Լրահոս
Օրվա լրահոսը

«ԳԱՆՁԱՍԱՐԸ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՅՈՒՆԱՅԹԵԴԸ»՝ ՆՈՐԵԿՆԵՐ

Դեկտեմբեր 15,2005 00:00

Ֆուտբոլի
Հայաստանի բարձրագույն խմբի 2006 թվականի առաջնությանը կմասնակցի 11 թիմ ՀՖՖ
մամուլի քարտուղարությունը տեղեկացնում է, որ երեկ տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի
ֆեդերացիայի գործադիր կոմիտեի այս տարվա վերջին նիստը, որը նախագահել է ՀՖՖ նախագահ
Ռուբեն Հայրապետյանը: «Ի թիվս այլ հարցերի, որոնք վերաբերում էին մրցավարության
բարելավմանը, ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգին, քննարկվեց նաեւ 2006 թվականի
ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թվաքանակի հարցը: ՀՖՖ
նախագահը տեղեկացրեց, որ «Գանձասար» եւ «Երեւան Յունայթեդ» ակումբները գրավոր դիմել
են ՀՖՖ գործադիր կոմիտեին՝ խնդրելով թույլատրել «Գանձասար» եւ «Երեւան Յունայթեդ»
թիմերի մասնակցությունը բարձրագույն խմբի առաջնությանը: ՀՖՖ նախագահը տեղեկացրեց
նաեւ, որ հիշյալ ակումբները գրավոր հավաստիացրել են, որ իրենք ի զորու են լուծելու
իրենց թիմերի ֆինանսական խնդիրները: Տեղի ունեցավ շահագրգիռ քննարկում: Գործադիր
կոմիտեի անդամները կարծիք հայտնեցին, որ հարկավոր են ավելի գործուն մեխանիզմներ՝
հավաստիանալու, որ ակումբներն ի վիճակի են կատարելու համապատասխան ներդրումներ: Խոսքը
հատկապես վերաբերում էր «Երեւան Յունայթեդին»՝ նկատի ունենալով թիմի հետ կատարվածը
2005 թվականի մրցաշրջանում: ՀՖՖ նախագահը համաձայնելով այն տեսակետին, որ
հարկավոր են ավելի վստահելի երաշխիքներ, քան պարզապես գրավոր հավաստիացումներն են,
այնուամենայնիվ, կարծիք հայտնեց, որ եթե մշակվեն այդպիսի մեխանիզմներ, նախ դրանք
պետք է տարածել բոլոր, այդ թվում նաեւ այսօր արդեն բարձրագույն խմբում հանդես եկող
թիմերի վրա, բայց մտավախություն հայտնեց, որ որոշակի գումարների նախնական ներդրման՝
սառեցման դեպքում, հնարավոր է, թիմերին կամ ներդրողներին զրկել շրջանառու միջոցներից:
Երկարատեւ քննարկումից հետո առաջարկվեց թույլատրել «Գանձասար»
եւ «Երեւան Յունայթեդ» թիմերին՝ մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը: Միաժամանակ
խնդիր դրվեց մշակել ակումբների ֆինանսական երաշխիքների մասին հավաստիանալու ռեալ
մեխանիզմներ՝ քայլ առ քայլ դրանք կիրառելու համար: Քվեարկությամբ ՀՖՖ գործադիր կոմիտեն
միաձայն որոշեց «Գանձասար» եւ «Երեւան Յունայթեդ» թիմերին թույլատրել մասնակցել ֆուտբոլի
Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել