Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ ԳՐԱՎՈՐ ՉԵՆ՝ ԲԱՆԱՎՈՐ ԵՆ

Դեկտեմբեր 15,2005 00:00

Ավելին,
դրանք բոլորովին էլ նոր չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները
եռօրյա այցով երեկ ժամանել են տարածաշրջան: Նրանց հանդիպումները ԼՂ հակամարտության
կարգավորման մեջ ներքաշված երկրների, ներառյալ՝ ԼՂ, իշխանությունների հետ մեկնարկեցին
երեկ, Երեւանում՝ ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում: Այստեղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
ավելի քան մեկ ժամանոց հանդիպում ունեցան ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ: Հանդիպման
ընթացքում, ըստ Ա. Ղուկասյանի, քննարկվել էին «կարգավորման գործընթացի հետ կապված
բոլոր հարցերը»: Ու թեեւ ԶԼՄ-ներին նախապես տեղեկացվել էր այդ հանդիպումից հետո կայանալիք
բրիֆինգի մասին, այդուհանդերձ, երեկ միայն ԼՂ նախագահն էր հակված հանդիպման վերաբերյալ
իր գնահատականները դարձնել հանրության սեփականությունը, թեեւ նրա դիրքորոշումն ու
արած շեշտադրումները մեզ արդեն վաղուց են հայտնի: Իսկ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները՝ ի
դեմս ռուս դիվանագետ Յուրի Մերզլյակովի, հայտարարել էին, թե հայաստանցի լրագրողներին
հայտնելու բան չունեն՝ պատճառաբանելով ժամանակի սղությամբ: Միակ բանը, որ փոխանցել
էին դիվանագետները, այն էր եղել, որ իրենք որեւէ գրավոր առաջարկ ԼՂՀ նախագահին չեն
ներկայացրել: Ըստ Յու. Մերզլյակովի, իրենց «առաջարկները բանավոր են»: Այն,
որ համանախագահներն այս անգամ Ղարաբաղ չեն այցելելու, ԼՂՀ նախագահը հակված չէր ողբերգություն
համարել: Ավելին, նա փորձել է դրան նաեւ դիվանագիտական տարրեր հաղորդել. «Համ էլ
այստեղ՝ Երեւանում նրանք տեսան ԼՂ ներկայացուցչությունը, իսկ դա նշանակում է, որ
ԼՂ-ն կայացած պետություն է»: Հանդիպումից հետո եւս ԼՂՀ նախագահը վերահաստատել է.
«Ստեփանակերտի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ չի փոխվել»:
Սա էր նաեւ այն, ինչ Ա. Ղուկասյանը փոխանցել էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Նա նաեւ
հայտարարել է, թե՝ «ձեւավորված առաջարկությունների փաթեթ չկա: Խոսքը գնում է այս
կամ այն հարցերի տարբեր վարիացիաների մասին, թեեւ եղած առաջարկություններում էլ կան
բազմաթիվ վիճելի հարցեր»: Ի դեպ, որ որեւէ նոր առաջարկ չկա, այլ կան նախորդ
տարիներին մշակված 9 դրույթները, երեկ հաստատել է նաեւ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Արազ
Ազիմովը: Բայց վերադառնանք Երեւանում կայացած հանդիպմանը, որի ընթացքում ԼՂՀ
նախագահը համանախագահներին վստահեցրել է, թե՝ առանց ԼՂ մասնակցության բանակցությունները
չեն կարող դրական արդյունքի հանգել: Ավելին, ըստ Ա. Ղուկասյանի, «ոչ ոք չի ենթադրում,
որ հիմնախնդրի վերջնական կարգավորումը հնարավոր է առանց բանակցություններին ԼՂ-ի
անմիջական մասնակցության», ու հույս է հայտնել, որ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների
լիարժեք վերականգնումից հետո ԼՂՀ-ն լիիրավ մասնակցություն կունենա դրանց: Ինչ
վերաբերում է 2006թ.-ին խնդրի կարգավորման հեռանկարին, ապա՝ թեեւ համանախագահողները
հակված են կարծելու, որ գալիք տարին օպտիմալ ժամանակահատված է հարցը կարգավորելու
համար, որովհետեւ ոչ ՀՀ-ում, ոչ Ադրբեջանում այդ ժամանակահատվածում ընտրություններ
չկան, բայց Ա. Ղուկասյանի համոզմամբ, կողմերն այսօր դեռեւս բավականին հեռու են խնդրի
լուծումից: Բայց միաժամանակ, թերեւս, ԼՂ կարգավորման հեռանկարների մասին ՀՀ նախագահի
լավատեսական հայտարարություններին չհակադրվելու համար պարոն Ղուկասյանը համեստորեն
նկատել է. «Եթե ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանն է ասում, որ կողմերը մոտ են կարգավորմանը,
ուրեմն դրա համար հիմքեր կան»: Երեկ Ա. Ղուկասյանը միաժամանակ «վերացական»
եւ «անհիմն» է որակել ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին խոսակցությունները՝
հավաստիացնելով, որ «Լեռնային Ղարաբաղը փաստացիորեն եւ իրավաբանորեն երբեք չի լինի
Ադրբեջանի մաս»: Ինչ վերաբերում է ԼՂ-ում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ
միջազգային կառույցների առաջարկած տարբերակին, ապա ԼՂՀ նախագահի փոխանցմամբ, այդ
հարցը մնում է օրակարգում, թեեւ այդ հարցում եւս Ստեփանակերտի ու Բաքվի մոտեցումները
միմյանցից շատ տարբեր են: Այդուհանդերձ, նա կարեւորել է պատերազմի վերսկսման հնարավորությունն
ու խաղաղության համաձայնագրի ստորագրումը: Անդրադառնալով գրավյալ տարածքները
վերադարձնելու վերաբերյալ առաջարկին՝ Ա.Ղուկասյանը համոզմունք է հայտնել, որ առանց
ԼՂ կարգավիճակը հստակեցնելու հնարավոր չէ հակամարտության համատեքստից հանել այս կամ
այն հարցն ու փորձել դրան լուծում տալ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման
ընթացքում ԼՂՀ նախագահը նաեւ նկատել էր, թե Ադրբեջանի ագրեսիվ հայտարարությունները
չեն նպաստում ԼՂ հիմնախնդրի լուծմանը, եւ որ նման պարագայում խնդրի շուրջ բոլոր քննարկումները
կարող են այլեւս անիմաստ դառնալ: Անդրադառնալով իր եւ ՀՀ նախագահի միջեւ ԼՂ
հիմնախնդրի կարգավորման շուրջ տարաձայնություններին վերաբերող հարցին՝ Ա. Ղուկասյանը
հավաստիացրել է, թե այդպիսի լուրջ տարաձայնություններ չկան, բայցեւ խոստովանել է.
«Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ բանակցային գործընթացի ընթացքում երբեմն առաջանում
են տարաձայնություններ, սակայն դրանք լուծվում են աշխատանքային կարգով: Մենք կանգ
ենք առնում առավել փաստարկված մոտեցումների վրա»: Այսօր նախատեսված է ԵԱՀԿ
Մինսկի խմբի համանախագահների այցը Բաքու: Ըստ «Թրենդ» գործակալության, համանախագահներին
Բաքվում սպասվում են տհաճ անակնկալներ: Ադրբեջանի «Ղարաբաղի ազատագրման կազմակերպության»
ներկայացուցիչները նախատեսում են այդ այցի կապակցությամբ բողոքի ակցիաներ կազմակերպել
ու ԵԱՀԿ ՄԽ-ին մեղադրում են անգործության եւ կողմնակալության մեջ: Նրանք միաժամանակ
կարծում են, որ այդպիսի այցերից ու տարվող բանակցություններից օգուտ չկա, չկա նաեւ
դրա անհրաժեշտությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել