Հոգու խնդիրները՝ արժեքային նոր համակարգում Հարցազրույց հոգեվերլուծող, ֆրանսիական «Խան Գրոյն Պրակկեն» արեւելաեվրոպական հանրահայտ ինստիտուտի ազատ ունկնդիր Անժելա Վարդանյանի հետ: – Իբրեւ հայտնի հոգեվերլուծող, առավել հաճախ հանդիպող ի՞նչ ախտանիշներ եք տեսնում մեր հասարակությունում: – Ցավոք, այսօր ագրեսիան շատացել է, չկա հարգանք անհատի նկատմամբ, դարձել ենք միմյանց նկատմամբ անհանդուրժող: – Ինչո՞ւ է այդպես: – Նոր պետություն ենք, անցումային շրջան է, նոր կառուցվող հարաբերություններ, նոր հոգեբանություն: Բացի վերը նշվածը, արդեն կորցրել ենք մի շարք արժեքներ, սակայն դրանց փոխարեն նորը չենք ձեւավորել: Հարկ է ընդգծել, որ այս պայմաններում շատ բան են կորցրել նաեւ մեր երեխաները՝ հոգեբանական առումով: Չկան նախկին խաղահրապարակները, իրենց մանկական հետաքրքրության վայրերը: Ամեն ինչ վճարովի է դարձել, իսկ երեխաների քանդված խաղահրապարակների տեղում արդեն այլ կառույցներ են հայտնվել: Լինում են դեպքեր, երբ 9 կամ 10 տարեկան երեխան ծնողի հետ վիճում է բջջային հեռախոսի համար, դրանից կարող է նույնիսկ ինքնասպանության գաղափար ծնվել: Այսօր 1-4 տարեկան երեխաների շրջանում շատացել են «աուտիկները», որոնք բուժվելու հնարավորություն անգամ չունեն, նաեւ այլ հիվանդություններ՝ խոսակցական ձիրքի ուշացում, ֆիզիկական զարգացման աններդաշնակություն, ինֆանտիլիզմ (երեւակայական արժեքներով ապրող, ինքնուրույն որոշում կայացնելու անընդունակ): – Իսկ նեւրոզների պատճառը միայն սոցիալակա՞նն է: – Իհարկե՝ ոչ: Կան նաեւ հոգեբանական պատճառներ, որոնց հիմքում ընկած են մարդու իրավունքների ոտնահարումը, իրավական անբավարարվածությունը: Դրանց հետեւանքով ներքին կոնֆլիկտներ են առաջանում, ինչն էլ հանգեցնում է նեւրոզների…Հոգեվերլուծության մեթոդը նրանց համար չէ, ովքեր չեն ուզում կամ չունեն դրա անհրաժեշտությունը: Յուրաքանչյուր հիվանդություն տվյալ հիվանդի համար ունի իր «ներքին շահը», հաճախ մարդը ենթագիտակցորեն չի կարող բաժանվել դրանից: Երբեմն դժվար է գտնել մի մարդու, որի առաջ կարող ես բացել քո եսի՝ «էգոյի» նվիրական գաղտնիքները: – Ինչո՞վ է բացատրվում այն երեւույթը, որ նույն ընտանիքում ծնվում եւ դաստիարակվում են միանգամայն տարբեր երեխաներ: – Նույն ընտանիքում տարբերությունները պայմանավորված են ծնողների՝ տարբեր տարիքում հայրանալուց ու մայրանալուց: Այսինքն, ծնողների առաջին, երկրորդ, երրորդ կամ չորրորդ երեխաները ընտանեկան հանգամանքների կամ ծնողների հոգեվիճակի առումով ծնվում ու հասակ են առնում այլ պայմաններում: Շատ կարեւոր է առաջին հայացքից աննշան թվացող մի հանգամանք. ո՞վ է կնքել երեխայի անունը, մայրը համաձա՞յն է եղել, թե՞ ոչ: Ընդհանրապես, մարդու հոգեկանի ձեւավորման մեջ չափազանց կարեւոր է մոր հետ փոխհարաբերությունների նորմալ ձեւավորումը: Մայրը պետք է հոգեբանորեն գրագետ կեցվածք դրսեւորի, այսինքն՝ ոչ շատ գովի երեխային, ոչ էլ շատ փնովի: Անչափ կարեւոր է նաեւ պապիկների ու տատիկների դերը: Զրուցեց ԳՈՀԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ