Լրահոս
Օրվա լրահոսը

ՁՄԵՌ ՊԱՊԻՆ ԽՓԵՑ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՆ

Դեկտեմբեր 15,2005 00:00

ԱԺԴ
նախագահ Արշակ Սադոյանը կարծում է, թե հանրահավաքներն առժամանակ
պետք է դադարեցնել՝ ընդառաջելով «հայ ժողովրդի՝ ամանորյա գործընթացներում ակտիվություն
ունենալու ներքին ցանկությանը»: Երեկ հրավիրված ասուլիսում Արշակ Սադոյանն
«Արդարություն» դաշինքի առանձին ուժերի մեղադրեց անհատապաշտության մեջ. «Շատերի մոտ
իրենց անձնական ամբիցիաներն ավելի մեծ դեր են խաղում: Շատերը փորձում են խնդիրը ձեւակերպել
հետեւյալ կերպ՝ դե, ի՜նչ է եղել որ, ընդդիմադիր կուսակցություններից ամեն մեկը որ
ուժեղանա՝ կլինի ուժեղ ընդդիմություն»: Քիչ անց պարզաբանեց, թե նման դիրքորոշում
ունի մասնավորապես ՀԺԿ-ն. «ՀԺԿ-ն գտնում է, որ առաջին հերթին պետք է ուժեղացնել կուսակցությունը,
ոչ թե ընդդիմության գումարային շարժումը»: Ըստ Սադոյանի՝ հենց այս պատճառով չստեղծվեցին
«Արդարություն» դաշինքի ընդհանուր գրասենյակներ, ընդդիմության ընդհանուր շտաբներ:
Նրա կարծիքով՝ այս բացթողումը հանրաքվեի ընթացքում էլ առաջացրեց բարդություններ.
«Եվ նույնիսկ այս վերջին օրերին էլ է բերում բարդությունների՝ մի մասն ասում է, առաջիկա
հանրահավաքներն անիմաստ են, մյուս մասը… Եվ այստեղ նույնպես առաջին պլան է մղվում
«իսկ ես ի՞նչ դեր եմ ունենալու որպես առաջնորդ այս գործընթացներում» խնդիրը, որը
ծագում է ե՛ւ «Ազգային միաբանության» հետ, ե՛ւ այլ հարաբերություններում»: ԱԺԴ
նախագահը կարեւորեց, որ ստեղծվի ընդհանուր կազմակերպված ուժ. «Այն՝ ինչ ասում ենք
«Հայաստան» կոմիտե կամ «Չորրորդ իշխանությանը կազմակերպող մարմին»: Այս խնդիրը ոնց
որ թե թեւածում է մթնոլորտում»: Պարզվեց, որ ընդդիմությունը մտորում է ոչ միայն լրագրողներին
կազմակերպելու, այլ նաեւ, ըստ Սադոյանի՝ «կանանց ու այլ տիպի ստեղծագործական միություններում»
կոմիտեություններ ստեղծելու մասին: Հույս հայտնեց, որ այս կառույցների հիմքում կլինի
ԱԺԴ առաջարկած՝ «հայ ժողովրդի աշխարհում իր տեղն ու առաքելությունը ունենալու հնարավորություն»
գաղափարը: Հընթացս այլ սկզբունքներ էլ ազդարարեց. «Հայ լինելը պետք է լինի օգտակար»,
«Հայերը պետք է աշխարհով մեկ պահեն իրար»: Մեկ այլ գաղափար էլ վերստին պնդեց, թե
անհրաժեշտ է իրականացնել «կազմակերպված շարժում, ունենալ առնվազն 10-15 հազար կազմակերպված,
«պինդ» մարդիկ կամ մեկ զանգով ոտքի կանգնողների խմբեր, որոնք պատրաստ են պայքարել
հանուն իրենց երկրի, իրենց երեխաների ապագայի»: Պարզաբանեց, թե «պինդ» մարդ է համարում,
ասենք, ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանին: Բացահայտեց, որ պատրաստ են պայքարել նաեւ
Գերագույն խորհրդի որոշ նախկին պատգամավորներ՝ «եթե շատ վտանգավոր չլինի»: Տեղից
լրագրողներից մեկը նետեց. «Եթե վտանգավոր չլինի՝ տատս էլ է պատրաստ պայքարել»: Գործունեության
ծրագիրը, Սադոյանի պատկերացմամբ, հետեւյալն է. «Առաջիկա 2-3 ամսում հասնել կազմակերպչական
լուրջ հնարավորությունների, գարնանը՝ մարտին ունենալ գոնե 10-հազարանոց խմբեր: Եվ
այս ամբողջ ընթացքում, ինչպես Վազգեն Մանուկյանն էր ձեւակերպում՝ տիզի պես կպնել
ու անընդհատ պայքարել, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն հայտարարվի չեղյալ:
Եվ գարնան ակտիվացման ժամանակ հասնել իշխանափոխության»: «Առավոտի» հարցին,
թե ուրեմն այլեւս հնարավոր չի՞ համարում, որ 2005-ին կկարողանան իրականացնել իշխանափոխություն,
եւ արդյոք նպատակահարմա՞ր է գտնում հանրահավաքները շարունակելը՝ Արշակ Սադոյանը պատասխանեց.
«Բոլորս գիտենք հայ ժողովրդի՝ ամանորյա գործընթացներում ակտիվություն ունենալու ներքին
ցանկությունը: Բնական է, դեկտեմբերի 20-25-ից սկսած՝ իսկապես այդ սուրբ տոնը, Նոր
տարին նշելու գործընթացը բոլորի համար շատ էական կլինի: Չեմ կարծում, թե իրական հնարավորություն
կա մնացած մի քանի օրում, չասեմ կուլտուրական հեղափոխություն, անել զանգվածային հեղափոխություն:
Իսկ այս տարին, ցավոք, վերջանում է դեկտեմբերի 31-ին: Ուստի կարծում եմ՝ իրական հնարավորություն
չկա 2005-ին ավարտել հեղափոխական գործընթացը»: Իսկ հանրահավաքային ալիքը շարունակելու
մասին, ըստ նրա, կարելի է մտածել հունվարի 2-րդ կեսից հետո: Սակայն անգամ
Ծննդյան տոների ոգին չստիպեց Արշակ Սադոյանին, որ գոնե այս ասուլիսի ընթացքում չանդրադառնա
ԵԽԽՎ պատվիրակությունում ընդդիմությունը ներկայացնող գործիչներին, որոնց ոչ մի կերպ
չի կարողանում ներել սահմանադրական փոփոխությունների ԱԺԴ նախագծի հանդեպ դրսեւորած
անտարբերությունը: «Երբ ժողովրդավարական երկրների ներկայացուցիչները հանրաքվեի առնչությամբ
շփվեցին մեր ընդդիմադիրների հետ՝ պատկերացում ստացան, թե քաղաքական կուլտուրա չկա
մեր երկրում, որ ընդդիմությունը Ստրասբուրգում ներկայացնողներն էլ հստակ չեն հասկանում,
թե ինչ տիպի պետություն եւ ինչ են ուզում ստեղծել»,- ասաց Արշակ Սադոյանը: Իսկ ավելի
որոշակի անդրադարձավ ԱԺԿ գործիչներին. «Ես իսկապես ցավում եմ, որ սոցիալական այս
վիճակի, իշխանական համակարգի ծանր ու մտածված ճնշման պայմաններում՝ նույնիսկ, իմ
կարծիքով, պինդ գործիչները, ինչպիսիք էին Շավարշ Քոչարյանն ու Վարդան Պողոսյանը՝
ինչ-որ ձեւով շրջանցեցին նորմալ, քաղաքակիրթ զարգացման ուղիները»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել