Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՎԻՆԱՐՈՒՄ

Դեկտեմբեր 14,2005 00:00

ԾՈՎԻՆԱՐՈՒՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ Դեկտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում տեղի էին ունեցել գյուղապետի ընտրություններ: Առաջադրված մի քանի թեկնածուներից առավելագույն ձաներ էին ստացել գործող գյուղապետ, ԱԺ նախկին պատգամավոր Խորեն Սարգսյանի քրոջ որդին՝ Հարություն Հարությունյանը, որի օգտին քվեարկել էր 540 մարդ, եւ Մհեր Մարտոյանը, ով ստացել էր 530 քվե: Ասել է թե՝ գյուղապետը վերընտրվել էր ընդամենը 10 ձայնի առավելությամբ: Ընտրությունների արդյունքների ամփոփիչ արձանագրությունները ստանալուց հետո թիվ 24 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, ըստ Հ. Հարությունյանի կողմնակիցների, հայտարարել էր, թե վերընտրվել է գործող գյուղապետն ու նրան շնորհավորելով տուն էր ուղարկել: Բայց հաջորդ օրը հայտնի էր դարձել, որ Մ. Մարտոյանը քվեարկության արդյունքները վիճարկելու հայցադիմում է ներկայացրել Մարտունիի 1-ին ատյանի դատարանին՝ վկայակոչելով այն, որ 2 տեղամասերի քվեարկության արդյունքներով անճշտությունները կազմել են 18, ինչը ավելին է, քան առավելագույն ձայն ստացած երկու թեկնածուների ձայների տարբերությունը: Նման իրավիճակներում, համաձայն «Ընտրական օրենսգրքի», պետք է կրկնակի քվեարկություն լինի: Հ. Հարությունյանի թիմակիցները, սակայն, պնդում են, որ գիշերը ԸԸՀ-ում կեղծիքներ են արվել, ու անճշտությունների թիվը արհեստականորեն մեծացվել է: Երեկ նրանք բողոքի ցույց էին անում ՀՀ նախագահի նստավայրի մոտ: Թիվ 24 ԸԸՀ նախագահ Սեւակ Խլղաթյանը երեկ հերքեց, թե ԸԸՀ-ում որեւէ կեղծիք է եղել ու հաստատեց, որ 2 տեղամասերի արդյունքում եղել է 18 անճշտություն: Ըստ նրա, ԸԸՀ-ն նախնական արդյունքների հիման վրա որեւէ որոշում չէր կայացրել, իսկ երկուշաբթի առավոտյան թեկնածուն՝ Մ. Մարտոյանն արդեն դիմել էր դատարան: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել