Լրահոս
Օրվա լրահոսը

Բրիտանիան

Դեկտեմբեր 14,2005 00:00

Բրիտանիան նախադեպերի երկիր է Այդ երկրում դատավորները տհաճությամբ են վերաբերվում իրավաստեղծմանը «Դատավորներ են դառնում փորձված փաստաբաններից, որոնք ունեն 7-15 տարվա աշխատանքային ստաժ: Միացյալ Թագավորությունում երբեք նոր ավարտածը միանգամից չի դառնա դատավոր»,- երեկ «Նախադեպի իրավունքի կիրառումը Անգլիայի համակարգում» զեկուցումով հանդես գալով՝ այդպես արտահայտվեց Լոնդոնի Սաութ Բենկ համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, Անգլիայի եւ Ուելսի գերագույն դատարանի փաստաբան Անդի Անգերը: Անդրադառնալով նախադեպի տեսությանը եւ բերելով դատական որոշումների բազմաթիվ օրինակներ, պարոն Անգերը ասաց, որ իր երկրում դատարանները պարտավոր են առաջնորդվել դատական համակարգի հիերարխիկ կառուցվածքում իր նկատմամբ վերադաս հանդիսացող ցանկացած դատարանի որոշմամբ: Նա նշեց, որ նախադեպային գործերը պետք է կիրառվեն օրենքի մեկնաբանմամբ: Վիճակագրության համաձայն, Միացյալ Թագավորությունում 1%-ից պակաս գործերն են հայտնվում դատարաններում, իսկ մնացածները լուծվում են բանակցություններով, այսինքն՝ հաշտությունով: Միայն 50-100 գործ քննության է դրվում լորդերի պալատում: Դատարանի աստիճանակարգը Անգլիայում եւ Ուելսում հետեւյալն է. լորդերի պալատ, վերաքննիչ դատարան, քաղաքացիական գործերով բարձր դատարան, քրեական գործերով 3-րդ աստիճանի դատարան: Ըստ զեկուցողի՝ դատավորի իրավասությունը սահմանափակվում է նրանով, որ նա քննում է, թե ինչպես պետք է կիրառվի գործող օրենքը լուծման ենթակա տվյալ գործի էական փաստերի նկատմամբ: Բրիտանացի դատավորները չեն ընդունում իրավաստեղծման ցանկացած ակնարկ եւ չունեն «պառլամենտի օրենսդրական ռեսուրսները»: Սաութ Բենկ համալսարանի դեկանի կարծիքով, «չափազանց հաճախակի տեղի ունեցող արմատական իրավաստեղծումը հանգեցնում է հետադարձ ուժ ունեցող նորմերի ձեւավորմանը եւ կասկածի տակ է դնում իրավունքի որոշակիությունը եւ վստահությունը նրա նկատմամբ»: Այսօր «Գոլդեն Պալաս» հյուրանոցում կշարունակվի նախադեպի իրավունքի կիրառմանը նվիրված երկօրյա միջազգային սեմինարը, որին իրենց մասնակցությունն էին բերել Բրիտանիայի փոխդեսպանը, ԱՄՆ իրավաբանների ընկերակցության նախագահը, բրիտանական «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնի նախագահը, Ալյասկայի նահանգի քրեական գործերով փաստաբանը, ինչպես նաեւ Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, մեր դատարանների դատավորները: «Դատական նախադեպի տարրերը մեզանում օգտագործվում են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հետ կապված գործերում»,- ասաց նախարար Հարությունյանը եւ առաջարկեց, որպեսզի դատական ակտերը հրապարակվեն, եւ ձեւավորվի իրավական մշակույթ: «Աղետ է դատական որոշումների անհետեւողականությունը»,- ասաց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, որի կարծիքով՝ իրավական ակտերի հեղեղը դասակարգման կարիք ունի, մասնավորապես՝ մեկնաբանության միջոցով: «Իրավական նորմի մեկնաբանումը չի կարող տրվել մեկ անգամ՝ բոլորի համար»,- ասաց նա: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել