պատկերացնում Աշոտյանը: Չենք կարծում, որ ամիսներ առաջ, երբ կնամեծար երիտասարդ հանրապետականն առավոտյան արթնացավ եւ տեսավ, որ ինքը հանրաճանաչ է միայն այն բանի «շնորհիվ», որ խորհրդարանի ամբիոնից սեռական բնույթի մի տրակտատ էր ուղղել Արտաշես Գեղամյանի հասցեին, Հեղինե Բիշարյանի կամ այդ ելույթը չլսելու հնարավորությունից զրկված կանանց ականջներում բամբակ էր դրված: Հովհաննես Մարգարյանի հասցեին պարոն Աշոտյանը նույնպես կոպիտ անձնական վիրավորանքներ արտասանեց՝ հույս ունենալով, որ մենք՝ լրագրողներս, ընթերցող շահելու նպատակով այդ վիրավորանքները վերարտադրելու ենք: Բայց «Առավոտի» դեպքում դրանք սին հույսեր են: Քաղաքական դաշտում հասունացող իրադարձություններին իր փոքրիկ դերակատարությունն ունենալու կարեւորությունից ոգեւորված՝ պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը հանրապետական վարչապետի եւ Գալուստ Սահակյանի հասցեին հնչած անգամ ամենաթույլ ակնարկն ընդունում է որպես անձնական վիրավորանք, կոալիցիայի ստեղծման եւ հնարավոր լուծարման մասին հնչեցրեց հետեւյալ կարծիքը. «Գաղտնիք չէ, որ կոալիցիան ստեղծվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ: Կոալիցիան ստեղծվել է այն քաղաքական ուժերի կողմից, որոնք սատարել են նախագահին: Կոալիցիայի ստեղծումը եղել է տվյալ ժամանակաշրջանում ՀՀ պատմության համար կարեւոր խնդիր ո՛չ թե քաղաքական մշակույթի արմատավորման պարագայում: Կարծում եմ, որ մենք, ցավոք սրտի, հեռու ենք կոալիցիոն համագործակցության մշակույթից»: ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել