Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԵՂԾԵՑԻՆ

Դեկտեմբեր 14,2005 00:00

ԿԵՂԾԵՑԻՆ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ Դեկտեմբերի 7-ին «Հայլուրը» հաղորդեց, թե «Պաշտոնական տեղեկագրում» այդ օրը հրապարակվել է սահմանադրական փոփոխությունների նախագիծը, եւ այն արդեն իսկ վաղ առավոտից չկա այդ տեղեկագիրը վաճառող կրպակում: Սակայն ավելի ուշ պարզվեց, թե հրապարակվել է դեկտեմբերի 5-ին, ըստ ամենայնի՝ հետին թվով: Սա միայն արտաքուստ է զուտ տեխնիկական հարց: «Կարծում եմ, թե այս ամենի ետեւում թաքնված է մի պարզ բան,- «Առավոտին» ասաց իրավագետ Վարդան Պողոսյանը:- Եթե «Պաշտոնական տեղեկագիրը» տպագրվեր դեկտեմբերի 5-ին, իսկ դա օրենքով սահմանված վերջին ժամկետն էր հրապարակելու սահմանադրական փոփոխությունները, ապա դրանք ուժի մեջ կմտնեին դեկտեմբերի 6-ին: Եվ այդ դեպքում արդեն իսկ ուժի մեջ կմտներ սահմանադրության փոփոխությունների այն հոդվածը, ըստ որի՝ պատգամավորների 1/5-ը կարող է դիմել Սահմանադրական դատարան՝ նաեւ հանրաքվեի արդյունքների բողոքարկման համար: Կարծում եմ, որ ժամկետների այս տարբերությունն է պատճառը, որ «Պաշտոնական տեղեկագիրը» հրապարակեցին հենց դեկտեմբերի 7-ին: Եթե փոփոխություններն ուժի մեջ չմտնեին հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո 7-օրյա ժամկետում, ապա շարունակում էր գործել 1995-ի Սահմանադրության տեքստի այն դրույթը, ըստ որի՝ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է պատգամավորների 1/3-ի դիմումը: Տվյալ պարագայում իշխանություններն, իմ կարծիքով, փորձել են իրենց ապահովագրել՝ երկյուղելով, թե հնարավոր է, որ ընդդիմությունը հաջողի հավաքել պատգամավորների 1/5-ի ստորագրությունները եւ դիմել ՍԴ»: Այս ամենը ակամա բացահայտեց «Հայլուրը», ըստ մեր զրուցակցի՝ մեր պետական մեքենայում գերիշխող «աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը» սկզբունքի պատճառով: Վարդան Պողոսյանն արձանագրեց. «Ինչպես սահմանադրական փոփոխությունների ընդունումն ԱԺ-ում տեղի ունեցավ օրենքի կոպիտ խախտումներով, այնպես էլ նախագիծը հանրաքվեի դրվեց կոպիտ խախտումներով: Եվ այդպես էլ փոփոխությունների պաշտոնական հրապարակումը, ըստ էության, տեղի ունեցավ օրենքի կոպիտ խախտումներով»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել