Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը դատի է տալիս ԿԸՀ-ին

Դեկտեմբեր 14,2005 00:00

Իսկ ավելի ճշգրիտ՝ ԿԸՀ 7 անդամների, թերեւս,
Համլետ Աբրահամյանի գլխավորությամբ Ընդդիմադիր «17+1» միավորման
հանրաքվեի օրինականությունը վերահսկող հանձնաժողովի ներկայացուցիչները, ի դեմս Ռուբեն
Թորոսյանի ու «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանի,
երեկ ասուլիս էին հրավիրել՝ հայտարարելու համար, որ ընդդիմությունը շարունակում է
պայքարը սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները վիճարկելու ուղղությամբ՝
ոչ միայն հանրահավաքների ու այլ, դեռ չհստակեցված մեթոդներով, այլեւ շատ ավելի կոնկրետ
քայլերով: «Հանրաքվեն պարզորոշ կերպով ապացուցեց, որ ՀՀ-ում իշխանությունը
զավթված է մի խումբ մարդկանց կողմից: Իշխանությունը զավթված է համարվում, երբ երկրում
գործում են ոչ թե գրված օրենքները, այլ չգրված, ասենք՝ Ռոբերտ Քոչարյանի այսինչ օրենքը,
ասենք՝ երբ միջազգային բոլոր նորմերով ընդունված է փակ գաղտնի քվեարկություն անել,
բայց Ռոբերտ Քոչարյանի օրենքներով քվեարկությունը բաց է արվում»,- երեկ հայտարարել
է հանձնաժողովի համակարգող Ռուբեն Թորոսյանը: Ընդ որում, եւ Ա. Զեյնալյանի, եւ Ռ.
Թորոսյանի համոզմամբ, հանրաքվեի խայտառակ քվեարկությունը տեղի է ունեցել միջազգային
կազմակերպությունների անօրինական գործունեության հետեւանքով: Ռ. Թորոսյանը
օրերս ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանրաքվեն սպասարկող Կենտրոնական
հանձնաժողովի յոթ անդամների կատարած խախտումների ու նրանց կողմից իրենց պաշտոնական
լիազորությունները չարաշահելու փաստերի վերաբերյալ: Ըստ Ռ. Թորոսյանի, մասնավորապես
ԿԸՀ քարտուղար Համլետ Աբրահամյանը հանցագործություն է կատարել, երբ ի լուր աշխարհի
հայտարարել է, թե հանրաքվեի արդյունքների վերաբերյալ ընտրատարածքներին եւ դատարաններին
դիմում-բողոքներ չեն ներկայացվել: Սա այն դեպքում, երբ, բանախոսի ասելով, իրենց հանձնաժողովը
ավելի քան 100 դիմում-բողոք է ներկայացրել ՀՀ դատարաններին, որոնցից 25-ը ներկայացրել
է նոյեմբերի 28-ին՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանին, բայց
դրա մասին ԿԸՀ-ին տեղեկացվել է նոյեմբերի 30-ին, երբ արդյունքների մասին ԿԸՀ 7 անդամներն
արդեն որոշում էին կայացրել եւ հրապարակել էին հանրաքվեի քվեարկության վերջնական
արդյունքները: Ռ. Թորոսյանը վկայակոչելով «Հանրաքվեի մասին» օրենքը՝ պնդում էր, որ
հանրաքվեի վերջնական արդյունքներն ամփոփվում են քվեարկության ավարտից ոչ ուշ, քան
72 ժամվա ընթացքում, եթե ընտրատարածքներում կամ դատարաններում դիմում-բողոքներ չկան:
Ռ. Թորոսյանի ասելով, ԿԸՀ 7 անդամները հանցագործներ են, որովհետեւ նրանք խախտելով
օրենքի համապատասխան կետը՝ վերջնական արդյունքները հրապարակել են ոչ թե քվեարկությունից
7 օր հետո, այլ 2 օր հետո, ինչի պատճառով դատարանները մերժել են իրենց ներկայացված
դիմում-բողոքները: Ասել է թե՝ մի օրինախախտումը պատճառ է դարձել մեկ այլ օրինախախտման:
Երեկ Ռ. Թորոսյանը նաեւ ասել է, թե հանձնաժողովը մտադիր է դիմումներ ներկայացնել
նաեւ միջազգային տարբեր կազմակերպությունների, օրինակ՝ ԵԱՀԿ-ի ժողովրդավարության
եւ մարդու իրավունքների գրասենյակին: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել