Ըստ
իրավաբան Տիգրան Տեր-Եսայանի, այս շղթայի մեջ է մեր արատների գլխավոր պատճառներից
մեկը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել
Բաբայանի մուտքը հայկական քաղաքական դաշտ, հայ քաղաքական էլիտայի օվացիաները՝ ուղղված
Ս. Բաբայանին, «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանին ստիպել են
վերհիշել հնգամյա վաղեմության դեպքեր: «Այն ժամանակ, երբ Ս. Բաբայանին ձերբակալեցին
ու նրա նկատմամբ մի շարք հակաօրինական գործողություններ էին իրականացնում, երբ առանց
որեւէ տրամաբանության անգամ հերոսի կոչումից էին զրկում՝ ո՞ւր էին այդ քաղաքական
գործիչները, ինչո՞ւ էին լռում: Նույնիսկ այն ժամանակ, երբ հենց նույն «Առավոտը» գրում
էր այդ ամենի մասին, ինչի արդյունքում հետապնդումներ սկսվեցին թերթի թղթակցի նկատմամբ
եւ միայն խմբագրի ամուր կամքի ու նյարդերի շնորհիվ հարցը լուծում գտավ, այդ քաղաքական
գործիչներից որեւէ մեկը որեւէ կարծիք չարտահայտեց: Ի՞նչ է, օրենքը թո՞ւյլ էր տալիս
նման ոտնձգություններ: Բազմիցս դիմեցինք եւ ԼՂՀ-ի, եւ Հայաստանի համապատասխան մարմիններին,
ցույց տվեցինք իրավական դաշտը՝ արդյունքը ոչինչ էլ չեղավ»,- երեկ իր մտորումները
«Առավոտի» հետ կիսեց պարոն Տեր-Եսայանը: Այս եւ այլ մասնավոր օրինակների հիման
վրա փաստաբանն իր համար հետեւություն է արել. «Պաշտպանվածությունն ու պարտականությունը
շատ կարեւոր են: Այդ գործոնները եթե ՀՀ-ում պատշաճ ձեւով չկիրառվեն, անկախ նրանից,
օրենքը կատարյալ կլինի, թե անկատար՝ հասարակությունը չի կայանա»: Այս եզրահանգմանը
նպաստել են նաեւ վերջին շրջանում տարբեր ամբիոններից լսվող կարծիքները, թե՝ օրենքը
թերի է, այն պետք է փոխել, ինչի արդյունքում առաջընթաց կապրենք: «Օրենքով տրված է
պարտականություն, նաեւ կա պատասխանատվություն. այդ գործառույթներն իրականացնող մարմինները
հաճախ իրենք են խախտում դրանք: Արդյունքում՝ քաղաքացին կամ իր մասնագիտական աշխատանքը
կատարող անձը մնում են անպաշտպան: Շատ են դեպքերը, երբ օրենսդրական դաշտը հստակ է,
պետական ֆունկցիոներները, պաշտոնյաները կամ ուժային կառույցները ուղղակի խախտում
են օրենքը, եւ նման հարց դնել, որ օրենքները փոխելով մեր կյանքը կլավանա՝ անհեթեթ
է դառնում»,- ասում է փաստաբանը: Քանի որ նույն պատճառաբանությամբ տակավին
վերջերս մեզանում «փոխվեց» նաեւ Սահմանադրությունը՝ «Առավոտի» դիտարկմանն ի պատասխան՝
պարոն Տեր-Եսայանն ասաց. «Նախորդ Սահմանադրության ժամանակ մենք ականատես եղանք մի
շարք իրավախախտումների, մինչդեռ Սահմանադրությունում նման հոդված չկար, որ կարելի
լիներ բռնություններ կիրառել, կեղծիքներ անել ու մնալ անպատիժ»: Ընդհանուր առմամբ,
փաստաբանի գնահատմամբ, բավականին դժվար է Հայաստանում մասնագիտական աշխատանք կատարելը,
քանի որ հաճախակի են բախումները, որոնք, որպես կանոն, մնում են անհետեւանք. «Անպատժելիությունը
բերում է անպատասխանատվության, դա տարիներից եկող խնդիր է, եւ օրենքը ոչ մի առնչություն
չունի: Օրենքի կիրառման խնդիրն է պետք փոխել, այդ ֆունկցիոներներին է պետք փոխել:
Եթե անպատժելիությունը շարունակվի՝ դեռ ավելիին ականատես կլինենք»: Պարոն
Տեր-Եսայանն այն կարծիքին է, որ շատ դեպքերում հարցերը նաեւ պատշաճ հասարակական արձագանք
են ստանում՝ «պարզապես բանի տեղ դնող չկա»: Ի մի բերելով այս ամենը եւ հարցն ավելի
լայն հարթությունում դիտարկելով՝ Տ. Տեր-Եսայանը հանգում է նրան, որ «անգամ Հայաստանի
Հանրապետությունը պաշտպանված չէ: Իշխանությունների կողմից գործառույթներ են կատարվում,
որոնց արդյունքում վտանգվում է պետության պաշտպանվածությունը»: Ն.
ԳՐԻԳՈՐՅԱՆ