Երեք գյուղ են՝ երեքն էլ մի օրի Խաչաղբյուր, Ամբերդ եւ Դողս գյուղերում տեսուչները միայն փողերն են հավաքում Մինչ մայրաքաղաքի բնակիչները դժգոհում են բջջային կապի որակից, մայրաքաղաքից ոչ այնքան հեռու գտնվող Արմավիրի մարզի Ամբերդ գյուղի բնակիչներից շատերը բջջային հեռախոսների մասին չեն էլ լսել: Ավելին՝ 21-րդ դարում այս ամբերդցիները չունեն անգամ լարային հեռախոսակապ: Այս առնչությամբ գյուղապետ Մանվել Բաբայանը մեզ հավաստիացրեց, թե «այդ հարցով բազմիցս դիմել ենք «ԱրմենՏելին», պարտավորվել են գյուղն ապահովել հեռախոսակապով, բայց մինչ օրս ոչ մի աշխատանք չեն կատարել»: Գեղարքունիքի մարզի Խաչաղբյուր գյուղում, ճիշտ է, ֆիքսված հեռախոսակապ կա, բայց, բնակիչների խոսքերով՝ բանի պետք չէ. «Իբր հեռախոս ունի՞նք, սկի չկարանք հարեւանի տուն զանգենք, ուր մնաց՝ գեղից դուրս»: Այս գյուղում առանց այդ էլ հեռախոսից բացի այլ զբաղմունքի միջոց չկա, նույնիսկ հեռուստատեսային նորմալ ալիքներ չեն բռնում: Գյուղացիների ներկայացմամբ՝ ընդամենը 2-3 հայկական հեռուստա եւ ռադիոալիք ունեն, մնացածը թուրքական ու վրացական են: Ինչ վերաբերում է մշակութային հաստատություններին, այս գյուղում անգամ մշակույթի տուն չկա, պարի եւ երգի փոքրիկ խմբակները ստիպված հավաքվում են փոստի 1 հարկանի շենքում, ուր տեղադրված է գյուղի միակ դաշնամուրն ու իրենց համար «արվեստ-արվեստ» խաղում: Դեռ գյուղի մեծերն էլ դժգոհում են արտագաղթից ու ջահելներից, որոնք մայրաքաղաքի բուհերն ավարտել են ու գյուղ վերադառնալու ցանկություն չունեն: Խաչաղբյուրը չունի նաեւ հողը վարելու տեխնիկա, եղածներն էլ ֆիզիկապես ու բարոյապես մաշվել են: Գյուղացիների հավաստիացմամբ՝ ամեն տարի բերքի մեծ մասը հենց տեխնիկայի բացակայության պատճառով կորցնում են. «Ցորենի հնձման ժամանակ բերքի 30 տոկոսը թափվում ա հողի մեջ, ամբողջ գեղի համար 2-3 կոմբայն ա գիքա՝ էն էլ մե արտ չքաղուկ՝ խարաբվում ա»: Ինչպես Խաչաղբյուր, այնպես էլ Ամբերդ գյուղում առկա է պարարտանյութի խնդիրը: Խաչաղբյուրի գյուղապետ Հակոբ Գաբոյանը այս առնչությամբ տեղեկացրեց, որ իր նախաձեռնությամբ դիմում են ուղարկել մարզպետարան, որի մասնագետների կողմից հողերի ուսումնասիրություն է կատարվել, արդյունքում պարզվել է, որ հաշվեմատյաններում գրանցված հողի կարգերը չեն համապատասխանում ուսումնասիրության արդյունքներին՝ 2-րդ կարգ համարվող հողերն իրականում 4-րդ, 5-րդ կարգի են, այսինքն՝ գյուղացիները կրկնակի են վճարել հողի հարկը ու ստիպված եղել թանկուկրակ պարարտանյութերով այն պահել ու բերք ստանալ: Բացի այս, գյուղում այս տարի փող գանձողի եւս մի «հաստիք» է բացվել. Վարդենիս քաղաքից ժամանած ջրային տեսուչները պահանջում են, որ օգտագործած ոռոգման ջրի համար վճարներից բացի, իրենց էլ ամեն անգամ ջուր տալու համար 1000-ական դրամ տան՝ իբր թե սպասարկման վարձ: «Ամեն անգամ կիտինք, ջուրն էլ մենք կկապինք՝ մեր բոստանը ջրելու խամար: Տեսուչներ մինակ փողերն էր կխավքին ու կեթին»,- ասում են գյուղացիները: «Ջրի մարդուց» բողոքում են նաեւ Արմավիրի մարզի Դողս գյուղի բնակիչները, որոնց 60 տոկոսն առհասարակ խմելու ջուր չունի, եղածն էլ, բնակիչների հավաստիացմամբ՝ խմելու համար պիտանի չէ: Ջրի խողովակները մաշված են, եւ բնակիչներին հասնելու փոխարեն ողողում են փողոցները: «Անպայման եռացնում ենք՝ նոր խմում, գույնը սկի նորմալ զուլալ չի, կեղտաջուր ա, իսկ փող հավաքողը ափալ-թափալ գալիս՝ գանձումներն անում ա»,- «Առավոտին» ներկայացրին դողսեցիները: Պարզվում է՝ տեսուչների ձեռքից խաբվել են նաեւ ամբերդցիները, բայց ոչ թե ջրի, այլ գազի: Նրանց պատմելով՝ գազիֆիկացման համար բոլոր պահանջվող գումարները տվել են փող հավաքողներին, բայց որոշ թաղամասերում մինչ օրս աշխատանքները չեն ավարտվել. «Փաստորեն, փողներս քնցրել ենք, հազիվ գազի համար էինք փող ճարել, էս ձմռան շեմին նորից պիտի 17-18 հազար դրամ տանք՝ փետ առենք, ուրիշ ճար չունենք»: Գ. ԲԱԼԱՍԱՆՅԱՆ