Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՊԵՏՔ Է ՀՈԳԵԲԱՆ ԼԻՆԻ»

Դեկտեմբեր 15,2005 00:00

Կարծում
է այդ ոլորտում հարուստ փորձ ունեցող Հովիկ Մալյանցը Հայաստանում
քիչ չեն պրոֆեսիոնալ հորջորջվող լուսանկարչական ստուդիաները: Սակայն, ըստ «Պրոֆոթո»
լուսանկարչական ստուդիայի տնօրեն, Լուսանկարիչների միջազգային եւ Շվեդիայի լուսանկարիչների
ազգային ասոցիացիաների անդամ Հովիկ Մալյանցի՝ միշտ չէ, որ պրոֆեսիոնալ ներկայացողները
համապատասխան որակ են ապահովում: – Ինչո՞վ է տարբերվում ձեր ստուդիան մյուսներից:
– Նախ մեր ստուդիայում չկա խոնավության հոտ, ծխախոտը բերանին չեն սպասարկում,
աշխատում ենք ամենավերջին թվային տեխնիկայով, նկարվելուց անմիջապես հետո հաճախորդը
հնարավորություն ունի տեսնել իր նկարները: – Ովքե՞ր են ձեր հաճախորդները,
միայն շոու-բիզնեսի ներկայացուցիչնե՞ր, թե՞ նաեւ սովորական մարդիկ: – «Միսս
Եվրոպայի» հաղթող Լուսինե Թովմասյան, երգչուհի Հասմիկ Կարապետյան, Սոֆի Դեւոյանի
թատրոնը, կարող եմ էլի անուններ տալ: Անկեղծ ասած, ամենուր առաջարկվում է էլիտ տուն,
էլիտ մեքենա, էլիտ այս, էլիտ այն, ինչը իմ սրտով չէ: Ես պարզ մարդ եմ, ինձ հաճելի
է աշխատել նաեւ սովորական մարդկանց հետ: – Դուք աշխատել եք Իրանում եւ Շվեդիայում,
այժմ Հայաստանում եք հաստատվել: Այդ երկրները ի՞նչ առանձնահատկություններ ունեն ձեր
մասնագիտական տեսանկյունից: – Ինձ Հայաստանում զարմացնում է մի հանգամանք՝
բոլորի տներում բացակայում են մեծ, գունավոր հարսանեկան լուսանկարները: Փոխարենը
բոլորի մահացած պապ ու տատերի մեծացված սեւուսպիտակ լուսանկարներն են փակցված: Ես
երազում եմ շատ-շատ հարսանեկան նկարներ անել իմ ստուդիայում… Դառնանք Շվեդիային
ու Իրանին: Շվեդիայում, եթե այցեքարտիդ վրա գրված է լուսանկարիչ, արդեն դա բարձր
ու հարգված զբաղմունք է: Իրանում շուկան էլ շատ մեծ է, էնտեղ լավ են վարձատրվում
լուսանկարիչները: Նույնիսկ շատ են կին լուսանկարիչները: – Հիմա, երբ շատերն
ունեն թվային լուսանկարչական սարքեր, դա բացասաբար չի՞ անդրադառնում ձեր հաճախորդների
թվի վրա: – Պրոֆեսիոնալի արած նկարն ուրիշ է, սիրողական մակարդակով արվածը՝
ուրիշ: Ասեմ, որ ամենաբարդը երեխաներին ու աղջիկներին լուսանկարելն է, լուսանկարիչը
պետք է մի քիչ հոգեբան լինի: Ես մշտապես կոնֆետներ, խաղալիքներ եմ պահում ինձ մոտ,
զբաղեցնում եմ երեխաներին, որպեսզի կարողանամ մի քանի լավ կադր անել: Ինչ վերաբերում
է աղջիկներին, կոնֆետով համոզելը նրանց համար չէ (ժպտում է- Գ.Հ.): Երբեմն երիտասարդ
աղջիկները պահանջում են, որ, օրինակ, աջ կողմից իրենց չնկարեն, այն մտավախությամբ,
որ քիթը մեծ կերեւա: Դժվարությամբ ես համոզում, որ քիթը երկու կողմից էլ նույնկերպ
է երեւում: Կամ հայ աղջիկները շատ են սիրում սեւ հագուստներով լուսանկարվել, կարծում
են՝ նիհար կերեւան: Մինչդեռ՝ լույսի խաղերով կարելի է նիհարին թմբլիկ, գերին նիհար
ներկայացնել: Շատերին թվում է, թե լուսանկարիչը միայն չխկացնում է՝ եւ վերջ: Լավ
ֆոտոյի գաղտնիքը լույսի ճիշտ ընտրության, լուսանկարվողի դիրքի եւ լուսանկարչի լավ
վերաբերմունքի մեջ է: Երբ հարցնում են, թե ինչքան կտեւի լուսանկարվելու պրոցեսը,
ասում եմ՝ նվազագույնը 1 ժամ, զարմանում են: Իրականում 1 ժամը հաճախ քիչ է լինում:
-Հետաքրքիր է, լուսանկարչի համար տգեղ մարդիկ լինո՞ւմ են: – Տարածված
արտահայտություն կա, թե ամեն մարդ ունի իր յուրահատուկ գեղեցկությունը: Դա իրականություն
է, բայց մյուս կողմից էլ՝ տգեղ կինը տգեղ է, գեղեցիկը՝ գեղեցիկ: Այլ հարց է, որ շփվելուց
հետո փորձում ես այնպես լուսանկարել, որ մարդը հնարավորինս գեղեցիկ երեւա, լինի՝
տղամարդ, կին, թե երեխա: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել