Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ են ուզում բուհական չինովնիկները

Դեկտեմբեր 15,2005 00:00

Տարեվերջին
հաշված օրեր են մնացել, իսկ ԵՊՀ-ն դեռեւս ԿԳ նախարարություն չի ներկայացրել բուհական
խորհրդի իր ներկայացուցիչների՝ պրոֆեսորադասախոսական կազմի անունները: Մեր
տվյալներով՝ պատճառը ներքին ինտրիգներն են, ինչը դրսեւորվում էր նաեւ ուսխորհրդի
ընտրությունների ժամանակ: Վերջինիս շարքը, ինչպես տեսանք, չհամալրեց իրավաբանականի
ներկայացուցիչը, ինչի պատճառով այդ ֆակուլտետի դեկանը փորձում էր չեղյալ համարել
ընտրությունները: Սակայն, տվյալ դեպքում, դա միայն կառավարության իրավասությունների
մեջ է մտնում: Իսկ կառավարությունը, մեր տեղեկություններով, չի պատրաստվում դա անել:
ԵՊՀ շրջանավարտների միավորման նախագահ, ուսխորհրդի համահիմնադիր Արսեն Քարամյանը
մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ուսխորհրդի վերջին ընտրություններով «հաղթեց
համալսարանի ապագան»: Ըստ նրա՝ սա այն ընտրություններից է, որ իսկապես արտահայտում
է ուսանողների կարծիքը, զերծ է ամեն տեսակ ճնշումներից: Ինչ վերաբերում է պրոֆեսորադասախոսական
կազմի ընտրություններին, ապա, Ա. Քարամյանի համոզմամբ, որեւէ ինտրիգ չկա, հիմա ֆակուլտետներում
նորմալ ընտրություններ են ընթանում, չկա նաեւ ժամանակային առումով ուշացման խնդիր:
«Համալսարանը օրգանապես եւ բովանդակային առումով տարբերվում է մյուս բուհերից, դա
մեր ազգային մենթալիտետի, ազգային սովորույթների գեներատորն է, հետեւաբար, իմ անձնական
կարծիքով, անտրամաբանական կլիներ, որ այս ընտրությունները հապճեպ կատարվեին»: Ի
դեպ, այս օրերին ԵՊՀ շրջանավարտների միավորումը շահագրգիռ գերատեսչություններին է
ներկայացրել իր առաջարկները՝ կապված զինապարտության մասին օրենքում փոփոխություններ
կատարելու հետ: Միավորումը կողմ է 18 տարեկանից զորակոչվելուն, «ինչը կհանգեցնի բուհական
ընդունելության, ընթացիկ, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի քննություններում կոռուպցիոն
ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաեւ բանակի համալրմանը: Այսօր մենք իրավաբանականի առաջին
կուրսում 204 ուսանող ունենք, իսկ կա՞, արդյոք, այդքան պահանջարկ: Բուհական չինովնիկների
մի խումբ կա, որ շահագրգիռ է այդ մարդկային հոսքերով, որովհետեւ դրանք ռեալ ֆինանսական
արտաբյուջետային հոսքեր են, որ պետության կողմից շատ թույլ են վերահսկվում»: Ըստ
Ա. Քարամյանի որոշ հաշվարկների՝ ուսանողների թիվն օրենքի այդ փոփոխությամբ 3-4 հազարով
կնվազի: Այս մասին խոսելով՝ Ա. Քարամյանը մտավախություն հայտնեց, որ նշված նախագծի
դեմ էլ բողոքով դուրս կգան մի խումբ մարդիկ, ովքեր ընդվզեցին ասպիրանտական տեղերի
կրճատման ժամանակ (բոլորին է հայտնի, թե ինչ արժե այսօր ասպիրանտական տեղը), ովքեր
փորձում էին ընդվզել նաեւ բուհական խորհուրդների ձեւավորման նոր կարգի դեմ: ՀԱՍՄԻԿ
ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել