Կրծքով պաշտպանեցին «Առաջադիմականները» պատասխանում են Ր. Հովհաննիսյանի հարցերին՝ Ռ. Քոչարյանի փոխարեն Անցած ուրբաթ օրը ՀՀ նախկին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, «Հանրային հաշվետվության քաղաքացիական պահանջագրով» 21 հարց էր ուղղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս առիթով երեկ մամուլի ասուլիս հրավիրած Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերի պատասխանները: «Առավոտի» տարակուսանքի՝ «Ինչո՞ւ եք նախագահին հասցեագրված հարցերին դուք պատասխանում» արձագանքն այսպիսին էր. «Որպես 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ թեկնածու Ռ. Քոչարյանի նախընտրական «պլատֆորմը» պաշտոնապես սատարող»: Ըստ այդմ, առաջադիմականները Ր. Հովհաննիսյանի հարցերը հիմնականում համարում են «անիմաստ, անհեթեթ եւ անտրամաբանական», իսկ որոշ դեպքերում արձանագրում են, որ «բարոյական հայ մարդիկ նման հարցեր չեն տալիս»: Ավելին, Ուրիխանյանը Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրինակ պահվածքը «PR» ակցիա է որակում: Ըստ երիտասարդ առաջադիմականի, նախագահ Քոչարյանը տեղյակ էլ չէ իր հերոսական կեցվածքին: Տեղեկանալուց հետո, հուսով ենք, իր շռայլ շնորհակալությունը կհայտնի մերօրյա «մատրոսովներին»: «Առավոտը» հիշեցրեց Տ. Ուրիխանյանին, որ ինքը բազմիցս է բարձրաձայնել խորհրդարանում հայտնվելու հավակնությունների մասին, եւ հետաքրքրվեց՝ արդյոք սահմանադրական հանրաքվեի «այո»-ն ապահովելու քրտնաջան աշխատանքից հետո պաշտպանության նախարարից ստացա՞ն համապատասխան երաշխիքներ: «Ի՞նչ կապ ունի Սերժ Սարգսյանը մեզ հետ, «այո»-ի հետ… Մենք մեր նպատակի իրագործման համար օգտագործում ենք բոլոր օրինաչափ, ողջամիտ, թույլատրելի, բարոյական եւ օրենքով չսահմանափակված հնարավորությունները»: Ինչ վերաբերում է «այո»-ին՝ «Եթե մեր գործողությունների համար պետք է «մրցանակ շնորհվի»՝ մեր գործողություններն այն գործողությունները չէին, որոնց համար սովորաբար «մրցանակներ են շնորհվում»: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ