Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԹՈՂ

Դեկտեմբեր 13,2005 00:00

«ԹՈՂ ՀԱՅ ԵՐԳԸ ՉՄՆԱ ԳԱՂԹՕՋԱԽՆԵՐՈՒՄ» Հայաստանի հանրային հեռուստատեսության եւ «Փարիզյան սուրճի» հրավերով ֆրանսահայ սիրված երգչուհի Ռոզի Արմենին 14 տարի անց հայաստանցիներս կհանդիպենք տարեմուտի հանդեսին: Երգչուհին սիրով համաձայնեց զրուցել «Առավոտի» հետ: Ավագ եւ միջին տարիքի արվեստասերներին հիշեցնենք, իսկ երիտասարդ սերնդին համառոտ տեղեկացնենք Ռոզի Արմենի բեմական կյանքի մասին: Երգչուհին բեմ է բարձրացել 1958թ., իսկ առաջին անգամ հայրենիք համերգային շրջագայությամբ այցելել 1965թ.: Առաջին ձայնասկավառակը թողարկել է 1961-ին, հիմա դրանց հաշիվը չի հիշում: Մենահամերգներով հանդես է եկել աշխարհի երկրներում, երգացանկում ունենալով հիմնականում ֆրանսիացի եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Վերջիններիս թիվը գերազանցում է երեք տասնյակը: Հետաքրքրությանը, թե ովքե՞ր էին այն առաջին հայ կոմպոզիտորները, որոնք վստահեցին իրենց երգերը Ռ. Արմենին, երգչուհին ջերմորեն հիշեց Արամ Խաչատրյանին եւ Առնո Բաբաջանյանին. «Որ երկրում էլ որ ելույթ ունենամ, մի տեսակ ուրիշ հպարտությամբ եմ արտաբերում Խաչատրյան ու Բաբաջանյան ազգանունները: Առայսօր հիշում եմ նրանց խոսքը՝ երգը պետք է մատուցվի հոգով կամ՝ երգն էլ հոգի ունի»: Մտովի ետ գնալով իր կարիերայի սկիզբը, տիկին Ռոզին պատմեց, որ իր ստեղծագործական ճանապարհի անփոխարինելի ընկերը ամուսինն էր. «Հանգուցյալ ամուսինս՝ Ժորժ Բեդրոսյանը վաճառական էր եւ չեք պատկերացնի՝ ինչ մեծ է նրա ավանդը իմ երգարվեստում»: Երգչուհին ասածը մանրամասնելով հայտնեց, որ ամուսինը անգամ «ձգել» է գործը՝ իրեն օգնելու նպատակով: «Ամուսնության առաջին տարիներին բարդ էր: 9 ամիս դրսում էի՝ հյուրախաղերի, թեպետ երազում էի մայրանալ: Եվ մի օր ամուսինս ինձ ասաց՝ եթե պատրաստվում ենք երեխա ունենալու, իմացած եղիր, որ նրան մայրական գուրգուրանք է հարկավոր: Շատ լուրջ պատրաստվեցի առաջին զավակս լույս աշխարհ բերելուն, բայց, շիտակ ասած՝ մտքիս մեջ անընդհատ երգն էր: Չէ՞ որ այն պետք է լինի երգչի, կատարողի անձի անբաժանելի մասը, հոգին: Այսօր արդեն ուրախ եմ, որ ունեմ Արմեն ու Րաֆֆի: Մեծ զավակս՝ Արմենը, գնաց իմ ճանապարհով: Նա կոմպոզիտոր է, առավել հայտնի իր կինոերաժշտությամբ: Իսկ կրտսեր զավակս ընտրեց հոր ուղին: Անցյալ տարի, երբ առավել գիտակից տարիքում՝ 32-ում Արմենս եկավ հայրենիք, շարունակ երազում էր համագործակցել հայկական ֆիլմարտադրողների հետ»,- հայտնեց տիկին Ռոզին: Երգչուհուց չէինք կարող չհետաքրքրվել արտերկրում, մասնավորապես Ֆրանսիայում այսօր էստրադային երգարվեստը ներկայացնող հայ երգիչների մասին: «Դժբախտաբար, երիտասարդ երգիչներին չեմ ճանաչում, նրանց չեմ հանդիպել Ֆրանսիայում: Իսկ ընդհանրապես աշխարհն աչքիս փոխվել է, մի տեսակ բացվել է ու, կարծում եմ, որ հայաստանցի երիտասարդներն էլ նմանվել են աշխարհի իրենց հասակակիցներին: Ես շատ կուզեի, որ Հայաստանը, հայերս մեր դեմքը չկորցնեինք: Թե չէ ստացվում է, որ աշխարհում ընդամենը մի ժողովուրդ, մի ազգ է ապրում, քանի որ բոլորն իրար նման են»,- նկատեց երգչուհին: Թեպետ Ռ. Արմենը առայժմ չի ճանաչում էստրադայի հայ երիտասարդ կատարողներից ոչ մեկին, բայց տեսնելով, որ աշխարհում տենդենց կա նմանակել կամ ընդօրինակել այս կամ այն անուն հանած երգչին, խորհուրդ է տալիս, որ մեր երգիչները զերծ մնան դրանից: «Հայերս այնպիսի հարուստ ներաշխարհ ունենք, այնպիսի մեղեդիներ, ի վերջո՝ դարավոր մշակույթ, որ ուրիշներին նմանակելու կարիք չունենք: Երգարվեստը չպետք է շփոթել նորաձեւության հետ: Միանշանակ պետք է բեմ դուրս գալ հային բնորոշ զգեստով, երգը ներկայացնել հային հատուկ հարուստ հոգով»,- զրույցի ավարտին իր հարուստ բեմական փորձից խորհուրդ տվեց Ռոզի Արմենը: Զրույցի ընթացքում քանիցս հնչեցրած հարցը, թե խորհրդային տարիներին ինքն ավելի հաճախ էր այցելում հայրենիք, քան անկախության հռչակումից հետ, երգչուհին շրջանցում էր, հայտնելով միայն, որ իր բացակայության 14 տարիների ընթացքում բուռն բեմական գործունեություն է ծավալել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, Ամերիկայում եւ Ռուսաստանում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել