ՎԵՐՋԸ ԴԵՄԻՐՃՅԱՆԸ ԳՐԱՎԵՑ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՏԵՂԸ Բայց ոչ թե Ռոբերտի, այլ՝ Շավարշի Որ «Արդարություն» դաշինքի ու խորհրդարանական համանուն խմբակցության անդամ, ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանի գլխին սեւ ամպեր են կուտակվել հենց դաշինքի ներսում՝ ակնհայտ էր դեռ մի քանի ամիս առաջ, երբ Շ. Քոչարյանն ակտիվ գործունեություն էր ծավալել սահմանադրական փոփոխությունների նախագծի շուրջ, մասնավորապես՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի շրջանակներում, հրապարակել էր նախագծին վերաբերող գնահատականներ, որոնք, սակայն, չէին կիսում «Արդարություն» դաշինքի անդամ մնացած ուժերը: Մի խոսքով, ներդաշինքային լարվածությունը հասել էր այն աստիճանի, որ վերջերս հարց էր դրվել Շ. Քոչարյանին ԵԽԽՎ-ում հայաստանյան խորհրդարանական պատվիրակությունից ետ կանչելու մասին: Դաշինքի օրակարգում եղած այս հարցադրումը երեկ լուծվել է ինքնաբերաբար: Պատեհ առիթ էր եղել այն, որ ԵԽԽՎ-ում ՀՀ խորհրդարանական պատվիրակությունների անդամների հավատարմագրման ժամկետը լրանում էր, ու ԱԺ նախագահը դիմել էր խմբակցությունների ղեկավարներին՝ այդ պատվիրակության կազմում իրենց թեկնածուներին ներկայացնելու համար: Երեկ «Արդարություն» խմբակցության հերթական նիստում քննարկելով այդ հարցը՝ Ստ. Դեմիրճյանն առաջարկել է Շ. Քոչարյանին թողնել պատվիրակության կազմում, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ կարծիք է հայտնել, թե Շ. Քոչարյանին փոխարինելն այս պահին նպատակահարմար չէ: Բայց, ի վերջո, որոշում էր կայացվել, որ «Արդարություն» խմբակցության տեսակետը Ստրասբուրգում այսուհետ պետք է ներկայացնի խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը: Ու թեեւ որոշումը, ըստ խմբակցության մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանի, կայացվել էր նիստին մասնակցած բոլոր 9 պատգամավորների կողմից միաձայն, այդուհանդերձ, խմբակցության նիստին չեն մասնակցել ՀԴԿ նախագահ Արամ Գ. Սարգսյանը, ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը, ով, ինչպես հայտնի է, ընդհանրապես հրաժարվել է խորհրդարանի շենք ոտք դնել: Քվեարկությանը չէր մասնակցել ինքը՝ Շ. Քոչարյանը, թեեւ առարկություններ էլ մինչ այդ չէր ունեցել: ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում կարծիք է հայտնել, թե Ստ. Դեմիրճյանը հենց սկզբից էլ ինքը պետք է լիներ պատվիրակության անդամ, թեեւ ժամանակին ինքն էր առաջարկել Շ. Քոչարյանի թեկնածությունը: Գ. Հարությունյանը ձեռնպահ է մնացել Շ. Քոչարյանի՝ պատվիրակության կազմում կատարած աշխատանքը գնահատելուց, բայցեւ նկատել է, թե Ստ. Դեմիրճյանն ավելի լավ կաշխատի: Խմբակցության անդամ, ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանն էլ երեկ կարծիք էր հայտնել, թե Շ. Քոչարյանի կողմից «ծրագրված կերպով փորձ էր արվել երկար ժամանակ ԵԽ ներկայացուցիչներին թյուրիմացության մեջ գցել: Երբ այդ գիծը բոլորի համար ակնհայտ դարձավ, բնականաբար, ընդդիմությունը չէր կարող դա հանդուրժել»: Ըստ Ա. Սադոյանի, Շ. Քոչարյանին առաջարկվել էր ինքնակամ հրաժարվել պատվիրակության անդամ լինելուց, բայց նա դա չի արել՝ հայտարարելով, թե կսպասի իր գործընկերների քվեարկության արդյունքներին: Իսկ «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանն էլ «Ա1+»-ին հորդորել էր հարցի շուրջ աժիոտաժ չստեղծել. «Նրանք (խմբակցության անդամները- Ն. Մ.) են այդպես նպատակահարմար գտել»: Շ. Քոչարյանի գնահատմամբ, ԱԺԿ-ն հայտնվել է վհուկի կարգավիճակում, բայց կայացված որոշմանն ինքն ըմբռնումով է վերաբերվում: Միաժամանակ, Շ. Քոչարյանի ասելով, որոշման շարժառիթն այն է եղել, որ ԱԺԿ-ի եւ դաշինքի մյուս անդամ կուսակցությունների դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեի եւ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ տարբեր են եղել: Այդուհանդերձ, ըստ նրա, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակությունում իրեն փոխարինելու մասին որոշմամբ «Արդարություն» խմբակցությունը մեծ կորուստ կրեց՝ ՀՀ պատվիրակությանը զրկելով այդ կառույցում մի շարք պաշտոններ ունենալու հնարավորությունից, որոնք, բնականաբար, առաջիկայում հենց ինքը պետք է ներկայացներ: Շ. Քոչարյանի ասելով, ի սկզբանե ակնհայտ էր, որ հանրաքվեն կեղծվելու է, եւ պետք չէր սպասել, որ կեղծեն, հետո ասել, թե տեսաք՝ կեղծեցին. «Ոչ հասարակության մեջ կար համապատասխան մթնոլորտ, ոչ էլ ընդդիմության ռեսուրսներն էին թույլ տալիս արդյունավետ վերահսկել եւ բացահայտել բոլոր այն կեղծիքները, որոնք կատարվեցին: Առավել եւս չկար ռեսուրսը՝ օգտագործել հանրաքվեի օրը հեղափոխություն անելու համար: Նման գծի ընտրությունը բերեց նրան, որ մենք հայտնվեցինք շատ ծանր վիճակում. է՛լ ավելի հիասթափված ժողովուրդ, իր դիրքերն ու վստահությունն է՛լ ավելի կորցրած ընդդիմություն եւ որպես արդյունք՝ է՛լ ավելի ուժեղացած ռեժիմ»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ