Այս
կարծիքին է Վիկտոր Դալլաքյանը – Պարոն Դալլաքյան, մինչեւ ե՞րբ է ընդդիմությունը
պատրաստվում հանրահավաքներ անցկացնել, չե՞ք նկատում, որ այլեւս մարդիկ չեն գալիս
Մատենադարանին հարող հրապարակ: – Դաշինքի նիստերում ասել եմ, որ 27-ից հետո
երկու-երեք հանրահավաքները ճիշտ էին, քանի որ ստեղծված իրավիճակին պետք է գնահատականներ
տրվեին: Նախորդ հանրահավաքից առաջ ես արդեն առաջարկել էի սահմանափակել հանրահավաքային
գործընթացը, քանի որ մեր հիմնական նպատակը ստեղծված իրավիճակին գնահատականներ տալն
էր: Կա մի պարզ խնդիր. իշխանությունները փոխանակ ամաչեն, չեն թաքցնում, որ այնքան
են ահաբեկել բնակչությանը, որ մարդիկ հանրահավաքի չեն գալիս: – Դուք հիմա
մեղքը գցում եք իշխանությունների վրա, բայց հասարակությունն այլեւս չի հավատում ընդդիմությանը:
– Մեղքը որեւէ մեկի վրա գցելու խնդիր չկա, ես ուղղակի փորձում եմ վերլուծել
իրավիճակը, եւ համոզված եմ, որ իմ փաստարկները ձեզ կհամոզեն եւ կարող են հիմնավորված
թվալ: Մարդիկ զգում են, որ անպաշտպան են եւ հանրահավաքի չեն գալիս: Դուք վստահ չե՞ք,
որ եթե մարդիկ իմանան, որ մահակներ չեն լինելու, որ փշալարեր չեն լինելու, ջրցան
մեքենաներ չեն լինելու՝ փողոց դուրս կգան: Ես չեմ ասում ընդդիմության կոչով, ես ասում
եմ, որ այդ մասսան իրոք չի ընդունում իշխանություններին, եւ հանրաքվեի բոյկոտը հենց
դա է ցույց տալիս: Համաձայն եմ ձեր այն հարցադրմանը, որ կա որոշակի հիասթափություն,
բայց ընդդիմությունը այդ 90 տոկոս զանգվածի ատելությունը եւ իշխանություններին մերժելը
պետք է կարողանար օգտագործել: Սա արդեն ուրիշ խնդիր է: Ինչ վերաբերում է ելույթներ
ունենալուն եւ տուն ուղարկելուն, այո, այդ պրոբլեմը գոյություն ունի: Երբ ես ասում
եմ, որ հանրահավաքային պայքարը պետք է որոշակի փուլում ավարտել՝ ելնում եմ հենց այն
կանխավարկածից, որ Հայաստանի տիպի բռնապետական երկրում հանրահավաքներով խնդիր չի
լուծվում, եւ սա պետք է ազնվորեն ասել ժողովրդին: Իշխանափոխություն կարող է տեղի
ունենալ մի քանի գործոնների պարագայում, բնականաբար՝ հիմքը ժողովրդի ակտիվությունն
է, երկրորդը՝ ներկոալիցիոն փոխհարաբերությունները, որոնք, մեղմ ասած, թշնամական են,
եւ, ըստ էության, կոալիցիայի յուրաքանչյուր կողմ 2006-ը պատկերացնում է որպես տրամպլին՝
2007-ի խորհրդարանական ընտրությունների: Երրորդը արտաքին քաղաքական իրավիճակն է:
Միայն մեկ օրինակ բերեմ: Երբ Գուլիեւին ԱՄՆ-ից բերեցին, Ուկրաինայում ձերբակալեցին,
հետո բաց թողեցին՝ այդ ամենը հենց այնպես չեղավ, ես այդ ամենը դիտարկում եմ որպես
մի ամբողջություն: Եթե Գուլիեւին բերեին Ադրբեջան, Ալիեւին կփոխեին, սա ակնհայտ էր:
Բայց այդ պահին խնդիրն այլ էր՝ Գուլիեւին ցույց տվեցին եւ, կոպիտ ասած, Ալիեւին դրանով
վախեցրին, ասելով՝ քեզ խելոք պահիր, կարող ենք նաեւ այսպիսի փոփոխություն անել: Դրանից
հետո ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի ԱԳ նախարար Դմիտրի Ռյուպելը հայտարարեց, որ
ձեռնտու է Ադրբեջանում պահպանել կայունությունը, իսկ սա նշանակում է՝ պահպանել ռեժիմը,
քանի որ Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծմանը մոտ ենք, եւ 2006-ին դա պետք է տեղի
ունենա: Ինձ համար արդեն պարզ էր, որ միջազգային հանրությունը ասիմետրիկ վերաբերմունք
է ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ: Սխեման հետեւյալն էր. ընտրություններով
թուլացնել Ալիեւին՝ օգտագործելով ընդդիմությանը, հանրաքվեի միջոցով ավելի թուլացնել
Քոչարյանի ռեժիմը, եւ այս երկու թուլացածներին լուծումներ պարտադրել: Հետեւաբար,
գործողություններ պետք է կատարել՝ այս ամենը հաշվի առնելով: Իսկ այս իրավիճակում
ակնհայտ է, որ 2005-ին իշխանափոխության հնարավորություններ չկան, եւ դա պետք էր պարզ
ասել ժողովրդին: Եթե այս ընթացքում ընդդիմությունը կտրուկ քայլերի գնար, իշխանությունները
ավելի ստոր մեթոդներ կկիրառեին, քան ապրիլի 12-13-ին: Ինչո՞ւ, որովհետեւ ակնհայտ
է, չէ՞, որ հավատարմագրված դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ քարոզչությամբ
էին զբաղված, եւ այդ դիրքորոշմամբ իրենք խրախուսեցին ընտրակեղծիքները: Այլ խնդիր
է, որ ընտրակեղծիքների կազմակերպիչները չափն անցան, եւ դրանով Քոչարյանը փչացրեց
կոալիցիային, որպեսզի ավելի կառավարելի դարձնի: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ