Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«2005-ԻՆ

Դեկտեմբեր 14,2005 00:00

«2005-ԻՆ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՉԿԱՆ» Այս կարծիքին է Վիկտոր Դալլաքյանը – Պարոն Դալլաքյան, մինչեւ ե՞րբ է ընդդիմությունը պատրաստվում հանրահավաքներ անցկացնել, չե՞ք նկատում, որ այլեւս մարդիկ չեն գալիս Մատենադարանին հարող հրապարակ: – Դաշինքի նիստերում ասել եմ, որ 27-ից հետո երկու-երեք հանրահավաքները ճիշտ էին, քանի որ ստեղծված իրավիճակին պետք է գնահատականներ տրվեին: Նախորդ հանրահավաքից առաջ ես արդեն առաջարկել էի սահմանափակել հանրահավաքային գործընթացը, քանի որ մեր հիմնական նպատակը ստեղծված իրավիճակին գնահատականներ տալն էր: Կա մի պարզ խնդիր. իշխանությունները փոխանակ ամաչեն, չեն թաքցնում, որ այնքան են ահաբեկել բնակչությանը, որ մարդիկ հանրահավաքի չեն գալիս: – Դուք հիմա մեղքը գցում եք իշխանությունների վրա, բայց հասարակությունն այլեւս չի հավատում ընդդիմությանը: – Մեղքը որեւէ մեկի վրա գցելու խնդիր չկա, ես ուղղակի փորձում եմ վերլուծել իրավիճակը, եւ համոզված եմ, որ իմ փաստարկները ձեզ կհամոզեն եւ կարող են հիմնավորված թվալ: Մարդիկ զգում են, որ անպաշտպան են եւ հանրահավաքի չեն գալիս: Դուք վստահ չե՞ք, որ եթե մարդիկ իմանան, որ մահակներ չեն լինելու, որ փշալարեր չեն լինելու, ջրցան մեքենաներ չեն լինելու՝ փողոց դուրս կգան: Ես չեմ ասում ընդդիմության կոչով, ես ասում եմ, որ այդ մասսան իրոք չի ընդունում իշխանություններին, եւ հանրաքվեի բոյկոտը հենց դա է ցույց տալիս: Համաձայն եմ ձեր այն հարցադրմանը, որ կա որոշակի հիասթափություն, բայց ընդդիմությունը այդ 90 տոկոս զանգվածի ատելությունը եւ իշխանություններին մերժելը պետք է կարողանար օգտագործել: Սա արդեն ուրիշ խնդիր է: Ինչ վերաբերում է ելույթներ ունենալուն եւ տուն ուղարկելուն, այո, այդ պրոբլեմը գոյություն ունի: Երբ ես ասում եմ, որ հանրահավաքային պայքարը պետք է որոշակի փուլում ավարտել՝ ելնում եմ հենց այն կանխավարկածից, որ Հայաստանի տիպի բռնապետական երկրում հանրահավաքներով խնդիր չի լուծվում, եւ սա պետք է ազնվորեն ասել ժողովրդին: Իշխանափոխություն կարող է տեղի ունենալ մի քանի գործոնների պարագայում, բնականաբար՝ հիմքը ժողովրդի ակտիվությունն է, երկրորդը՝ ներկոալիցիոն փոխհարաբերությունները, որոնք, մեղմ ասած, թշնամական են, եւ, ըստ էության, կոալիցիայի յուրաքանչյուր կողմ 2006-ը պատկերացնում է որպես տրամպլին՝ 2007-ի խորհրդարանական ընտրությունների: Երրորդը արտաքին քաղաքական իրավիճակն է: Միայն մեկ օրինակ բերեմ: Երբ Գուլիեւին ԱՄՆ-ից բերեցին, Ուկրաինայում ձերբակալեցին, հետո բաց թողեցին՝ այդ ամենը հենց այնպես չեղավ, ես այդ ամենը դիտարկում եմ որպես մի ամբողջություն: Եթե Գուլիեւին բերեին Ադրբեջան, Ալիեւին կփոխեին, սա ակնհայտ էր: Բայց այդ պահին խնդիրն այլ էր՝ Գուլիեւին ցույց տվեցին եւ, կոպիտ ասած, Ալիեւին դրանով վախեցրին, ասելով՝ քեզ խելոք պահիր, կարող ենք նաեւ այսպիսի փոփոխություն անել: Դրանից հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռյուպելը հայտարարեց, որ ձեռնտու է Ադրբեջանում պահպանել կայունությունը, իսկ սա նշանակում է՝ պահպանել ռեժիմը, քանի որ Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը մոտ ենք, եւ 2006-ին դա պետք է տեղի ունենա: Ինձ համար արդեն պարզ էր, որ միջազգային հանրությունը ասիմետրիկ վերաբերմունք է ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Սխեման հետեւյալն էր. ընտրություններով թուլացնել Ալիեւին՝ օգտագործելով ընդդիմությանը, հանրաքվեի միջոցով ավելի թուլացնել Քոչարյանի ռեժիմը, եւ այս երկու թուլացածներին լուծումներ պարտադրել: Հետեւաբար, գործողություններ պետք է կատարել՝ այս ամենը հաշվի առնելով: Իսկ այս իրավիճակում ակնհայտ է, որ 2005-ին իշխանափոխության հնարավորություններ չկան, եւ դա պետք էր պարզ ասել ժողովրդին: Եթե այս ընթացքում ընդդիմությունը կտրուկ քայլերի գնար, իշխանությունները ավելի ստոր մեթոդներ կկիրառեին, քան ապրիլի 12-13-ին: Ինչո՞ւ, որովհետեւ ակնհայտ է, չէ՞, որ հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ քարոզչությամբ էին զբաղված, եւ այդ դիրքորոշմամբ իրենք խրախուսեցին ընտրակեղծիքները: Այլ խնդիր է, որ ընտրակեղծիքների կազմակերպիչները չափն անցան, եւ դրանով Քոչարյանը փչացրեց կոալիցիային, որպեսզի ավելի կառավարելի դարձնի: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել