Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՍԱ

Դեկտեմբեր 14,2005 00:00

«ՍԱ ԶՈՒՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃՆՇՈՒՄ Է» Ռուսաստանյան գազի թանկացումն այդպես է գնահատում տնտեսագետ Էդվարդ Աղաջանովը «Գազի հետ կապված մեր խնդիրները լուծված են, մենք չպետք է սակագների բարձրացումից խուսափենք: Ես չեմ ուզում, որ գազի գինն էդքան շահարկենք, ուզում եմ արժանապատիվ կեցվածքով ընդունենք այն, ինչ մեզ կառաջարկվի: Ռուսաստանյան ինտերնետային կայքերից մեկում Ռուսաստանի՝ Հայաստանին մինչ օրս մատակարարած գազի գնի մասին գրված էր՝ «պՑՏ ՓՈՐրՍՌռ տՏՊՈՐՏՍ», այո, դա մեզ նվեր է եղել, հիմա մենք նվեր չենք ուզում, մեր կենսամակարդակը դա թույլ չի տալիս»,- երեկ գազի գնի հնարավոր թանկացման ու դրա հետեւանքների մասին կազմակերպված առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Գագիկ Վարդանյան եւ տնտեսագետ Էդվարդ Աղաջանով բանավեճի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց փոխնախարարը: Այս հայտարարությունը միանգամից մի քանի հարցի պատասխանը տալիս է. նախ, եթե առաջ հարց էր, թե «Գազպրոմ» ընկերությունն ինչքա՞ն կբարձրացնի գազի գինը կամ կբարձրացնի՞ արդյոք, հիմա այլեւս պարզ է, որ կբարձրացնի այնքան, ինչքան սիրտն ուզի: Գազի գների բարձրացումը, ինչպես հաստատել էր նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բերելու է նաեւ էլեկտրաէներգիայի, ջրի եւ բոլոր ապրանքների գնի բարձրացմանը, իսկ թե ինչպե՞ս պետք է դիմակայենք տնտեսական այդ ճգնաժամին, ըստ պարոն Վարդանյանի՝ «արժանապատիվ կեցվածք ընդունելով»: Փաստորեն, զուր հույսեր ենք կապում նաեւ Քոչարյան-Պուտին կայանալիք հանդիպման հետ՝ մտածելով, թե նախագահը լեզու կգտնի իր գործընկերոջ հետ ու կհամոզի, որ մենք ի վիճակի չենք այդքան վճարել Ռուսաստանից մատակարարվող գազի համար: Ինչպես երեւաց պարոն Վարդանյանի խոսքերից, մերոնք արդեն հաշտվել են անգամ առաջարկված 110 դոլարի հետ ու չեն պատրաստվում որեւէ միջոց ձեռնարկել՝ այդ որոշման դեմ պայքարելու: «Մենք ինչի՞ դեմ պիտի պայքարենք, որ ուրիշ երկրի որոշումների վրա ազդե՞նք, դա ոչ կոռեկտ է: Մեզնից հասնում է ուղղակի միջոցներ ձեռնարկել ու մեղմել շուկայի տատանումները»,- ասաց փոխնախարարը: Աղաջանովի այն հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով պիտի մեղմես, ի՞նչ ունես, որ վստահ ասում ես, պարոն Վարդանյանն ինքն էլ այդքան լավ չէր պատկերացնում ու ըստ էության չպատասխանեց՝ նույնիսկ զավեշտի հասնող ձեւով փորձելով շեղել ներկաների ուշադրությունը՝ «իսկ նկատե՞լ եք, որ այս օրերին ատոմակայանի հետ կապված հարցերը մեղմել են»: Փոխնախարարի ելույթից այնպիսի տպավորություն ստեղծվեց, որ նա ավելի շատ ռուսների, քան հայերի կողմից է, որովհետեւ ոչ միայն հավաստիացրեց, թե գազի բարձր գինը մեզ մոտ «ցնցումներ ու ցնցահարվածներ չեն առաջացնի», այլեւ որոշ ենթատեքստով փորձեց համոզել, որ իզուր ենք ստից լացում, լավ էլ փող ունենք, լավ էլ կարող ենք վճարել: Ըստ նրա, «սովորաբար գինը բարձրացնում են այնքան, ինչքան մարդը կարող է վճարել, եթե «Գազպրոմը» բարձրացնում է գազի գինը, ուրեմն համոզված է, որ վճարունակ ենք, հակառակ դեպքում նրա առաջարկը խելամիտ չէր լինի, հո չի՞ ընկնելու պարտքեր հավաքի»: Պարոն Վարդանյանն ընդհանուր առմամբ հիացած էր թե՛ երկրի կենսամակարդակով, թե Ռուսաստանի՝ գազի գնի բարձրացման մասին որոշմամբ եւ, որ ամենակարեւորն է՝ ՀՀ կառավարության՝ այդ ոլորտում իրականացրած հաջողություններով: Ըստ նրա՝ «Հայաստանում էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարությունն ամենամակարդակովն է, եւ կառավարությունն այս ոլորտում արել է առավելագույնը, ինչ հնարավոր էր»: Նա մեր ամենամեծ հաջողությունը համարեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը: Իրականում տարանցիկության մասին խոսք անգամ լինել չի կարող, որովհետեւ առայժմ հաջողվել է Իրանի սահմանից այն կողմ ոչ թե 1500, այլ 700 միլիմետրանոց խողովակ բերել Հայաստան, իսկ հետագայում, եթե այդպիսի շանս էլ ունենանք, ինչպես նկատեց պարոն Աղաջանովը, կառավարությունը ծախսերը կրկնապատկելու է: Այս առնչությամբ Գ. Վարդանյանի՝ «թող այդպիսի խնդիր առաջանա՝ մենք ծախսերը կանենք»: Իսկ պարոն Աղաջանովի կարծիքով «Ռուսաստանի արածը կոպիտ ասած քցոցի է կամ էլեմենտար շանտաժ» եւ ոչ մի կապ չունի համաշխարհային շուկայի տատանումների հետ. «Սա զուտ քաղաքական ճնշում է բոլոր այն երկրների վրա, որոնք էներգետիկ համակարգում ուզում են անկախ լինել: Ռուսաստանը պարզապես պատժում է Հայաստանին՝ չուզենալով, որ դառնանք տարանցիկ երկիր, այդքան բան: Նույն ԽՍՀՄ-ի քաղաքականությունն են վարում Հայաստանի նկատմամբ, մի տարբերությամբ միայն՝ եթե Սովետում միջուկային մահակով էին վախեցնում, սրանք էներգետիկ մահակով են վախեցնում»: Այսպիսով, այն, որ «Գազպրոմը» 1000 խորանարդ մետր գազի դիմաց 110 դոլարից էժան գազ չի պատրաստվում Հայաստան արտահանել՝ արդեն գրեթե կասկածի տեղիք չի տալիս, թեեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովն այդ մասին լուրերը ոչ հաստատեց, ոչ հերքեց: Էդ. Աղաջանովի մեկնաբանությամբ՝ «Ֆրադկովն ո՞վ է, որ բան ասի, վաճառողը «Գազպրոմն» է՝ նա իր գինն ասել է»: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել