Այս ամռանը Իրանի Իսլամական Հանրապետության
քաղաքացի Մահմուդ Ջաֆարի Թահմասեբիի սպանության գործի դատաքննությունն ավարտվեց։
Գործի քննությունը չէր տեղավորվում օրինականության սահմաններում:
Այդ կարծիքին է սպանության մեջ մեղադրվող թիվ 44 երթուղայինի վարորդ, 33-ամյա Վարդան
Մելքոնյանի պաշտպան Սեդա Սաֆարյանը: Երկուշաբթի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների
առաջին ատյանի դատարանը, դատավոր Պարգեւ Օհանյանի նախագահությամբ, արագացված սցենարով՝
ընդամենը 5 րոպեում որոշեց պաշտպան Ս. Սաֆարյանի ներկայացրած միջնորդությունը եւ
ավարտեց դատաքննությունը: Դատարանը, փաստորեն, մերժեց պաշտպանի բողոքը Երեւան քաղաքի
դատախազության քննիչ Սասուն Խաչատրյանի, օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող
մարմինների անօրինական անհիմն որոշումների եւ գործողությունների դեմ: Ս. Սաֆարյանը
պնդում է, որ մեղադրանքի հիմքում դրվել են Մելքոնյանի «ինքնախոստովանական» ցուցմունքները,
12 վկաներից մի քանիսի սուտ վկայությունները, որոնք կորզվել են բռնություններով,
ճնշումներով եւ օրենքի բազմաթիվ խախտումներով: Սկզբում վկաներից 4-ին՝ Վարդան
Մելքոնյանին, նրա հորաքրոջ տղային՝ Ասքանազ Մկրտչյանին, Տրդատ Ավակիմյանին, Մանուկ
Հարությունյանին ոստիկանություն են տարել առանց ծանուցման, այնուհետեւ անհիմն ենթարկել
վարչական պատասխանատվության՝ ոստիկանության աշխատողի կարգադրություններին եւ պահանջներին
չարամտորեն չենթարկվելու հիմքով: Վարչական իրավախախտումների համար սահմանված կալանքի
ժամկետը լրանալուց հետո վերը հիշատակված անձանց 27.08.05թ. տեղափոխել են Երեւան քաղաքի
դատախազություն, որտեղ Վ. Մելքոնյանն արդեն հարցաքննվել է որպես կասկածյալ: Պաշտպանն
ասաց, որ թեեւ հանրապետությունում անպատժելիության մթնոլորտ է, իրենք շարունակելու
են իրենց պայքարը, քանի որ մեղադրյալի աթոռին է հայտնվել միանգամայն անմեղ անձնավորություն:
Բացի այդ, նա հիշեցրեց, որ Եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ մեղադրյալն իրավունք
ունի իր վերաբերյալ ցանկացած գործով անձամբ ներկայացնել իր ապացույցները, մասնակցել
ապացույցների հետազոտմանը, միջնորդություններ ներկայացնել, բացարկ հայտնել եւ այլն:
«Ես զարմանում եմ, թե ոնց կարա քաղաքի դատախազը այն աստիճան հեղինակազրկի դատավորին,
որ նա չկարողանա գոնե ձեւական ընթացակարգը պահպանել. այդ ապացույցները պետք է լսվեին,
հետազոտվեին, թե՞ ամաչեցին դահլիճում գտնվող մարդկանցից: Դատավորը, դատախազության
երկու քննիչները վախից փախան դատարանի դահլիճից»: Է. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ