Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ

Դեկտեմբեր 14,2005 00:00

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՊԱԳԱՆ ՄԻԱՅՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՑ ՉԻ ԿԱԽՎԱԾ Այս համոզմունքը քննարկման ենթակա չէ Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարեվերջյան ավանդական մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ամփոփեց 2005 թվականի ֆուտբոլային մրցաշրջանը: «Անցնող մրցաշրջանում հիմնական պայքարը ծավալվեց երեք ակումբների մեջ,- ասաց նա:- Հետեւաբար, առաջնությունը նորից թույլ ստացվեց բոլորիս հայտնի՝ ակումբների թույլ կամ անհավասարաչափ ֆինանսավորված լինելու պատճառով: Երբ հավասար մրցակցություն չկա, հասկանալի է, դա խոչընդոտում է առաջնության ուժեղ լինելուն: Այդուհանդերձ, առաջնությունը, իմ կարծիքով, անցավ նորմալ: Համեմատած նախորդ տարիների հետ, մրցավարությունն էլ համեմատաբար նորմալ էր: Եթե ես անցած տարի նրանց աշխատանքը գնահատել էի անբավարար, այս մրցաշրջանում մրցավարների գործողություններում արդեն աճ նկատվում է»: Առանձին-առանձին գնահատելով մեր տարբեր տարիքային խմբերի հավաքականների մրցելույթները՝ ՀՖՖ նախագահն ասաց. – Հավաքականները այս տարի հաջող հանդես չեկան: Բայց 19 տարեկանները մասնակցեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչին ու բավականին լավ, չնայած նրանց առջեւ ավելի բարձր խնդիրներ էին դրված: Դրանք կատարել չկարողանալու համար կային պատճառներ: Հիմնականը մի քանի առանցքային ֆուտբոլիստների վնասվածքներն էին, որոնց պատճառով նրանք չխաղացին: Ինչ վերաբերում է մինչեւ 19 տարեկանների հավաքականին, թիմը պլանավորված մարզվել, նախապատրաստվել էր: Բայց հինգ-վեց ֆուտբոլիստների անձնագրերի հետ կապված խնդիրների առջեւ կանգնեցինք: Նրանց թույլ չտվեցին հանդես գալ: Պատկերացրեք, որ մի թիմից այդքան առանցքային ֆուտբոլիստներ միանգամից բացակայեն: Դա թիմի կեսն է: Առաջադրանքը չկատարվեց, բայց ես չեմ կարող մեղադրել ոչ մարզիչներին, ոչ խաղացողներին: Այս տարի կփորձենք անձնագրային բոլոր հարցերը կարգավորել՝ հետագայում նման բաներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, բոլորդ գիտեք, թե աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ինչ ենթախմբում էինք հայտնվել: Տարվա կեսին ինչ-ինչ պատճառներով գլխավոր մարզչին փոխեցինք: Բացի դա, ազգային հավաքականը սերնդափոխություն է անցնում: Եվ այդ պայմաններում արդյունքներ պահանջել-սպասել չէր էլ կարելի: Նոր մարզիչը, իմ կարծիքով, ստեղծեց այն կոլեկտիվը, որը պատրաստ է լուրջ դիմադրություն ցույց տալ ցանկացած մրցակցի: Հենկ Վիսմանի հետ մեր պայմանագիրը 1+2 տարի է: Նա մնալու ցանկություն ունի: Հիմա բանակցում ենք: Ընտանիքի հետ կապված հարցեր կան, որոնք, կարծում եմ, կլուծվեն: Հունվարի 21-ից հետո, հավանաբար, պայմանագիրը կերկարացվի: Բայց ես հավաքականի առջեւ պայմաններ եմ դնելու: Ֆիզպատրաստության մարզչի առկայությունը պարտադիր է: Ցավոք, ստիպված ենք որոնել դրսում: Չգիտեմ՝ տեղյակ եք, թե ոչ, բայց մեր պատանի ֆուտբոլիստների մեծ մասը ողնաշարի խնդիրներ ունի: Դա մեր մարզիչների մասնագիտական ցածր գիտելիքների հետեւանք է: Մեր ակումբների՝ Եվրագավաթներին մասնակցության մասին Ռ. Հայրապետյանն ասաց, որ բացի «Բանանցից», մեր մյուս ակումբները վատ հանդես եկան: Ու ավելացրեց, որ մեր առաջնության մակարդակով, ակումբների բյուջեներով շատ մեծ պահանջներ նրանց առջեւ դնելու բարոյական իրավունք էլ չունենք: – Առաջնության մրցակարգի ներկայիս տարբերակը լավագո՞ւյնն եք համարում: – Ֆեդերացիան մինչեւ առաջնության մեկնարկը մրցակարգն ուղարկում է ակումբներ ու խնդրում առաջարկներ անել: Բայց կան մի քանի ակումբներ, որոնք ոչ միայն ոչինչ չեն առաջարկում ու սիրով համաձայնում են եղածին, այլեւ ավելի ուշ սկսում են ինչ-ինչ բաներից դժգոհել: Իհարկե, գործող մրցակարգը լավագույնը չէ: – Դուք բազմիցս խոսել եք Ձորաղբյուրի մարզաբազայի ներկայիս կարգավիճակի մասին: – Այդ բազան «Արարատ» ակումբի տերերը սեփականաշնորհել են: Իմ իմանալով՝ նրանք էլի պայմանները խախտում են: Ես չեմ թողնի, որ այդպես մնա, ու պայքարելու եմ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ՀՖՖ նախագահն ինչպե՞ս է գնահատում մարզիչների որակավորման գործընթացը: – Դա շատ կարեւոր է մեր մարզիչների, ֆուտբոլի ապագայի համար: Առաջին փուլն անցավ բարձր մակարդակով: Սակայն երկրորդ փուլի մասնակից մեր մարզիչները հիմնականում անլուրջ են մոտենում խնդրին: Ու իմ կարծիքով՝ նրանց մի մասը քննությունները չի անցնի: – Մարզերում ֆուտբոլն արմատավորելու եւ զարգացնելու ուղղությամբ ֆեդերացիան ի՞նչ աշխատանքներ է ծավալում: – Բավականին շատ: Մի ժամանակ, բացի Գյումրիից, ուրիշ ոչ մի տեղ ֆուտբոլի դպրոց չունեինք: Հիմա տարբեր տեղեր նոր դպրոցներ ենք բացում: Օրինակ, միայն Իջեւանում հիմա ֆուտբոլի երկու-երեք դպրոց կա: – Բայց միայն ֆեդերացիայի ջանքերով մարզերում ֆուտբոլ զարգացնելը շատ դժվար գործ է: Դուք ՏԻՄ-երի ղեկավարների հետ համագործակցությունից գո՞հ եք: – Ոչ թե դժվար, այլ անհնար է: Բացի Տավուշի մարզպետից, որը մշտապես պահանջում է մեզանից, ուրիշ ոչ ոք ֆուտբոլով չի հետաքրքրվում: Պետք է լինի թե պետության, թե ՏԻՄ ղեկավարների սրտացավ վերաբերմունքը: Բայց մի բան էլ ասեմ: Հիմա պետությունից շատ բան է պահանջվում: Խնդիրները ոչ միայն ֆուտբոլում, այլեւ ցանկացած մարզաձեւում շատ-շատ են: Ամեն բան կկարգավորվի աստիճանաբար: Պետությունը զարգացում ունի, ֆինանսներ էլ կունենա: Ես, օրինակ, կցանկանայի, որպեսզի լրատվամիջոցները ավելի շատ կենտրոնանային հետեւյալ խնդրի վրա. երբ պետությունը գումարներ ունենա, մարզադաշտեր, խաղահրապարակներ, մարզադպրոցներ որտե՞ղ են կառուցվելու: Այ, սա է հիմա կարեւորը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել