Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ» ԵՆԹԱՐԿՎԵՑ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ

Դեկտեմբեր 14,2005 00:00

Ասում
է ԱԺԿ վարչության անդամ Վարդան Պողոսյանը, ըստ որի՝ այդ քաղաքականությունը հանգեցրեց
պարտության – Արդյոք ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանին ԵԽԽՎ պատվիրակությունից
հանելու «Արդարության» որոշումը սովորական արարողակարգային հա՞րց էր, թե՞ այնուամենայնիվ
դա քաղաքական հաշվեհարդար էր: – «Արդարություն» խմբակցությունն իրավունք ուներ
x-ին փոխարինել y-ով, եւ կանոնակարգային առումով որեւէ խնդիր չկա: Սակայն սա հարցի
իրավական կողմն է: Իսկ քաղաքական կողմը շատ պարզ է՝ սա միանշանա՛կ քաղաքական հաշվեհարդար
էր, որի պատճառն այն է, որ ԱԺԿ-ի դիրքորոշումը սահմանադրության փոփոխությունների
ամբողջ գործընթացում տարբերվում էր «Արդարություն» դաշինքի մյուս կուսակցությունների
դիրքորոշումից: – Արշակ Սադոյանը ենթադրել է, թե Շավարշ Քոչարյանն ինքնակամ
չհրաժարվեց ԵԽԽՎ պատվիրակությանը մաս կազմելուց, քանի որ իր «պարտավորություններն
այնքան էին, որ նա ստիպված պետք է ներկայացներ, որ ոչ թե ինքն է հրաժարվել, այլ խմբակցությունն
է այդպես քվեարկել»: Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, որ ձեր նախկին կուսակիցն այս
հարցում հանդես է գալիս առավել անհանդուրժող դիրքերից: – Մեր կուսակցությունը
վաղուց արդեն լուրջ չի ընդունում Արշակ Սադոյանի որեւէ՛ հայտարարություն: Ինչպես
ինքն է սիրում հաճախ կրկնել՝ «լեզվի տակ ոսկոր չկա», եւ այս դեպքում դա Սադոյանի
վրա տարածվում է 100 տոկոսով: Նրա անհանդուրժողականության պատճառը երեւի այն
է, որ հիմա կարող է ցույց տալ, թե բացի իրենից դաշինքում կան նաեւ այլ կուսակցություններ
ու քաղաքական գործիչներ, որոնք շեղվում են «Արդարության» գծից: Բայց եթե «Արդարությունը»
լիներ հետեւողական, ապա առաջին հերթին պետք է զբաղվեր Արշակ Սադոյանի հարցով, որը
սահմանադրական փոփոխությունների գործընթացում խախտեց բոյկոտը եւ ներկայացրեց մի ծիծաղելի
նախագիծ, որն ընդդիմությանը խայտառակ արեց ամբողջ Եվրոպայի խորհրդում: Իսկ հիմա իր
համար երեւի հաճելի պահ է ստեղծվել չարախնդալու «Արդարության» մեկ այլ գործընկերոջ
վրա: – Դեռ նոյեմբերի 3-ին էիք «Հայելի» ակումբում կանխատեսել, թե ընդդիմությունը
պարտվելու է եւ «որեւէ հեղափոխություն չի լինելու հանրաքվեի արդյունքում»: Կարելի՞
է արդեն արձանագրել, որ կախարդի դերում հայտնված ԱԺԿ-ի այս կանխատեսումն իրականացել
է, թե՞ պետք է սպասել մինչեւ ձեւավորվի «Հայաստան» կոմիտեն եւ միասնական ընդդիմությունն
իրականացնի խոստացված ծրագիրը: – Սկսենք նրանից, որ չկա՛ միասնական ընդդիմություն:
Կարծում եմ՝ «17+8» դաշինքը չունի ապագա եւ շատ արագ փլուզվելու է: Հայտնի է, որ
կան մեծ հակասություններ այդ ձեւաչափի եւ ՀԺԿ-ի միջեւ: Կանխատեսելու համար,
թե չի լինելու հեղափոխություն՝ պարզապես պետք էր ունենալ առողջ բանականություն: Եվ
որեւէ կախարդական կամ մոգական հատկություններ չպետք է ունենար մարդը, որ հասկանար,
թե հեղափոխության համար ընդդիմությունը չունի որեւէ իրական հնարավորություն: Իհարկե,
ճիշտ կլինի սպասել, որ ուրբաթ օրն էլ տեղի ունենա հերթական «վճռական» հանրահավաքը,
որից հետո արդեն հստակ հնարավոր կլինի փաստել, թե 2005-ին էլ Հայաստանում տեղի չունեցավ
հեղափոխություն: Ըստ էության, ԱԺԿ-ի հակասությունն «Արդարության» այլ կուսակցությունների
բացարձակ մեծամասնության հետ հենց այդ էր, որ ինչ-որ անհասկանալի «լավատեսությամբ»
մեր ընդդիմախոսները կարծում էին, թե հանրաքվեի արդյունքների կեղծումից հետո տեղի
է ունենալու ժողովրդական ընդվզում: Բայց մենք տեսանք, որ այդ ընդվզումը տեղի չունեցավ:
Ու չէր էլ կարող տեղի ունենալ, քանի որ եթե «Արդարությունը» նման մարտավարություն
էր ընտրում՝ պիտի նախ բացատրեր ժողովրդին, թե ինչ է գործող Սահմանադրությունում գրված,
ինչ է առաջարկում իշխանությունը, ինչի հետ համաձայն չէ ընդդիմությունը եւ ինչ է դրա
դիմաց առաջարկում: Այս դեպքում ժողովրդի համար պարզ կլիներ, որ սահմանադրական փոփոխությունների
հարցը վճռորոշ է երկրի ժողովրդավարական զարգացման համար: «Արդարությունը», ցավոք,
այս ուղղությամբ չարեց որեւէ քայլ: Կատարվեցին կիսաքայլեր՝ արդեն միայն հանրաքվեի
քարոզարշավի շրջանակներում, բայց ժամանակն արդեն կորսված էր: Կորսված էր նաեւ սահմանադրական
փոփոխությունների նախագիծը բարելավելու փայլուն հնարավորությունը, որն ընձեռվեց հունիսին,
ընդ որում՝ հենց ԱԺԿ-ի ջանքերով: – Եթե 2003-2004-ին ընդդիմության պարտությունը
բացատրում էին սուբյեկտիվ՝ մասնավորապես Ստեփան Դեմիրճյանի անվճռականության պատճառով,
ապա այս անգամ տեղի ունեցածն օբյեկտի՞վ գործընթացների հետեւանք էր: – Կարծում
եմ, թե միանշանա՛կ սուբյեկտիվ գործընթացների հետեւանք էր: Ըստ էության, 2004-ի ապրիլի
12-13-ի դեպքերից հետո առնվազն «Արդարությունը» չիրականացրեց որեւէ հետեւողական քաղաքականություն:
Շարունակեց բոյկոտն ԱԺ-ում, որն արդեն դարձել էր անհասկանալի, դրա դիմաց ժողովրդին
չառաջարկվեց որեւէ այլընտրանք, եւ ընդամենը պարբերաբար հայտարարություններ էին արվում,
թե մենք միեւնույն է՝ հաղթելու ենք: Հետո էլ փորձեցին հանրաքվեն օգտագործել
իբրեւ առիթ իշխանափոխություն իրականացնելու համար: Ըստ էության, «Արդարություն» դաշինքում
լուրջ քննարկումներ տեղի չունեցան այս կապակցությամբ, չնայած Շավարշ Քոչարյանը մի
քանի անգամ փորձել էր նախաձեռնել նման քննարկումներ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ պետք
է ժողովուրդը հենց այնպես դուրս գա փողոց եւ իրականացնի իշխանափոխություն: Որ երկրում
իշխանությունը բռնազավթված է, որ երկրում ե՛ւ սոցիալական վիճակն է շատ ծանր, ե՛ւ
ԼՂ հարցում անբարենպաստ զարգացումներ են ուրվագծվում՝ ակնհայտ է բոլորիս համար: Բայց
մյուս կողմից՝ ընդդիմությունը պետք է աշխատեր ժողովրդի հետ, որ այն իր հույսը կապեր
հենց այս ընդդիմության հետ: Սակայն «Արդարությունը» որեւէ բան չարեց եւ, հանրաքվեին
չմասնակցելու կոչ անելով, ըստ էության, որեւէ կերպ չառաջնորդեց ժողովրդին: Եթե ժողովուրդը
հանրաքվեն բոյկոտած լիներ «Արդարության» կոչով՝ միահամուռ կարձագանքեր նաեւ դաշինքի՝
հեղափոխություն անելու կոչերին եւ հանրահավաքային մարտավարությանը: – Վերապահում
անենք, որ հեղափոխության կոչեր անում էր «Հանրապետությունը» եւ «Արդարության» այն
կուսակցությունները, որոնք միավորված էին «18+8» ձեւաչափում: – Սակայն ամբողջ
«Արդարություն» դաշինքն էլ լռելյայն ենթարկվեց Արամ Զավենի Սարգսյանի քաղաքական գծին:
Եվ սահմանադրական փոփոխությունների գործընթացում «Արդարության» պարտությունը հենց
պայմանավորված էր նրանով, որ որեւէ լուրջ քննարկում այս հարցի շուրջ տեղի չունեցավ
դաշինքում: Բոլորն ի սկզբանե հասկանալի այն սխալ կարծիքին էին, թե հանրաքվեն պետք
է օգտագործել իբրեւ միջոց՝ իշխանության հետ հարաբերություններ պարզելու համար: Հարցազրույցը
վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել