Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անտարբերությունը դավաճանությունից վատն է»

Դեկտեմբեր 13,2005 00:00

Կարծում է ռեժիսոր Հարություն Խաչատրյանը
Երեկ Փարաջանովի տուն-թանգարանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի
կազմակերպիչները հանդիպեցին լրագրողների հետ՝ տեղեկացնելու, որ արդեն սկսվել են հուլիսի
10-15-ը կայանալիք 3-րդ՝ «Ոսկե ծիրան-2006»-ի աշխատանքներն ու բանակցությունները
արտերկրի կինոգործիչների հետ: Հաջորդ տեղեկությունը, բնականաբար, վերաբերում էր փառատոնի
գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանի «Պոետի վերադարձը» ֆիլմի համաշխարհային պրեմիերային:
Աշուղ Ջիվանու մասին պատմող այս ֆիլմի պրեմիերան կկայանա 2006-ի հունվարին նախ Ռոտերդամում,
այնուհետեւ Գյոթեբորգի եւ Թեհրանի միջազգային կինոփառատոներում: Հարություն
Խաչատրյանը ոչ մասնագետ լրագրողներից դժգոհելուց հետո, այնուամենայնիվ, խոստացավ
այս անգամ սերտորեն համագործակցել լրատվամիջոցների հետ: «Սխալներ ունեցանք թարգմանիչների,
նրբանկատության հետ կապված: Փառատոնի փակմանը լրագրողները ինչ-ինչ պատճառներով ներկա
չեղան ու դժգոհ մնացին»,- ասաց նա ու խոստացավ, որ հաջորդ փառատոնին շատ թերություններ
շտկված կլինեն: Երեկ ասուլիսը լուսաբանող լրագրողներին բաժանվել էր թղթերի տրցակ,
ուր արտերկրի կինոաշխարհի մարդկանց, փառատոնի հեղինակավոր հյուրերի կարծիքներն էին
«Ոսկե ծիրանի» մասին: «Դրանք անկեղծ կարծիքներ են, ոչ թե հայկական բարեկամության
կամ խնամիության արդյունք… Օրինակ, եթե ռուսական մամուլը, որ միշտ մեծամտորեն է
խոսում նախկին ԽՍՀՄ հանրապետությունների փառատոների մասին, շատ լավ է գրել, գավառացու
վրա վերեւից նայելու մեծամտությունը այս փառատոնից հետո կարծես վերացել է»,- նշեց
պրն Խաչատրյանը: Հ. Խաչատրյանի խոսքերով, 2006-ի փառատոնում «իշխանափոխություն»
չի լինի: Դարձյալ փառատոնի նախագահը Ատոմ Էգոյանն է, պատվավոր նախագահը ԱԳ նախարար
Վարդան Օսկանյանը, Կազմկոմիտեի նախագահը Ռոլանդ Շառոյանը: Փառատոնի ծրագրերի
պատասխանատու Միքայել Ստամբոլցյանը նույնպես շեշտեց մամուլի հետ ճիշտ աշխատանքի կարեւորությունը:
«Արդեն արձագանքներ կան, արդեն ֆիլմեր են գալիս: Ընտրում ենք 2005թ. լավագույն ֆիլմերը»:
Նա ասաց, որ գուցե փառատոնում փոփոխություններ լինեն փետրվարի սկզբին, երբ Հ. Խաչատրյանը
վերադառնա Ռոտերդամի, իսկ փառատոնի գեղարվեստական մասի պատասխանատու Սուսաննա Հարությունյանը՝
Գյոթեբորգի, իսկ ինքը՝ Թեհրանի փառատոներից: «Այդ փառատոները հնարավորություն կտան
անմիջականորեն շփվել ու Երեւան հրավիրել հետաքրքիր մարդկանց, մի բան, որ դժվար է
անել փոստային կապի միջոցով»,- ասաց պրն Ստամբոլցյանը: Անդրադարձ եղավ նաեւ
«Հայֆիլմի» վաճառքին եւ դրա հետեւանքներին: «Մեր բոլոր ֆիլմերը, որ ավարտվել են անցած
տարի, կարծես թե տեր չունեն: Այնքան վայրիվերո եւ չմտածված վաճառվեց «Հայֆիլմը»,
այնքան տգեղ ձեւով…Միգուցե պետք էր վաճառել, ոչ ոք դեմ չի, որ ծերացած, մաշված
հիմնարկները պետք է վաճառվեն: Բայց մյուս կողմից մարդկանց 90%-ը, ովքեր ժամանակին
ցանկանում էին, որ «Հայֆիլմը» վաճառվեր, հիմա փողոցում են հայտնվել… Իսկ ավարտված
ֆիլմերը չգիտես՝ ովքեր պետք է տպեն… Մշակութային անտարբերությունը ավելի վատ է,
քան ռազմական պայմաններում դավաճանությունը»,- հայտարարեց Հարություն Խաչատրյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել