Մերոնք ուսումնասիրել են լեհական փորձը «Ինֆորմացիայի
ազատության կենտրոն» հ/կ-ն ուրբաթ օրը 2005 թվականի ամենափակ ու ոչ հրապարակային
գերատեսչություն ճանաչեց Երեւանի եւ Գյումրիի քաղաքապետարանները: Իսկ «Տարածաշրջանային
զարգացման կենտրոն /Թրանսփարենսի ինթերնեշնլ Հայաստան» հ/կ-ն այս տարի իրականացրել
է «Ոչ կոռուպցիային. Տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքացիական վերահսկողություն»
ծրագիրը, ինչի շրջանակներում Հայաստանի որոշ համայնքների ղեկավարներ մեկնել են Լեհաստան՝
ուսումնասիրելու այդ երկրի փորձը՝ համայնքային կոռուպցիայի դեմ պայքարում: Ինչպես
գիտենք՝ Լեհաստանը եւս խորհրդային ռեժիմին հատուկ կոռուպցիոն դրսեւորումներով էր
հայտնի, սակայն մեր հայրենակիցները երեկվա հանդիպման ժամանակ փաստում էին, որ շնորհիվ
պետական պաշտոնյաների քաղաքական եւ բարոյական կամքի ու, միաժամանակ, հասարակության
ակտիվ մասնակցության (ինչը, ըստ բանախոսների, Հայաստանում իսպառ բացակայում է)՝ Լեհաստանն
այսօր իր վրայից բավականաչափ թոթափել է կոռուպցիայի լուծը: Աշտարակի քաղաքապետարանի
աշխատակազմի ղեկավար Գեւորգ Եղիազարյանը նշեց, որ լեհական մոդելի հիմքում ընկած են
թափանցիկությունը, կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականությունը, պատասխանատվության
զգացումը, հաշտվողականությունը, պրոֆեսիոնալիզմը եւ կանխատեսելիությունը: Վերջինս
նշանակում է, որ յուրաքանչյուր համայնք իր կայքում (ցավալիորեն նշվեց, որ մեր համայնքները
ոչ միայն կայք չունեն, այլեւ ինտերնետից օգտվելն էլ աշխատողների համար մեծ հաճույք
է համարվում) նախապես տեղադրում է հետագա գործողությունների, ծրագրերի ցանկը, որպեսզի
ցանկացած ոք, հասարակ քաղաքացուց սկսած, կարողանա ներկայացնել իր առաջարկներն այդ
հարցի շուրջ: Մեր պատվիրակության անդամները խանութներում, սրճարաններում, ամենուր
հանդիպել են ինչ-որ բուկլետների, որոնք, ինչպես հետո է պարզվել, եղել են համայնքների
ամսական հաշվետվությունները, որոնք տպվում են բուկլետներով ու անվճար տարածվում:
«Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ ուսուցման կենտրոն» հ/կ նախագահ Գրիշա
Խաչատրյանը ներկայացրեց լեհական համայնքներում առկա տեղեկատվական համակարգի մոդելը,
որում ակտիվորեն ներգրավված են հ/կ-ներ, քաղաքացիներ՝ իրենց իսկ բնակարաններից, ովքեր
ակտիվորեն մասնակցում են համայնքային գործերին: Այս մոդելը, ի դեպ, պետք է ներդրվի
Չարենցավանում: Իբրեւ օրինակելի համայնք՝ նշվեց Իջեւանը: Պարզվում է՝ այստեղ
ավագանու նիստեր գումարելուց առաջ այդ մասին հայտարարություն է լինում տեղական հեռուստատեսությամբ
եւ թերթերով, իսկ ցանկացողները մասնակցում են նիստերին, ուր քննարկվում են համայնքին
վերաբերող բոլոր հարցերը: Այնուհետեւ այս նիստերը հեռարձակվում են հեռուստատեսությամբ:
«Հայաստանի ավագանիներ» հ/կ նախագահ Արայիկ Հովհաննիսյանը նշեց, որ այսօր շատ քիչ
համայնքներ են կատարում նույնիսկ օրենքի պահանջը, այն է՝ հրապարակել համայնքի բյուջեն.
«Կարծես թե այդ բյուջեները համայնքների ղեկավարների համար են»: Երեկ կոռուպցիայի
դեմ պայքարի գործում նվաճումների համար «Թրանսփարենսի ինթերնեշնլի» նախագահ Ամալյա
Կոստանյանը 2005թ. մրցանակը հանձնեց «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Հայկ Գեւորգյանին:
2004թ. այդ մրցանակը շնորհվել էր «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությանը:
Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ