Լրահոս
Օրվա լրահոսը

Մառախուղի

Դեկտեմբեր 14,2005 00:00

Մառախուղի զոհերը Ճամպրուկներ կորչում էին նույնիսկ «Ավստրիական ավիաուղիներում» Կատարվածի մասին «Առավոտին» պատմեց օրերս Վիեննայից հայրենիք եկող Արմինե Հ.-ն: «Դեկտեմբերի 4-ին Վիեննա-Երեւան չվերթը չիրականացավ: Անելանելի վիճակի մեջ գտնվող ուղեւորներին ընտրություն թողեցին՝ կամ թռչում ենք Թբիլիսի, կամ մնում ենք եւս երկու օր, սակայն թե հյուրանոցի, թե մյուս ծախսերը մենք պիտի հոգայինք: Ու քանի որ ոչ մի երաշխիք չկար, թե երկու օրից եղանակը կբացվի, մոտ 300 ուղեւոր A-320 «Էլբրայս» ինքնաթիռով առավոտյան ժամը 5-ին վայրէջք կատարեց Թբիլիսիի օդանավակայանում»: Թե ինչ կատարվեց հետո՝ Արմինեն տհաճությամբ է հիշում. «Ամեն ինչ խառնվել էր իրար: «Ավստրիական ավիաուղիների» վարձած մի քանի ավտոբուսներում անկանոն լցված մարդիկ մի կերպ հասան մաքսակետ: Մենք մոտ 6 ժամ կորցրինք՝ անցնելու Վրաստանի բոլոր մաքսակետերը եւ մեր անձնագրերը հաշվառելու մեջ, ես կարծում եմ՝ բոլորովին իզուր դրոշմվեցին այդ երկիր մուտքի եւ ելքի կնիքները: Կարծում եմ, որ եթե «Ավստրիական ավիաուղիները» կազմակերպչական մասը ճիշտ իրականացներ, Վրաստանը՝ որպես տրանզիտ երկիր, որեւէ ստուգում չէր կատարի, իսկ հոգնած ու նյարդայնացած ուղեւորները նման իրավիճակում չէին հայտնվի: Օդանավում մարդիկ կային, որ երեք օր շարունակ փորձել էին Վիեննայից թռչել Երեւան, սակայն ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել՝ նորից ետ էին վերադարձել»,- ասաց մեր զրուցակիցը: «Մի կերպ հասանք Երեւան,- շարունակեց իր պատմությունը Արմինեն,- քաշքշուկը, որին Թբիլիսիում ենթարկվեցին հասարակ մահկանացուները, մի կերպ ավարտվեց: Իսկ մինչ այդ մեր ինքնաթիռում, ուր գտնվում էր Վեհափառը, Մարդու իրավունքների պաշտպանը, որոնք շատ լավ տեսան, թե ինչպես են ոտնահարվում մարդկանց տարրական իրավունքները հարեւան երկրում, նստեցին իրենց ետեւից եկած մեքենաները եւ հեռացան՝ չմտահոգվելով իրենց հայրենակիցների ճակատագրով»: Սակայն Արմինեին նոր անակնկալ էր սպասվում: Ըստ նրա, երբ ավտոբուսը, ուղեւորների ցանկությամբ ու նրանց հարմար բազմաթիվ կանգառներով մի կերպ հասավ Հանրապետության հրապարակ, պարզվեց, որ իր ճամպրուկը չկա: «Նախ ասեմ, որ «Ավստրիական ավիաուղիներից» որեւէ ներկայացուցիչ չկար ավտոբուսում, որն ուղղակի անթույլատրելի էր, եւ մարդիկ՝ իջնելով, իրենք էին վերցնում ուղեբեռը, ու ոչ ոք չէր ստուգում ճամպրուկի համարը: Շատ հանգիստ կարող էին վերցնել ուղեբեռը՝ սխալմամբ կամ դիտավորյալ: Փորձեցի կապվել «Ավստրիական ավիաուղիների» հետ, սակայն ապարդյուն. հեռախոսը չէր պատասխանում: Թեպետ ժամը 17-ն էր եւ աշխատանքային օրվան դեռ մեկ ժամ կար»,- ասաց Արմինեն: Նրան հիասթափություն էր սպասվում նաեւ ավիաընկերության գրասենյակում՝ այնտեղ բեռներով չէին զբաղվում: Հաջորդ օրը նա մի քանի ժամ անօգուտ զանգելուց հետո գնում է օդանավակայան՝ նրան ասել էին, որ ավիաընկերության ներկայացուցչին այնտեղ կգտնի, բայց այստեղ էլ ներկայացուցիչն ասում է, թե կորած բեռը անհավանական է, որ գտնվի: «Սակայն երեկոյան զանգահարեցին եւ պարզվեց, որ իմ ճամպրուկը գտնվել է. այն հայտնվել է ուրիշ ավտոբուսում եւ ինձնից շուտ տեղ հասել: Վերջում, երբ վարորդը դատարկել է մնացած ճամպրուկները, պարզվել է, որ դրանցից մեկը անտեր է: Ուղեւորներից մեկը այն տուն է տարել եւ ապա բերել-հանձնել «Ավստրիական ավիաուղիներին», եւ քանի որ որեւէ տեղեկություն չի թողել իր մասին, որ գոնե շնորհակալությունս հայտնեի, ցանկանում եմ «Առավոտի» միջոցով փոխանցել երախտագիտությունս՝ մարդկային ազնիվ վերաբերմունքի համար»,- պատմությունն ավարտեց Արմինեն: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել