Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՈՐԴԻ

Դեկտեմբեր 14,2005 00:00

ՎԱՐՈՐԴԻ ԳԼԽԻՆ ՍԱՐՔԵՑԻ՞Ն Այս ամռանը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահմուդ Ջաֆարի Թահմասեբիի սպանության գործի դատաքննությունն ավարտվեց։ Գործի քննությունը չէր տեղավորվում օրինականության սահմաններում: Այդ կարծիքին է սպանության մեջ մեղադրվող թիվ 44 երթուղայինի վարորդ, 33-ամյա Վարդան Մելքոնյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Երկուշաբթի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, արագացված սցենարով՝ ընդամենը 5 րոպեում որոշեց պաշտպան Ս. Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունը եւ ավարտեց դատաքննությունը: Դատարանը, փաստորեն, մերժեց պաշտպանի բողոքը Երեւան քաղաքի դատախազության քննիչ Սասուն Խաչատրյանի, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական անհիմն որոշումների եւ գործողությունների դեմ: Ս. Սաֆարյանը պնդում է, որ մեղադրանքի հիմքում դրվել են Մելքոնյանի «ինքնախոստովանական» ցուցմունքները, 12 վկաներից մի քանիսի սուտ վկայությունները, որոնք կորզվել են բռնություններով, ճնշումներով եւ օրենքի բազմաթիվ խախտումներով: Սկզբում վկաներից 4-ին՝ Վարդան Մելքոնյանին, նրա հորաքրոջ տղային՝ Ասքանազ Մկրտչյանին, Տրդատ Ավակիմյանին, Մանուկ Հարությունյանին ոստիկանություն են տարել առանց ծանուցման, այնուհետեւ անհիմն ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանության աշխատողի կարգադրություններին եւ պահանջներին չարամտորեն չենթարկվելու հիմքով: Վարչական իրավախախտումների համար սահմանված կալանքի ժամկետը լրանալուց հետո վերը հիշատակված անձանց 27.08.05թ. տեղափոխել են Երեւան քաղաքի դատախազություն, որտեղ Վ. Մելքոնյանն արդեն հարցաքննվել է որպես կասկածյալ: Պաշտպանն ասաց, որ թեեւ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ է, իրենք շարունակելու են իրենց պայքարը, քանի որ մեղադրյալի աթոռին է հայտնվել միանգամայն անմեղ անձնավորություն: Բացի այդ, նա հիշեցրեց, որ Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ մեղադրյալն իրավունք ունի իր վերաբերյալ ցանկացած գործով անձամբ ներկայացնել իր ապացույցները, մասնակցել ապացույցների հետազոտմանը, միջնորդություններ ներկայացնել, բացարկ հայտնել եւ այլն: «Ես զարմանում եմ, թե ոնց կարա քաղաքի դատախազը այն աստիճան հեղինակազրկի դատավորին, որ նա չկարողանա գոնե ձեւական ընթացակարգը պահպանել. այդ ապացույցները պետք է լսվեին, հետազոտվեին, թե՞ ամաչեցին դահլիճում գտնվող մարդկանցից: Դատավորը, դատախազության երկու քննիչները վախից փախան դատարանի դահլիճից»: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել