Այս
համոզմունքը քննարկման ենթակա չէ Երեկ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը տարեվերջյան
ավանդական մամուլի ասուլիսում պատասխանելով լրագրողների հարցերին՝ ամփոփեց 2005 թվականի
ֆուտբոլային մրցաշրջանը: «Անցնող մրցաշրջանում հիմնական պայքարը ծավալվեց
երեք ակումբների մեջ,- ասաց նա:- Հետեւաբար, առաջնությունը նորից թույլ ստացվեց բոլորիս
հայտնի՝ ակումբների թույլ կամ անհավասարաչափ ֆինանսավորված լինելու պատճառով: Երբ
հավասար մրցակցություն չկա, հասկանալի է, դա խոչընդոտում է առաջնության ուժեղ լինելուն:
Այդուհանդերձ, առաջնությունը, իմ կարծիքով, անցավ նորմալ: Համեմատած նախորդ տարիների
հետ, մրցավարությունն էլ համեմատաբար նորմալ էր: Եթե ես անցած տարի նրանց աշխատանքը
գնահատել էի անբավարար, այս մրցաշրջանում մրցավարների գործողություններում արդեն
աճ նկատվում է»: Առանձին-առանձին գնահատելով մեր տարբեր տարիքային խմբերի
հավաքականների մրցելույթները՝ ՀՖՖ նախագահն ասաց. – Հավաքականները այս տարի
հաջող հանդես չեկան: Բայց 19 տարեկանները մասնակցեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչին
ու բավականին լավ, չնայած նրանց առջեւ ավելի բարձր խնդիրներ էին դրված: Դրանք կատարել
չկարողանալու համար կային պատճառներ: Հիմնականը մի քանի առանցքային ֆուտբոլիստների
վնասվածքներն էին, որոնց պատճառով նրանք չխաղացին: Ինչ վերաբերում է մինչեւ 19 տարեկանների
հավաքականին, թիմը պլանավորված մարզվել, նախապատրաստվել էր: Բայց հինգ-վեց ֆուտբոլիստների
անձնագրերի հետ կապված խնդիրների առջեւ կանգնեցինք: Նրանց թույլ չտվեցին հանդես գալ:
Պատկերացրեք, որ մի թիմից այդքան առանցքային ֆուտբոլիստներ միանգամից բացակայեն:
Դա թիմի կեսն է: Առաջադրանքը չկատարվեց, բայց ես չեմ կարող մեղադրել ոչ մարզիչներին,
ոչ խաղացողներին: Այս տարի կփորձենք անձնագրային բոլոր հարցերը կարգավորել՝ հետագայում
նման բաներից խուսափելու համար: Ինչ վերաբերում է ազգային հավաքականին, բոլորդ
գիտեք, թե աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ինչ ենթախմբում էինք հայտնվել:
Տարվա կեսին ինչ-ինչ պատճառներով գլխավոր մարզչին փոխեցինք: Բացի դա, ազգային հավաքականը
սերնդափոխություն է անցնում: Եվ այդ պայմաններում արդյունքներ պահանջել-սպասել չէր
էլ կարելի: Նոր մարզիչը, իմ կարծիքով, ստեղծեց այն կոլեկտիվը, որը պատրաստ է լուրջ
դիմադրություն ցույց տալ ցանկացած մրցակցի: Հենկ Վիսմանի հետ մեր պայմանագիրը 1+2
տարի է: Նա մնալու ցանկություն ունի: Հիմա բանակցում ենք: Ընտանիքի հետ կապված հարցեր
կան, որոնք, կարծում եմ, կլուծվեն: Հունվարի 21-ից հետո, հավանաբար, պայմանագիրը
կերկարացվի: Բայց ես հավաքականի առջեւ պայմաններ եմ դնելու: Ֆիզպատրաստության մարզչի
առկայությունը պարտադիր է: Ցավոք, ստիպված ենք որոնել դրսում: Չգիտեմ՝ տեղյակ եք,
թե ոչ, բայց մեր պատանի ֆուտբոլիստների մեծ մասը ողնաշարի խնդիրներ ունի: Դա մեր
մարզիչների մասնագիտական ցածր գիտելիքների հետեւանք է: Մեր ակումբների՝ Եվրագավաթներին
մասնակցության մասին Ռ. Հայրապետյանն ասաց, որ բացի «Բանանցից», մեր մյուս ակումբները
վատ հանդես եկան: Ու ավելացրեց, որ մեր առաջնության մակարդակով, ակումբների բյուջեներով
շատ մեծ պահանջներ նրանց առջեւ դնելու բարոյական իրավունք էլ չունենք: – Առաջնության
մրցակարգի ներկայիս տարբերակը լավագո՞ւյնն եք համարում: – Ֆեդերացիան մինչեւ
առաջնության մեկնարկը մրցակարգն ուղարկում է ակումբներ ու խնդրում առաջարկներ անել:
Բայց կան մի քանի ակումբներ, որոնք ոչ միայն ոչինչ չեն առաջարկում ու սիրով համաձայնում
են եղածին, այլեւ ավելի ուշ սկսում են ինչ-ինչ բաներից դժգոհել: Իհարկե, գործող մրցակարգը
լավագույնը չէ: – Դուք բազմիցս խոսել եք Ձորաղբյուրի մարզաբազայի ներկայիս
կարգավիճակի մասին: – Այդ բազան «Արարատ» ակումբի տերերը սեփականաշնորհել
են: Իմ իմանալով՝ նրանք էլի պայմանները խախտում են: Ես չեմ թողնի, որ այդպես մնա,
ու պայքարելու եմ: «Առավոտը» հետաքրքրվեց, թե ՀՖՖ նախագահն ինչպե՞ս է գնահատում
մարզիչների որակավորման գործընթացը: – Դա շատ կարեւոր է մեր մարզիչների, ֆուտբոլի
ապագայի համար: Առաջին փուլն անցավ բարձր մակարդակով: Սակայն երկրորդ փուլի մասնակից
մեր մարզիչները հիմնականում անլուրջ են մոտենում խնդրին: Ու իմ կարծիքով՝ նրանց մի
մասը քննությունները չի անցնի: – Մարզերում ֆուտբոլն արմատավորելու եւ զարգացնելու
ուղղությամբ ֆեդերացիան ի՞նչ աշխատանքներ է ծավալում: – Բավականին շատ: Մի
ժամանակ, բացի Գյումրիից, ուրիշ ոչ մի տեղ ֆուտբոլի դպրոց չունեինք: Հիմա տարբեր
տեղեր նոր դպրոցներ ենք բացում: Օրինակ, միայն Իջեւանում հիմա ֆուտբոլի երկու-երեք
դպրոց կա: – Բայց միայն ֆեդերացիայի ջանքերով մարզերում ֆուտբոլ զարգացնելը
շատ դժվար գործ է: Դուք ՏԻՄ-երի ղեկավարների հետ համագործակցությունից գո՞հ եք: –
Ոչ թե դժվար, այլ անհնար է: Բացի Տավուշի մարզպետից, որը մշտապես պահանջում է մեզանից,
ուրիշ ոչ ոք ֆուտբոլով չի հետաքրքրվում: Պետք է լինի թե պետության, թե ՏԻՄ ղեկավարների
սրտացավ վերաբերմունքը: Բայց մի բան էլ ասեմ: Հիմա պետությունից շատ բան է պահանջվում:
Խնդիրները ոչ միայն ֆուտբոլում, այլեւ ցանկացած մարզաձեւում շատ-շատ են: Ամեն բան
կկարգավորվի աստիճանաբար: Պետությունը զարգացում ունի, ֆինանսներ էլ կունենա: Ես,
օրինակ, կցանկանայի, որպեսզի լրատվամիջոցները ավելի շատ կենտրոնանային հետեւյալ խնդրի
վրա. երբ պետությունը գումարներ ունենա, մարզադաշտեր, խաղահրապարակներ, մարզադպրոցներ
որտե՞ղ են կառուցվելու: Այ, սա է հիմա կարեւորը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ